News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 27
Տեսնել լրահոսը


Մինչեւ բալային համակարգը ներդնելը անհրաժեշտ էր նախ լուծել Երեւանի փողոցների կահավորման եւ կենտրոնի բեռնաթափման խնդիրը: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Ճանապարհային երթեւեկության արդիական խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Կողմնակից կլինեմ, որ հարբած ղեկին նստելու դեպքում պատժաչափը, որ սահմանված է օրենքի նախագծով, շատ ավելի խստացվի, կողմ կլինեմ, որ մենք քվեարկենք անգամ հարբած ղեկին նստելու դեպքում, միտումնավոր արագություն գերազանցելու դեպքում ընդհուպ քրեական պատասխանատվության հարցը: Բայց երբ ունենք չկահավորված փողոցներ, երբ բացարձակապես հաշվարկված չեն քաղաքի ճանապարհային առանձնահատկությունները.... Թամանյանը այստեղ լիներ, մազերը բիզ-բիզ կկանգնեին. քաղաքը նախատեսված չէ այսքան մեքենաների համար: Սա շատ պարզ է եւ անգամ Շումախերը լիներ, ուղղակի չէր կարողանալու այնպես անել, որ ոչ միտումնավոր որեւէ խախտում չաներ»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է շտկումներ անել՝ հետեւելով միջազգային փորձին:

Ըստ պատգամավորի՝ անգամ եթե գծանշումների, լուսակիրների վրա դեղին լույսի բացակայելու պարագայում վարորդները հնարավորություն ունեն խուսափելու միավորներ կորցնելուց, ապա դա վատնելու է նրանց ժամանակը, քանի որ ստիպված են լինելու որեւէ կերպ ապացուցել այդ փաստը:

Անդրադառնալով օրենքի նախագծին իրենց խմբակցության դեմ քվերակությանը՝ պատգամավորը կարծիք հայտնեց, որ այդ փաստը շահարկվում է:

«Ողջ դիսկուրսի ընթացքում փորձել են խեղաթյուրել խնդիրը, փորձել են ներկայացնել՝ էս բա չե՞ք ուզում, որ կարգուկանոն լինի, էս բա ի՞նչ ա: Փորձ է արվում դեմագոգիկ ժանրով մեզ մեղադրել, որ մենք դեմ ենք քվեարկել օրենքի նախագծին, դա էժանագին պոպոլուլիզմ է»,- ասաց նա:

Տպել
Ամենաշատ