News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը փաստորեն այս պահին շենքն է ղեկավարում: այս մասին այսօր` մարտի  2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը:

«Ինքը փաստորեն շենքն է ղեկավարում եւ մոտ տասնը քանի հոգիանոց անձնակազմը, որ այս պահին կա: Իհարկե, ինքը հայտարարեց, որ մեր դիմումները չի մակագրելու, բայց մենք մեր որոշման մեջ հաստատակամ ենք, ի վերջո, ինչքան ժամանակ չի մակագրելու»,-ասաց նա:

Կենտրոնի մեկ այլ աշխատակից, բժիշկ-լաբորանտ Տաթեւիկ Սահակյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ  կենտրոնի միացման որոշումը տեղի ունեցավ առանց որեւէ քննարկման եւ անթույլատրելի էր նման վերաբերմունքը բժշկի եւ բուժաշխատողի նկատմամբ:

«Ամեն դեպքում մեր պահանջը դա մասնագիտական քննարկումն է. մեր ձայնը լսելի չլինելն է, որ էսօր մեզ փողոց է հանել: Շատ դժվա՞ր բան է մի տարվա մեջ նախարարը մի ժամ ժամանակ գտներ, տրամադրեր մեզ, օրինակ ես վիրավորված եմ նախարարից: Դիմում գրելը պայքարի ձեւ է, էլ ո՞նց դիմենք. Մենք սկզբում հրավիրում ենք, նախարարը չի գալիս, մեր էջում նշում ենք իրենց որոշման անհիմն լինելը, հետո արդեն տնօրեն են փոխում, որը գալիս է եւ միանգամից սպառնալիքների լեզվով է խոսում»,- ասաց նա` նշելով, որ իրենք արդեն մի անգամ նկատողություն են ստացել Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնելու համար:

Նա հույս հայտնեց, որ որոշումը կսառեցնեն, մասնագիտական քննարկում կանցկացնեն, ոչ թե իրենց կստիպեն անցնել փողոցային պայքարի:  

Հիշեցնենք, որ  նրանք նախ բողոքում էին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեմ, այնուհետեւ դեմ էին Առողջապահության նախարարի այն հրամանին, որ ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնը միացվելու էր ինֆեկցիոն բուժհաստատության կազմին: Նշենք, որ 2 օր առաջ կենտրոնի ողջ աշխատակազմը աշխատանքից ազատման դիմում է գրել:

Նշենք, որ ԱԺ-ում զուգահեռ ընթանում է նաեւ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկում են ՁԻԱՀ կենտրոնի հարցը:

Տպել
Ամենաշատ