News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի հզորությունները նախարարությունը նպատակ ունի օգտագործել նաեւ այլ հիվանդությունների բուժման ժամանակ: Այս մասին այսօր` մարտի 2-ին, ԱԺ-ում ասաց  առողջապահության նախարարության «Գլոբալ հիմնադրամի» ծրագրերի խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացի խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ:

«Ընդհանրապես մոնոպրոֆիլ հաստատությունները առողջապահական համակարգի զարգացման տեսանկյունից համարվում են հնացած բան: Մոնոպրոֆիլ հաստատություններ առաջանում են, երբ որ հիվանդությունների բուժումը, հիվանդությունների ախտորոշման եւ բուժման արդյունավետ եղանակներ չկան: Այդպիսին է եղել ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի առաջացման հիմքերը, երբ որ 30 տարի առաջ կենտրոնն առաջացել է, երբ որ հիվանդության բուժման արդյունավետ մեթոդներ չկային: Արեւմտյան տեսանկյունից, երբ որ հիվանդությունը այլեւս խնդրահարույց չի, նույնիսկ եթե լինեն հոգեկան հիվանդների բուժման արդյունավետ դեղեր, կարելի է դիտարկել  բազմապրոֆիլ կազմակերպությունների կազմում: Ընդհանրապես միավորումները համարվում են արդյունավետ, միավորվում են նաեւ մասնավոր կազմակերպությունների հետ, միավորվում են, որպեսզի բարձրանա կառավարման  արդյունավետությունը, որն  ըստ էության ոչ մի կապ չունի բժշկական ծառայությունների մատուցման հետ:  ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը գոյություն ունի 30 տարի , 30 տարում կենտրոնը ունեցել  է բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր, որից զրկված են եղել առողջապահության այլ ոլորտները: Հիմա այդ բոլոր հզորությունները նախարարությունը նպատակ ունի օգտագործել նաեւ այլ հիվանդների, մասնավորապես ուզում եմ նշել հեպատիտները»,-ասաց նա:

Նրա խոսքով` մեր երկրում Հեպատիտ Ց-ով հիվանդներն ավելի շատ են, քան ՄԻԱՀ- ՁԻԱՀ-ով հիվանդները եւ այս որոշումը կբարձրացնի այս հիվանդությունների բուժման արդյունավետությունը:

«Այսօր մեր երկրում պոտենցիալ 120 հազար մարդ ունեն հեպատիտ Ց, իսկ ՄԻԱՀ- ՁԻԱՀ-ով մենք ունենք այս պահի դրությամբ 2700 անձ, ում կարգավիճակը հայտնի է, եւ ինչու չկարողանանք այդ հզորությունները օգտագործել նաեւ այլ հիվանդների ախտորոշման եւ բուժման նպատակներով: Օրինակ անցած տարի ՁԻԱՀ-ի կենտրոնը ստացել է մեկ հատ բիոքիմիական անալիզատոր ավտոմատ սարք,  որը 1 ժամում կարող է անել 400 տեստ:  Եւ գիտեք ինչի համար է ստացել, որովհետեւ ՁԻԱՀ-ի կենտրոններին աշխարհում օգնում են, էդ դոնորներին եթե ես հիմա ասեմ, եկեք մի հատ էլ նման սարք գնենք ինֆեկցիոն հիվանդանոցի համար, իրենք ասում են, դուք ունեք մի  հատ սարք որը կարող է ծառայել բոլորին: Իմ կարծիքով այս միավորմանը պետք է այլ ծառայություններ էլ միանան հետագայում: Ինձ ասեք` ինչու  ՁԻԱՀ-իւ կենտրոնի աշխատակիցները լինելով ինֆեկցիոնիստ պետք է զբաղվեն միայն ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով, եւ մյուս ինֆեկցիոնիստները չպիտի իմանան ինչպես բուժել հիվանդությունը»,-ասաց նա`հավելելով, որ որոշման ծախս- արդյունավետության մասին իրենք կիմանան միայն միավորելուց հետո:

Հիշեցնենք, որ  ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներն այսօր` մարտի 2-ին, բողոքի ակցիա էին անցկացնում ԱԺ շենքի դիմաց:

Նրանք բողոքում էին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեմ, նաեւ դեմ էին Առողջապահության նախարարի այն հրամանին, որ ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնը միացվելու էր ինֆեկցիոն բուժհաստատության կազմին: Նշենք, որ 2 օր առաջ կենտրոնի ողջ աշխատակազմը աշխատանքից ազատման դիմում է գրել:

Տպել
Ամենաշատ