News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Դրությունը կտրուկ սրվել է թուրք-սիրիական սահմանին. Իդլիբի շուրջ սիրիական զորքերի ու ահաբեկչական խմբավորումների ռազմական գործողությունները կարող են վերաճել Սիրիա-Թուրքիա բախման, նույնիսկ Թուրքիա-Ռուսաստան դիմակայության։ Սիրիայի կառավարական ուժերի կողմից այդ շրջանի գնդակոծությունից անցած գիշեր զոհվել է 33 թուրք զինվորական, վիրավորվել 36-ը։ Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է սահմանային Հաթայի նահանգում գտնվողն հրամանատարական կետ եւ իր ձեռքը վերցրել Իբլիդում սիրիական կառավարական ուժերի դեմ գործողության հրամանատարությունը: Աքարը Հաթայ է ժամանել Թուրքիայի նախագահի հրավիրած խորհրդակցությունից հետո: Անկարան իր զինծառայողների մահից հետո հայտարարել է Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին օդային ու ցամաքային հարվածներ սկսելու մասին:

Կենդանի ուժի խոշոր կորուստներից հետո թուրքական իշխանությունները որոշել են բացել գաղթականների համար դեպի Եվրոպա սահմանները։ Թուրքական TRT–ի տեսանյութից երեւում է, որ հարյուրավոր գաղթականներ անտառներով, դաշտերով շարժվում են Հունաստանի ու Բուլղարիայի սահման։ Թուրքիան իր այս քայլը բացատրում է Սիրիայում Թուրքիայի նկատմամբ Եվրոպայի անտարբերությամբ։ Վերլուծաբաններն Անկարայի այդ քայլըպարզ շանտաժ են գնահատում։ 

Ստամբուլի կենտրոնում գտնվող Ռուսաստանի հյուպատոսության առջեւ բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Մասնակիցները հակառուսական կարգախոսներ են հնչեցրել։ Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել հյուպատոսության անվտանգության համար։

Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Մեսութ Հաքքը Ջաշընը  սկանդալային հայտարարություն է արել թուրքական եթերում։ Ջաշընը ասել է, թե նախկինում Թուրքիան 16 անգամ պատերազմել է Ռուսաստանի հետ ու էլի կպատերազմի։ «Ռուսաստանում 25 մլն մահմեդական կա, այդ երկիրը ներսից կբզկտվի։ Եթե մուսուլմանները սկսեն հարվածել, վրեժը շատ ծանր կլինի Ռուսաստանի համար»,–ասել է Էրդողանի խորհրդականը։

Հակառակորդն այսօր կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի վրա, NEWS.am-ին հայտնել է Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը։ Նրա խոսքով՝ կրակոցները եղել են կեսօրին մոտ. «Մոտավորապես 12–ի կողմերը։ Ակտիվ կրակոցները տեւել են մոտ կես ժամ, իսկ հատուկենտ մոտ մեկ ժամ։ Եղել է եւ գյուղի, եւ դիրքերի ուղղությամբ։ 1 ժամ անց կրակոցները դադարել են»։ Մելիքյանի խոսքով՝ տուժածներ եւ գույքային վնաս կրողներ չկան. «Կրակում են, կամ պատին է կպնում, կամ այլ տեղեր, մեծ գյուղ է», ասել է Կոթիի գյուղապետը։

Հայաստանի Զինված ուժերում բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունները բանակում տեղի ունեցած միջադեպերից արված հետեւություններից ընդամենը մեկն էր, շատ ավելի լուրջ աշխատանք է տարվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։ «Խնդրում եմ հաշվի առնել, որ մենք գործ ունենք կենդանի մարդկանց, որեւիցե մի արտահայտություն կամ մի դեպք ոչ ճիշտ մեկնաբանելը կարող է ճակատագրեր խեղել», ասել է նա։

Երբ ուզեք՝ այն ժամանակ էլ կկանչեմ, լրագրողներին ասել է Ազգային ժողովի ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ի պատասխան՝ «երբ եք Սերժ Սարգսյանին կանչելու հանձնաժողով» հարցին։ Նա մեկնաբանել է նաեւ երրորդ նախագահի՝ իր դատավարության առաջին օրը «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» հայտարարությունը։

Ենթադրյալ ադրբեջանցու կողմից Երեւանում նկարահանված տեսանյութը երկամյա վաղեմության նկարահանումից սարքված-մոնտաժված էր, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է իբր մեր երկրում գտնվող ենթադրյալ ադրբեջանցին խոսում Երեւանի պատկանելության մասին:

Իսկ ի՞նչ բացահայտումներ կան կապված վարչապետի այն հանձնարարականի հետ, որով ԱԱԾ–ն պետք է որոշ շրջանակների եւ սատանայի միջեւ կապի ձեւերը ճշտեր,  Էդուարդ Մարտիրոսյանն ասել է, որ ցանկացած դրսեւորում իր գլխավորած կառույցը  դիտարկում է ազգային անվտանգության շահերից ելնելով։  Հարցին, թե ինչ եղան հեղափոխության սկզբից ի վեր նախկին պաշտոնյաների ձերբակալությունների գործերը, ԱԱԾ տնօրենի պաշտանակատարն արձագանքել է.

Հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները, այդ թվում նաեւ Հատուկ քննչական ծառայությունը, շարունակում են առաջնորդվել քաղաքական նպատակահարմարությամբ, լրագրողներին ասել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Եթե գործ ունենայինք իրական հեղափոխության հետ, ապա այսպիսի իրավիճակ չէր լինի, ընդգծել է նա, ավելացնելով, որ իրավապահ մարմինները կամք չեն ցուցաբերում ինչպես «Կամազ»-ների, այնպես էլ քաղաքապետարանում փաստաթղթերի կեղծման հետ կապված գործերի բացահայտման հարցում: Խաժակյանին զարմացրել է նաեւ աշխարհում եւ տարածաշրջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների արձագանքը:

Թու, թու, թու՝ Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել, Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաեւ պաստառ հրապարակել: «Եվ եթե պահեք այս պաստառում նկարագրված բոլոր կանոնները՝ չի էլ գրանցվի:) Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել»,-նշել է նա:

«ՁԻԱՀ կենտրոնի» աշխատակիցներն աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են գրել, որի տակ 107 աշխատակցից 75-ն արդեն ստորագրել է, լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող ՁԻԱՀ-ի կենտրոնը «ՆՈՐՔ» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշմանը: Բժշկի խոսքով՝ նախարարությունը ոչ միայն զիջումների չի գնում, այլեւ ամեն ինչ անում է օր առաջ հիվանդանոցները միացնելու համար. «Ասում են՝ միացնենք, վերջացնենք, հետո կգանք քննարկման: Հետո իրենք են խնդիրների համար պատասխանատվություն կրելու», ասել է Պապոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը, այլ պաշտոնյաներ այցելել են Ծիծեռնակարրդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին: Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում սկսվեցին  քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդերը, որոնք տեւեցին երեք օր:

Զամբիայի «Հարավային Լուանգվա» ազգային այգի աշխատակիցը նկարահանել է, թե ինչպես է հովազը կոկորդիլոսների զույգից խլում նրանց որսը: Հովազը նախ սկսել է կծոտել կոկորդիլոսի երախից դուրս եկած մսի կտորները, այնուհետեւ հանել հսկայական կտոր, հավանաբար իմպալա տիպի եղնիկի ոտք, ու փախել։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով ու կազմել  478.60 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 5.55 դրամով ու հասել 528.57 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.48 դրամով ու կազմել  617.68 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.19 դրամով ու կազմել 7.09 դրամ։

Հայաստանի շրջանների մեծ մասում հանգստյան օրերին տեղումներ են սպասվում, լեռներում` ձյան տեսքով, հովիտներում` անձրեւի: Փետրվարի 29-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով: Երեւանում սպասվում են անձրեւներ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3 +5, վաղը ցերեկը` +12 +14:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ