News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները, այդ թվում նաեւ Հատուկ քննչական ծառայությունը, շարունակում են առաջնորդվել քաղաքական նպատակահարմարությամբ: Ավելին, եթե գործ ունենայինք իրական հեղափոխության հետ, ապա այսպիսի իրավիճակ չէր լինի: Այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նա վստահություն հայտնեց, որ իրավապահ մարմինները կամք չեն ցուցաբերում ինչպես «Կամազ»-ների, այնպես էլ քաղաքապետարանում փաստաթղթերի կեղծման հետ կապված գործերի բացահայտման հարցում:

«Մենք տեսնում ենք, որ գործող իշխանություններն ընտրական մոտեցումներ են կիրառում տարբեր իրավիճակներում, այդ թվում նաեւ` կոռուպցիայի դեմ պայքարում, հետեւաբար, վերը նշված դեպքերը կարող են բացահայտվել միայն հաջորդ իշխանությունների օրոք»,- ասաց Խաժակյանը:

Ընդդիմադիրը պարզաբանեց, որ եթե տնտեսվարող սուբյեկտները տեսնեին, որ իրավապահներն իսկապես զբաղված են գործերի բացահայտմամբ, կճանաչեին գործարքի փաստը եւ կտրամադրեին Հայկ Սարգսյանի հետ զրույցի ձայնագրությունը, որտեղ վերջինս փող է պահանջում շինարարության թույլտվություն տրամադրելու համար:

«Սա այն է, ինչ հայտնի է ինձ, սակայն իրավապահներն այս տեղեկատվությունը չեն հաստատում: ՀՔԾ-ն, ըստ էության, քաղաքական նպատակահարմարությամբ է առաջնորդվում եւ ծածկում է այդ խախտումները, որոնք մի օր կհետաքննվեն»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Նա հիշեցրեց իր դիրքորոշումն այս գործարքի սխեմայի վերաբերյալ:

«Շինարարական ընկերությունը ստացել է նախագծի թույլտվությունը, իսկ այն բանից հետո, երբ քաղաքապետարանաին «Կամազ»-ներ է մատակարարել, ստացել է շինարարության թույլտվությունը: Վերջերս «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը դիմեց դատախազությանը` հետաքննության արդյունքները պարզելու համար, սակայն, ինչպես հայտնի դարձավ, գործին ընթացք չի տրվել: Բացի այդ, մենք հիշում ենք, որ խորհրդարանում քննչական հանձնաժողով ստեղծելու փորձը ձախողվեց, այսինքն, հարցը դեռ կախված է օդում: Ես մի անգամ հայտարարեցի, որ լրացուցիչ եւ ծանրակշիռ ապացույցներ ունեմ, սակայն տեղին չեմ համարում ներկայացնել դա ներկայիս իշխանություններին, ուստի իմաստ չկա` հաշվի առնելով, որ մենք քաղաքական փոփոխություններից հետո կրկին բախվում ենք դատաիրավական համակարգի կայացման ու անկողմնակալ արդարադատության ապահովման խնդրին: Սա խոսում է այն մասին, որ նախորդ եւ ներկայիս իշխանությունների պահվածքները ոչնչով չեն տարբերվում»,- եզրափակեց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ