News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին՝ բարերար Լորեն Փաուել Ջոբսը չի պատրաստվում իր երեխաներին թողնել բազմամիլիարդանոց ժառանգություն, որը նրան է հասել ամուսնու մահից հետո, հայտնում է The New York Times-ը:

«Ես շահագրգռված չեմ հարստությունը սերնդեսերունդ բազմապատկելով, եւ իմ երեխաներն այս մասին գիտեն,- շեշտել է Փաուել Ջոբսը: - Սթիվը դա չէր ցանկանում: Եթե ես բավականաչափ երկար ապրեմ, ամեն ինչ ինձնով կավարտվի»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ իրավիճակը, որի պարագայում մարդկանց ոչ մեծ խումբը վերահսկում է զգալի գումար, «սխալ է եւ անարդարացի»: «Մենք դա տեսել ենք XIX-XX դարերի սահմանագծին՝ Ռոքֆելերների, Քարնեգիների, Մելոնների եւ Ֆորդերի ընտանիքների օրինակով: Նման կուտակումը հանրության համար վտանգավոր է: Այդպես չպետք է լինի»,- նշել է Ջոբսը:

2011 թվականի հոկտեմբերին 56 տարեկանում ենթաստամոքսային քաղցկեղի հետեւանքով մահացած Սթիվ Ջոբսի այրին երեք երեխա ունի: The New York Times-ը նրա կարողությունը գնահատում է 27,5 մլրդ դոլար: Փաուել Ջոբսը 2004 թվականին հիմնել է Emerson Collective բարեգործական կազմակերպությունը, որը զբաղվում է նաեւ սոցիալական անհավասարության կրճատմանն ուղղված նախագծերով:

1976 թվականին ստեղծված Apple-ն արտադրում է iPhone սմարթֆոններ, պլանշետներ, iMac համակարգիչներ, MacBook նոթբուքեր, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը Կուպերտինոյում է (Կալիֆոռնիա նահանգ), աշխարհում ամենախոշորներից մեկն է: Ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմում է գրեթե 1,4 տրլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ