News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 31
USD
500.8
EUR
554.34
RUB
6.3
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 28-ին, մեկնարկեց  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ ներկայացված 15 հայցադիմումների հիման վրա հարուցված գործի առաջին դատական նիստը։

Հայցվոր կողմը պահանջում է պարտավորեցնել պատասխանող կողմին հերքել զրպարտություն համարվող գրառումը.

«Իրազեկեմ ձեզ, որ Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ: Կան անկեղծ եւ ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրը աղետ է: Բայց նաեւ կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս արշավը կազմակերպվի: Թե չէ, վստահեցնում եմ ձեզ, դուք Ամուլսարի մասին չէիք լսելու, որովհետեւ նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք եւ լուրջ արշավ է պետք կազմակերպել, որը ինտենսիվորեն դեռեւս 2016-2017 թվականից արվում է»։

Դատական նիստին հայցվորի ներկայացուցիչը Գուրգեն Թորոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ Տիգրան Ավինյանին հրավիրել ցուցմունք տալու, ինչը դատարանը մերժեց։ Պատասխանող կողմը նշեց, որ պատրաստվում է հաջորդ նիստին քննարկել դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հարցը։

Լրագրողների հետ զրույցում պատասխանող կողմի ներկայացուցիչն ասաց, որ ինքնաբացարկի հիմքը դատարանի կողմից պատճառաբանության ոչ համոզիչ լինելու մեջ էր, որովհետեւ օրենքը տալիս է հնարավորություն, որպեսզի պատասխանողը որոշակի փաստերի շուրջ դատարանում ցուցմունք տա դատարանում. «Դա հայցվոր կողմի ապացուցելու բեռի նպատակով է, եւ դատարանն առանց որեւէ հիմքերի մերժեց միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ կխախտի կողմերի մրցակցության սկիզբունքը։ Հաշվի չառնելով, որ դա հենց օրենքն է նախատեսում, անկախ նրանից մրցակցության սկզբունքը եթե խախտելու լիներ օրենսդիրի կողմից նման նորմ չէր նախատեսվի։ Գտնում ենք, որ դատարանը որոշակի կաշկանդվածություն ունի։ Միջնորդությունը վերաբերում էր այն փաստի ապացուցմանը, որ դատարանը գտել էր հայցվոր կողմի վրա։ Այն անձը, որը կատարել է այդ հայտարարությունը, ինքը պիտի ասի՝ նկատի է ունեցել հայցվոր կողմին, թե ոչ։ Այդ փաստի ապացուցման նպատակով էլ միջնորդել էինք, որ պարոն Ավինյանը ներկայանա եւ ցուցմունք տա»։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանն էլ նշեց, որ պատասխանող կողմի այդ միջնորդությունը հայցի առարկայի շրջանակներից դուրս է. «Եթե անձը չի ցանկանում լրացուցիչ մեկնաբանություններ անել, կարծում եմ՝ ճիշտ չէ հրավիրել իրեն դատարան եւ պահանջել, որ ինքը ցուցումքով լրացուցիչ մեկնաբանություններ անի»։

 

Տպել
Ամենաշատ