News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այսօրվա գործող իշխանությունը, թեև իր առաջին խոստումներից մեկով պարտավորվել էր բացահայտել մարտի 1-ի բռնության իրական մեղավորներին, մինչ այժմ իրական առաջընթաց չի գրանցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

«Տասներկու տարի առաջ այս օրը, Երևանում ցուցարարների և ուժային կառույցների միջև տեղի ունեցած ողբերգական բախման արդյունքում զոհվեցին մեր տասը համաքաղաքացիներ, հարյուրավորները վիրավորվեցին։ Ես սգում եմ այս զոհերից յուրաքանչյուրի համար, նրանց հեղած արյունը նաև մեզանից յուրաքանչյուրի արյունն է, և մենք նրանց հիշատակի առջև մինչև հիմա շարունակում ենք պարտք ունենալ։

Մարտի 1-ի բախումը մեր երկրում մինչ այդ ձևավորված հակասությունների թնջուկի արդյունք էր։ Նրան նախորդած տասնամյակը տեսել էր մի կողմից արագ տնտեսական աճ և հարստության կուտակում հասարակության նեղ շերտի մոտ, մյուս կողմից իրավազարկում և ծայրահեղ սոցիալական բևեռացում, դրան գումարվել էր նաև արտաքին ուժային կենտրոնների միջամտությունը մեր ներքին գործերում, և նրանց պարբերական սադրանքները։ Այդ պահին համարյա ամբողջ քաղաքական սպեկտրը, հասարակության տարբեր ազդեցիկ խմբերը, այս կամ այն կերպ հայտնվել էին բարիկադների տարբեր կողմերում, և պատրաստվել էին իշխանության համար անզիջում պայքարի։ Դա նպաստեց նրան, որ մարտի 1-ին, Ազատության հրապարակի վրանային ճամբարը ցրելուց հետո, մինչ այդ առերևույթ խաղաղ իրադարձությունները աստիճանաբար դուրս գան վերահսկողությունից, և վերածվեն անկառավարելի բռնության ալիքի։ Եվ թեև քաղաքական պատասխանատվությունը կրում են առաջին հերթին հակամարտության կողմերի քաղաքական ղեկավարները, ինչու և ինչպես են զոհվել ու վիրավորվել մեր համաքաղաքացիները, մինչև հիմա մինչև վերջ պարզված չի, և շարունակում է ծանր բեռ մնալ մեր բոլորիս վրա։

Այսօրվա գործող իշխանությունը, թեև իր առաջին խոստումներից մեկով պարտավորվել էր բացահայտել մարտի 1-ի բռնության իրական մեղավորներին, մինչ այժմ իրական առաջընթաց չի գրանցել։ Փոխարենը, այն փորձում է ապացուցել, որ մարտի 1-ի իրադարձություններին նախորդել է սահմանադրական կարգի տապալում զինված ուժերի ոչ իրավաչափ օգտագործման միջոցով, թեև արդեն իսկ պարզ է դառնում, որ ՀՀ զինված ուժերը մարտի 1-ի բռնության մեջ անմիջականորեն չեն մասնակցել՝ համենայն դեպս, դա ապացուցող փաստեր մինչ այժմ չեն ներկայացվել։ Այս միակողմանի գործընթացը մեզ ավելի է հեռացնում մարտի 1-ի իրադարձությունների իրական բացահայտումից՝ հասկանալու, թե ի վերջո, ով է արձակել առաջին կրակոցը, ինչ պայմաններում, և ինչպես է այդ ամենը այնուհետև վերածվել արյունալի քաոսի։ Առանց սա հասկանալու, առանց վերականգնելու այդ մղձավանջային օրվա իրական պատկերը, հնարավոր չի վերականգնել արդարությունը, և փակել մեր պատմության այս մռայլ էջը։

Մեր երկիրը, սակայն, պետք է կարողանա շրջել այս էջը, ու վերջնականապես դուրս գա քաղաքական բռնության շրջափուլից, այսուհետև բոլոր քաղաքական խնդիրները լուծելով ազատ ընտրությունների և քաղաքական երկխոսության միջոցով։ Դրա համար ճշմարտությունը պետք է ամբողջական վերականգնվի, բոլոր մասնակիցները ընդունեն իրենց քաղաքական պատասխանատվությունը, չփորձելով ամբողջ մեղքը բարդել միայն հակառակ կողմի վրա։ Այսօրվա ձևավորված քաղաքական իրողության պայմաններում, դա համարյա անհնարին է դարձել՝ թե գործող իշխանությունը, և թե նրա հիմնական քաղաքական հակառակորդները, ակնհայտ շահագրգռված կողմեր են, և յուրաքանչյուրը փորձում է հասարակությանը ներկայացնել իրադարձությունների իր, որպես կանոն միակողմանի, մեկնաբանությունը։ Մնում է հուսալ, որ այս ամենը տեղի կունենա ապագայում, երբ իշխանության գան ուժեր, որոնք մարտի 1-ի անմիջական մասնակիցներ ու շահառուներ չեն, և պատրաստ են գնալ ճշմարտության վերականգնման ճանապարհով։ Դա մեզ հնարավորություն կտա մինչ այժմ ատելության վրա հիմնված դիսկուրսը ի վերջո տեղափոխել քաղաքական և իրավական պատասխանատվության, զոհերի և մյուս տուժածների իրավունքների վերականգման, և ի վերջո հանրային հաշտեցման դաշտ։

Մինչ այդ, ևս մեկ անգամ ցավակցում եմ բոլոր այն ընտանիքներին, որոնք զավակ են կորցրել այդ ողբերգական օրը տասներկու տարի առաջ։ Նրանց հիշատակի առջև, մենք պարտավոր ենք անել հնարավոր ամենը, որպեսզի երբեք այլևս մեր երկրում այսպիսի ողբերգություններ չկրկնվեն»,-նշել է նա։

Տպել
Ամենաշատ