News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մենք ունեինք բացառիկ հնարավորություն նախագահի հեղինակության շնորհիվ Հայաստանում ձեւավորել երկրում հնչեղություն ունեցող հարցերը հանրային համերաշխության պայմաններում լուծելու ավանդույթ: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ալբանիայում քաղաքական սուր ճգնաժամ է, որի կենտրոնում հայտնվել են երկրի նախագահը, իշխող կուսակցությունը եւ Սահմանադրական դատարանը։

Ալբանիայի նախագահ Իլիր Մետան սահմանադրությունը խախտելու համար դատի է տվել երկրի արդարադատության նախարարին եւ եւս երկու բարձրաստիճան պաշտոնյայի։ Նախագահը դիմել է հատուկ դատախազին՝ քննել կառավարությունը ձեւավորած սոցիալիստական կուսակցության կողմից սահմանադրությունը խախտելու հարցը։

Մետան նկատի ունի Ալբանիայի Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրը։ Դատարանի ինը դատավորներից վեցի տեղը թափուր է այն բանից հետո, երբ ստուգման գործընթացը հայտնաբերել է, որ գործող դատավորները չեն կարող ապացուցել, որ իրենց ամբողջ ունեցվածքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով կամ որ իրենք իրենց ողջ կարիերայի ընթացքում համապատասխանել են հակակոռուպցիոն եւ պրոֆեսիոնալ ստանդարտներին։ Նախագահը գտնում է, որ գործընթացը հակասահմանադրական է եւ պայմանավորված է բացառապես քաղաքական շահերով։

Ալբանիայի նախագահի այս վարքագիծը առավել քան անսովոր է մեր հասարակության համար, քանի որ մեր երկրի նախագահը նշանակման պահից ի վեր ընտրել է իշխանության հետ որեւէ հարցում չհակադրվելու, սեփական PR-ով մտահոգվելու եւ բոլոր հարցերում նեղ անձնական շահերով առաջնորդվելու սկզբունքը։

Ալբանիայի նախագահը իր հայտարարության մեջ արձանագրել է, որ երկիրը հայտնվել է միակուսակցականության վտանգի առաջ եւ գործադիրը հիմա էլ ձգտում է վերահսկողության տակ վերցնել Սահմանադրական դատարանը։ Գրեթե հայաստանյան վիճակն է։

Բայց կա մի մեծ տարբերություն. Ալբանիայի նախագահն ունի կարծիք, ունի խիզախություն այն ձեւակերպելու եւ չի թաքնվում լղոզված տեքստերի տակ։

Մենք էլ ունենք գրեթե նախագահ, որը գրեթե միշտ անում է այն ինչ իրեն ասում է իշխանությունը եւ միշտ անում է այն, ինչը տեղավորվում է  իր անձնական շահերի շրջանակներում։ Հայաստանի նախագահը բազմիցս հնարավորություն է ունեցել իրեն դրսեւորելու որպես սահմանադրության երաշխավոր՝ երբ արգելափակում էին դատարանների մուտքերը, երբ ԱԺ ընդունում էր ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման մասին օրենքը, երբ Սահմանադրության կոպիտ խախտմամբ նշանակվում էր հանրաքվե՝ սահմանադրության անցումային դրույթներում հակաիրավական փոփոխություն անելու համար։ Եվ նա միշտ գրեթե լռել է։

Ալբանիայի նախագահը չի օգտվում լիազորությունների սահմանափակության վերաբերյալ արդարացումներից, եւ թեեւ նախագահը պետք է ի պաշտոնե միավորող գործոն լինի երկրում, Մետան կոչ է արել մարտի 2-ին կառավարության դեմ հանրահավաք անցկացնել։

Սա խոսում է նախագահի կողմից երկրի հանդեպ պատասխանատվության որակի, երկրի շահը սեփական հարմարավետությունից բարձր դասելու գիտակցության մասին։ 

Մենք ունեինք բացառիկ հնարավորություն նախագահի հեղինակության շնորհիվ Հայաստանում ձեւավորել երկրում հնչեղություն ունեցող հարցերը հանրային համերաշխության պայմաններում լուծելու ավանդույթ։ Ցավոք այդ հնարավորությունը բաց թողնվեց։

Տպել
Ամենաշատ