News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ողջունել է ԱՄՆ-ի եւ «Թալիբան» արմատական շարժման միջեւ խաղաղ համաձայնագրի ստորագրումը: Նա ընդգծել է, որ դա կարեւոր փուլ է եւ կոչ արել բոլոր կողմերին պահպանել պայմանավորվածությունները: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Աֆղանստանին, հաղորդում է DW-ը:

«Քաբուլում եւ Դոհայում վերջին իրադարձությունները հույս են ներշնչում: Դրանք ճանապարհ են բացում դեպի Աֆղանստանում խաղաղ գործընթացի երկար սպասված հնարավորությունը»,-հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասը: Նրա խոսքով՝ այդ գործընթացի հաջողության որոշիչ գործոնը կդառնա «Թալիբան»-ի կողմից բռնության դադարեցումը եւ ներաֆղանական բանակցությունների մեկնարկը:

Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է առաջիկայում անձամբ «Թալիբան»-ի առաջնորդների հետ հանդիպելու պատրաստակամության մասին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «անմիջապես» կսկսի դուրս բերել զորքերին, սակայն պատրաստ է վերադառնալ եւ ավերիչ հարված հասցնել, եթե «Թալիբան»-ը չպահպանի պայմանավորվածությունները:

ԱՄՆ-ն ու «Թալիբան»-ը ստորագրել են խաղաղ համաձայնագիրը շաբաթ օրը: Դրանում նշված է, որ կողմերը ձգտում են «միմյանց հետ դրական հարաբերություններ հաստատել»:

Վաշինգտոնը մտադիր է չեղարկել «Թալիբան»-ի անդամների պատժամիջոցներն ընթացիկ տարվա օգոստոսին: 135 օրվա ընթացքում ԱՄՆ-ն ու նրանց դաշնակիցները դուրս կբերեն 5 ռազմաբազա Աֆղանստանից: Ի պատասխան՝ «Թալիբան»-ը երաշխավորում է, որ երկիրը չի դառնա ահաբեկիչների ապաստան եւ կսկսի խաղաղ բանակցությունները Քաբուլում կառավարության հետ:

Որպես առաջին քայլ՝ ԱՄՆ զինվորականների թիվը կկրճատվի. 13 000-ից կդառնա 8 600 մարդ: Զորքերն ամբողջովին դուրս կբերվեն 14 ամսվա ընթացքում: Reuters-ի տեղեկություններով՝ կողմերը նաեւ պահմանավորվել են գերեվարված անձանց փոխանակելու մասին. ԱՄՆ-ն ու Աֆղանստանի կառավարությունը կազատեն 5 000 բանտարկյալներին մարտի 10-ին, թալիբները՝ 1 000 մարդու:

Պայմանագիրը ստորագրել են Աֆղանստանի հարցով հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը եւ «Թալիբան»-ի առաջնորդ Աբդուլա Գանի Բարադարը: Համաձայնագրի հանդիսավոր ստորագրման ժամանակ ներկա էր նաեւ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա կոչ էր արել թալիբներին խզել կապերը «Ալ Քաիդա»-ի հետ եւ աջակցել «Իսպամական պետության» դեմ պայքարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ