News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում հաղթել է երջանիկ անհատ, հոգատար հանրություն եւ հզոր պետություն ունենալու ուղեգիծը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում, նաեւ ասվում է.

«Այս կարգախոսով ժողովրդի վստահության քվեին արժանացած քաղաքական ուժը պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում Հայաստանում  կենսամակարդակի աճի մասին, իսկ ամենավերջին արձանագրումը հետեւյալն էր՝ 2018 թվականի մայիսից մինչ օրս Հայաստանում ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձը, թոշակը կամ նպաստը բարձրացել է: Հպարտանալու ցուցանիշ: Սակայն այս բարձրացման պարզագույն վերլուծությունը բնավ հպարտանալու տեղիք չի տալիս:

«Ժառանգություն» կուսակցությունը փաստում է, որ աշխատավարձի բարձրացումը եղել է ծայրահեղ անհամաչափ եւ աչառու: Հանրությունը պարբերաբար տեղեկանում է կառավարության բարձրաստիճան անդամների աշխատավարձերի  բարձրացումների, անհասկանալի պարգեւավճարների տարափի մասին եւ այս համապատկերում՝ շարքային մանկավարժների ու բժիշկների, գիտնականների ու թոշակառուների, նպաստառուների վարձատրության համեստ հավելումներն են: Ունենք իրավիճակ՝ եվրոպական զարգացած երկրներում նվազագույն եւ առավելագույն աշխատավարձերի միջեւ տարբերությունը յոթնապատիկն է, իսկ  զարգացող Հայաստանում այն քսանապատիկից բարձր է: Այսինքն՝ ոտնահարվում է սահմանադրական հիմնարար դրույթը, թե Հայաստանը սոցիալական պետություն է, որտեղ քաղաքացիներն ունեն արժանապատիվ ապրելու իրավունք, իսկ պետությունը հանրային բարիքի արդարացի վերաբաշխման պարտականություն ունի: 

Այսպես, պաշտոնական տվյալներով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը անցած 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 դրամ կամ մոտ 31 000 ԱՄՆ դոլար աշխատավարձ եւ պարգեւավճար: Անկասկած է, որ մյուս նախարարների վաստակը համարժեք է եղել:

Հարկատուների ջանքերով ստեղծվող համախառն արդյունքը, բյուջետային գումարները  բաշխվում են անըմբռնելի տրամաբանությամբ եւ արդարացումներով, թե այսպես պայքարում ենք կոռուպցիայի դեմ, բարձր աշխատավարձեր՝ որպես կաշառք չվերցնելու եւ լավ աշխատելու երաշխիք: Ընտրված այս ճանապարհը սխալ է եւ անընդունելի:

«Ժառանգությունը» համոզված է, որ անհամակարգ բարեփոխումներով, սոսկ բարի ցանկություններով, համընդհանուր կեղծված սահմանադրությունը որպես հիմք ընդունելով, եւ  հանրաքվեով այդ կեղծիքի հատվածական փոփոխության փորձով չենք հասնելու ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստանի կայացմանը:

Եթե Հայաստանը մեր օջախն է, ժողովուրդն էլ՝ մեր ընտանիքը, ապա առաջ գնանք  ազատ, արդար, իրավական եւ համակարգային բարեփոխումների կայացման ճանապարհով, հանրային ու քաղաքական փոխըմբռնման, արդյունավետ կառավարման նշանաբանով»:

Տպել
Ամենաշատ