Խնդիր է եղել ցույց տալու, որ 2008-ի մարտի 1-ին բոլոր մահացած անձանց մահվան հանգամանքներում մեղավոր է պետությունը, ցույցերը եղել են խաղաղ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 29-ին, «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:
Նա ընդգծեց, որ իր համար ամենացավալի դեպքը կապիտան Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներն են. պաշտպանն ասաց, որ նշվում է, որ եթե ցուցարարների կողմից նռնակը նետված լիներ, ապա այդ վայրում փոս կառաջանար, որը չկա: Խուդոյանը չբացառեց, որ գուցե նռնակն օդում է պայթել, կամ ընկնելուց հետո մեկը վերցրել է, այդ ժամանակ է պայթել եւ այլն:
Նա ասաց, որ ամենալուրջ փաստարկը, որը շրջանառվում էր նախաքննության ընթացքում, թերություններն են, որ Համլետ Թադեւոսյանի զրահաբաճկոնը կորել է, սակայն ոչ մեկը չի խոսում, որ այդ զրահաբաճկոնը գտնվել է, անցկացվել են բազմաթիվ փորձաքննություններ: «Ոչ մեկը չի նշում, որ հենց մետաղական բեկորներ են հայտնաբերվել ինչպես նրա մարմնից, այնպես էլ նրա հագուստներից եւ զրահաբաճկոնից: Չեն ներկայացնում, որ բեկորային վնասվածքներ ստացած տասից ավելի ոստիկանների մարմիններից եւ հագուստներից հանվել են բազմաթիվ բեկորներ»,-ասաց Խուդոյանը:
Քոչարյանի պաշտպանի խոսքով, ամբողջ պատասխանատվությունը ուղղվում է ոստիկանության վրա այն պարագայում, երբ այդ բախումների սկզբնական պահում ոստիկանությունը, այդ առաջին շարքում կանգնած տասնութ տարեկան երիտասարդները համալրված են եղել բացառապես պաշտպանական միջոցներով եւ մահակներով, հենց նման անհամաչափ ուժի կիրառումը այս դեպքում ոստիկանության նկատմամբ, արդեն իսկ առանց որեւէ հետագա գործողությունների, առանց խանութներ թալանելու, առանց մեքենաներ այրելու, բավական է պնդել, որ առկա է եղել իրադրություն, որը կանխելու համար անհրաժեշտ են եղել շատ արագ եւ խիստ միջոցառումներ: