News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«ՁԻԱՀ կենտրոնի» աշխատակիցներն աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են գրել, որի տակ արդեն 75 աշխատակից ստորագրել է: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը» «ՆՈՐՔ» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշմանը:

«Կոլեկտիվում 107 աշխատակից կա, ինձ ասացին, որ այստեղ հասնելու պահին դեռ 75-ն է ստորագրել։ Աշխատակիցները համամիտ չեն «Նորք» ինֆեկցիոնին միավորվելու դեպքում կրելու այն ռիսկերը, որոնց մասին մենք մի տարուց ավելի է բարձրաձայնում ենք, բայց որևէ մեկը չի հասկանում։ Համամիտ չենք, որ պետք է ենթարկվենք ճնշումների, ինչն անթույլատրելի է մեզ համար։ Բժշկի արժանապատվությունը մեզ համար ավելի վեր է»,- ասաց Պապոյանը։

Նրա խոսքով՝ նախարարությունը ոչ թե միայն զիջումների չի գնում, այլ ամեն ինչ անում է, որ օր առաջ այդ միացումը կայացնի. «Ասում են՝ միացնենք, վերջացնենք, հետո կգանք քննարկման: Ձե՞ռ են առնում, հետո իրենք են խնդիրների համար պատասխանատվություն կրելու»։

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն էլ նշեց, որ Առողջապահության նախարարությունը միանձնյա որոշումներ է կայացնում եւ իր որոշումը պարտադրում է բժիշկներին եւ ԲԿ-ներին: Նա հավելեց, որ ճնշումների են ենթարկվում գրեթե բոլոր հիվանդանոցները։

Նշենք, որ ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» աշխատակիցների՝ աշխատանքից ազատվելու մասին կոլեկտիվ հայտարարությունը հրապարակել են նաև իրենց ֆեյբուքյան էջում։ Հայտարարությունում ասվում է.

«Ելնելով «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններից, կրկին առերեսվելով որպես մասնագետներ արհամարհված լինելու փաստին, չհանդուրժելով առողջապահության նախարարության, նախարարության կողմից նշանակված «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի և առողջապահության նախարարությունից կազմակերպություն ուղարկվող այլ անհատների կողմից կիրառվող ճնշումները, նորից հայտնելով մեր անհամաձայնությունը «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին միացնելու որոշմանը, և չցանկանալով դառնալ դրա իրագործման արդյունքում անցանկալի հետևանքների կրողը՝ մենք՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքոստորագրյալ աշխատակիցներս, ներկայացնում ենք աշխատանքից ազատման դիմում՝ թողնելով ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը ՀՀ առողջապահության նախարարության վրա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ