News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հատկապես այն պարագայում, երբ շրջապատված ենք մեզ թշնամի համարող ժողովուրդներով, մենք իրավունք չունենք շարունակաբար անհեռատես լինել և հնարավոր մարտահրավերները անտեսել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։

«Երբ որոշ ընկերներ փորձում են մարդկանց հանգստացնել` ասելով, որ մարդաշատ Չինաստանում ընդամենը 2,500-ի մոտ մարդ է մահացել (մեծ մասը տարեց), նրանք բաց են թողնում ընդհանուր պատկերի հետևյալ կարևոր մասերը:

Չինաստանը մեկ կենտրոնից կառավարվող, ցանկացած հարց տարիներ առաջ պլանավորող և կազմակերպված պետություն է:

Սա այն պետությունն է, որ ընդամենը 20 տարվա մեջ աշխարհի ՀՆԱ-ում 1.5 տոկոս կշռից հասել է 15 և ավել տոկոսի: Սա այն պետությունն է, որ սոցիալ-տնտեսական զարգացվածության այնպիսի տեմպ է ունեցել, որ աշխարհում եզակի է ու հավանաբար անկրկնելի: Սա այն պետությունն է, որ 10 օրում հիվանդանոց է կառուցում:

Որ երկար չթվարկեմ, սա ուղղակի հերթական պետություն չէ, սա Չինաստանն է և լուրջ չէ նման հզոր ու կազմակերպված պետությունում համաճարակից 2,500 և ավել զոհը «ընդամենը» անվանել և մեզ պես անկազմակերպ հանրույթին դրանով փորձել հանգստացնել:

Հիմա մեր մասին:

Ես իհարկե վստահ եմ, որ այս մարտահրավերը կհաղթահարենք, ինչքան էլ, որ դժվար լինի, մենք ավելի մեծ դժվարություններ էլ ենք հաղթահարել:

Ինձ ուղղակի այլ հարցեր են մտահոգում:

Մասնավորապես, ինչպես պատահեց, որ Իրանից հսկողության տակ ժամանած ինքնաթիռների ուղևորներին կառանտինում չպահեցին` համոզվելու համար, որ ռիսկեր չկան կամ դրանք շատ փոքր են: Ենթադրյալ պատասխաններից մեկը, որը ամենահավանականն է` մտահոգիչ է. Իսկ, եթե պարզվի, որ մենք ուղղակի չունենք կարանտին կոչվող համապատասխան բժշկական տարածքներ, որտեղ ասենք հարյուրից ավել մարդ միանգամից կարող է գտնվել մեկուսացված և բուժում ստանալ:

Եվ այստեղ խնդիրը պետական կառավարիչների ներկա կամ նախկին լինելը չէ: Այստեղ խնդիրը մեր կառավարիչների կողմից` կարծես գենետիկորեն ժառանգված, պետության և քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված անպատասխանատվությունը և անհեռատեսությունն է:

Ազնիվ կլիներ ասել, որ գիտեք ինչ, մենք չունենք համապատասխան բժշկական կարանտին, մենք պատրաստ չենք, բայց դասեր կքաղենք և կունենանք այդպիսին: Բայց, երբ մեզ շարունակում են էշի տեղ դնել (արդեն 30 տարի), այսինքն մեզ հետ ազնիվ չեն, դու հասկանում ես, որ պետությունդ պատրաստ չէ լուրջ մարտահրավերների:

Երբ ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ 21-րդ դարում պետություններ են փլուզվում, ցեղասպանություններ տեղի ունենում, համաճարակներ բռնկվում, մարդիկ միլիոններով սովամահության եզրին են հասնում, մենք չենք կարող այս կարգի անկազմակերպ և անհեռատես լինել: Հատկապես այն պարագայում, երբ շրջապատված ենք մեզ թշնամի համարող ժողովուրդներով, մենք իրավունք չունենք շարունակաբար անհեռատես լինել և հնարավոր մարտահրավերները անտեսել:

Պատրաստ լինելու դասեր մենք պետք է քաղեինք Արցախի ազատամարտից հետո, երբ, օրինակ, շատ վիրավորներ մահանում էին, ուղղակի այն պատճառով, որ բուժօգնության համապատասխան քանակ և որակ չկար: Հիմա մենք ունենք այդ ամենը ստեղծելու հնարավորություն, ունենք միջոցներ մեր քաղաքացիների կյանքը ավելի ապահով դարձնելու համար, սակայն մենք զբաղված ենք ինքնախաբեությամբ, քանի որ աշխարհը և մեզ շրջապատող մարտահրավերները չենք կարողանում սթափ գնահատել և ճիշտ հետևություններ անել»,-նշել է նա:

Տպել
Ամենաշատ