News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 09
USD
406.61
EUR
414.38
RUB
6.73
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին մեկուսացված պայմաններում հիվանդանոցում նստած է և որևէ բուժական միջամտություն չի իրականացվում։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի առնչությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք երեկ կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպք ենք ունեցել մեր քաղաքացու մոտ, որը վերադարձել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ամսի 28-ին։ Վերջին տվյալներով՝ մեր քաղաքացին որեւէ ախտանշան չունի, չնայած դիմելու պահին ունեցել է 38 աստիճան ջերմաստիճան եւ դրա պատճառով է փաստացի դիմել բժշկական հաստատություն: Նրա հետ է նրա կինը, որը նույնպես որեւէ ախտանշան չունի: Կնոջ մոտ նույնիսկ վիրուսի առկայությունն է բացասական: Ինչպես հիշում եք, ամսի 24-ին կառավարության արտահերթ նիստում որոշում ընդունվեց սահմանափակել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ուղեւորաշրջանառությունը, որոշակի բացառություններ սահմանելով Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների համար եւ Իրան վերադարձող Իրանի քաղաքացիների համար: Հատուկ եմ այս հանգամանքը նշում, որովհետեւ հաճախ լսում եմ, թե ինչի չփակվեց սահմանը ու միանգամից պատասխանում եմ, որ նույնիսկ ՀՀ սահմանդրությամբ ՀՀ քաղաքացիների մուտքը Հայաստան չի կարող սահմանափակվել եւ ոչ միայն օրենքներով, այլ ընդհանրապես մարդասիրության եւ հայրենիքի կողմից հոգածության սկզբունքներով չի կարող արվել: Սակայն ունենալով ինֆորմացիա, թե քանի քաղաքացի է ցանկություն հայտնել վերադառնալ օդային ճանապարհով Հայաստան՝ փաստորեն կազմակերպվեց երկու չվերթ` չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին, որոնց Թեհրանից ուղեկցում էր մեր մասնագետը»,-ասաց նա:

Թորոսյանի խոսքով՝  մասնագետը տեղում բոլոր ուղեւորներին զննել է և բոլորին հատկացվել է պաշտպանիչ դիմակներ․ «Ինքնաթիռում նրանց հետ է եղել, նույնը տեղի է ունեցել Երեւանում եւ որեւէ մեկը չունենալով որեւէ գանգատ գնացել են իրենց տուն»:

Թե ինչու կարանտին չի հայտարարվել բոլորի համար, նախարարը պատասխանեց, որ ապացուցված չէ, որ կարանտինն աշխատող գործիք է եւ որեւէ կերպ խորհուրդ չի տրվում որեւէ առողջապահական կազմակերպության կողմից:

«Այսինքն, այն ինչ տեղի է ունեցել երեկ, դա կլասիկ, ճիշտ հայտնաբերված դեպքի մասին է խոսքը, այսինքն հենց այդպես էլ պետք է լիներ: Քանի որ հենց Թեհրանից բոլորը կրել են դիմակներ, Հայաստանում ունեցել են օդանավակայանից դուրս գալու առանձին ուղի, նրանք պրակտիկորեն որեւէ մեկի հետ չեն շփվել եւ վտանգ շատ քիչ են ներկայացրել իրենց կողքի մարդկանց համար: Սակայն նորից միջազգային ռեկոմենդացիաների համաձայն՝ եթե ինքնաթիռում հայտնաբերվում է կորոնավիրուսով վարակված որեւէ անձ, անկախ նրա մոտ եղած հիվանդության ծանրությունից, խորհուրդ է տրվում նրանից երկու շարք առաջ եւ նրանից երկու շարք հետ եւ իր շարքը մեկուսացնել 14 օր ժամանակով, ինչը այս պահին կատարվում է եւ արդեն ավարտական փուլում է: Նաեւ մեկուսացվել են ուղեւորները եւ նրա կնոջը տուն տարած քաղաքացին եւ նրա հետ գտնված անձինք, որը որ տաքսի չէ: Վարչապետի գիշերվա գրառումը հիմնված է իմ տված ինֆորմացիայի վրա, որն այդ պահին ամբողջական չի եղել եւ ԱԱԾ-ն մի քանի ժամվա ընթացքում պարզեց։ Նույնը վերաբերում է հիվանդանոց գնալուն, քաղաքացին շտաօգնության մեքենայով է գնացել եւ անձնակազմը մեկուսացվում է: Դրանից դուրս գտնվող անձինք չեն համարվում ռիսկի գոտում գտնվող անձինք»,-ասաց նա:

Նախարարն ասաց, որ կորոնավիրուսով քաղաքացին ևս կարանտինի մեջ է, 14 օր հետո էլի թեստ կարվի, հնարավոր է բացասական լինի արդյունքը և նա տուն գնա, քանի որ օրգանիզմի պայքարը հնարավորը հաջողությամբ պսակվի։

Թորոսյանը վստահեցրեց, որ իրականացվող համաճարակային միջոցառումները համապատասխանում են բոլոր չափանիշնեին, իսկ հաճախ ավելին են, քան վկայակոչվում են․ «Թերացման մասին խոսելն ավելորդ է։ Մեր կողմից կատարվող միջոցառումներն առնվազն թույլ են տալիս կանխարգելել լոկալ դեպքերը, որովհետև սա բերովի դեպք է, որը նոր քայլեր անելու է դրդում, սակայն հանրային առողջապահական լուրջ վտանգ իրենից չի ներկայացնում, ավելին՝ այդ անձի համար էլ վտանգ չի ներկայացնում, որովհետև այդ անձը մեկուսացված պայմաններում հիվանդանոցում նստած է և որևէ բուժական միջամտություն չի իրականացվում։ Մինչ օրս իրականացրել ենք 117 թեստ եւ այդ մեկն է դրական եղել: Այս պահին մեկուսացվել է 32 անձ, երկրորդ ինքնաթիռում եղել է 82, առաջին ինքնաթիռում 52 հոգի»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ