News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն դեկրետ է ընդունել, որով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների գործողության ժամկետը երկարաձգվել է: կառավարության մամուլի ծառայության հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ հյուսիսային մարզ Լոմբարդիայի 10 քաղաքներում եւ հարեւան  Վենետոյի մեկ քաղաքում, որտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսի հարուցած հիվանդության տեղային բռնկումներ, լիակատար մեկուսացման մեջ կմնան մինչեւ մարտի 15-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Մինչեւ մարտի 8-ը դպրոցները փակ կլինեն Լոմբարդիայի, Վենետոյի, ինչպես նաեւ Էմիլիա Ռոմանիայի ամբողջ տարածքում: Այնտեղ չեղյալ են հայտարարվում բոլոր հասարակական միջոցառումները, ներառյալ մարզական: Բացառություն է կատարվում մրցությունների եւ հանդիպումների համար, որոնք անցկացվում են առանց հանդիսատեսի: Նույնպիսի միջոցառումները վերաբերում են 3 քաղաքների՝ Պեզարո, Ուրբինո (Մարկե մարզ) եւ Սավոնա (Լիգուրիա մարզ): Ընդ որում՝ մշակութային հաստատությունները բացել թույլատրվում է այցելուների ոչ մեծ հոսքի կարգավորումն ապահովելու պարագայում: Չեն փակվում նաեւ լեռնադահուկային հանգստավայրերը՝ նույնպես մարդկանց սահմանափակ թվի տեղափոխման պայմանով: Բերգամո, Լոդի եւ Կրեմոնա (Լոմբարդիա մարզ) քաղաքներում, ինչպես նաեւ Պյաչենցայում (Էմիլիա Ռոմանիա մարզ) հանգստյան օրերին պետք է փակ լինեն խոշոր առեւտրային կենտրոնները: Լոմբարդիայում շարունակում են փակ մնալ մարզադահլիճները, լողավազանները, գեղեցկության սրահները:

Հրահանգված է երկրի ամբողջ տարածքում հետեւել առողջապահության նախարարության կորոնավիրուսի տարածման զսպման ուղեցույցին, ինչպես նաեւ կատարել տրանսպորտի եւ հանրային վայրերի հատուկ մշակում: Մինչեւ մարտի 15-ը երկարաձգվել է դպրոցական ուղեւորությունների կազմակերպման արգելքը: Գործատուներին խորհուրդ է տրվել անցնել հեռավորությամբ աշխատանքի ռեժիմի:

Ըստ վերջին տեղեկությունների՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվը անցել է 1,5 հազարից, 34 մարդ մահացել է:

Լոմբարդիայում Միլանի տակ գտնվող Լոդի քաղաքի շրջանում կան հիվանդության տեղային բռնկումներ, փետրվարի 21-ին բռնկումներ են գրանցվել նաեւ Վո բնակավայրում (Վեմետո մարզ): Այնուհետեւ վարակման դեպքեր են հայտնաբերվել նաեւ հյուսիսային այլ մարզերում՝ Պյեմոնտայում եւ Էմիլիա Ռոմանիայում: Առանձին դեպքեր են գրանցվել գրեթե բոլոր մարզերում, ներառյալ մայրաքաղաքային Լացիոն: Ֆրանսիական իշխանությունների որոշմամբ Հռոմում Ֆրանսիային պատկանող Սան Լուիջի դեի Ֆրանչեզի եկեղեցին փակել են այն բանից հետո, երբ հոգեւորականի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նա բուժում է ստանում Փարիզում, որտեղ ժամանել է անձնական տրանսպորտով՝ անցնելով Իտալիայի հյուսիսում վարակման ռիսկի գոտիով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ