News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Թալիբան»-ը չի մասնակցի ներաֆղանական բանակցություններին նախքան 5000 ձերբակալված թալիբների ազատ արձակումը, հայտարարել է «Թալիբան»-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Շաբաթ Միացյալ Նահանգների եւ թալիբների միջեւ ստորագրված համաձայնագրի համաձայն՝ երկու կողմերը պարտավորվում են հասնել ռազմական եւ քաղաքական բանտարկյալների ազատ արձակմանը՝ որպես վստահության ամրապնդման միջոց: Համաձայնագիրը նախատեսում է մարտի 10-ին մինչեւ 5 000 թալիբի ազատում աֆղանական կառավարության 1000 գերիներին փոխանակելու պայմանով:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին, որը չէր մասնակցել բանակցություններին, մերժել է այդ պահանջը:

«Մենք լիովին պատրաստ ենք վարել ներաֆղանական բանակցություններ, սակայն մենք սպասում ենք մեր 5 000 բանտարկյալների ազատ արձակմանը»,- Reuters-ին ասել է «Թալիբան»-ի ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը: «Եթե նրանք ազատ չարձակվեն, ներաֆղանական բանակցություններ չեն լինի»:

Միացյալ Նահանգները հայտարարել են, որ հույս ունեն, որ քաղաքական կարգավորման եւ հրադադարի մասին բանակցությունները կմեկնարկեն առաջիկա օրերին, սակայն արեւմտյան դիվանագետներն ու վերլուծաբանները տեսնում են լուրջ խնդիրներ:

Նախօրեին Գանին ասել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի խնդրել բանտարկյալներին ազատել եւ որ այդ հարցը պետք է քննարկվի համապարփակ խաղաղ համաձայնագրի շրջանակում:

Զաբիհուլան ասել է, որ 5000 բանտարկյալների մեծամասնությանը բռնել էին ամերիկյան ուժերը եւ նրանք պահվում են աֆղանական կառավարական բանտերում, եւ որ նրանք նախապատվությունը տվել են հիվանդ եւ տարեց բանտարկյալներին:

«Քանի որ մարդիկ վայելում են բռնության մակարդակի անկումը, մենք չենք ցանկանում խոչընդոտել նրանց երջանկությանը, սակայն դա չի նշանակում, որ մենք չենք վերադառնա մեր սովորական ռազմական գործունեությանը»,-ասել է նա՝ հավելելով, որ դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահին:

Ըստ համաձայնագրի՝ Միացյալ Նահանգները պարտավորվում են կրճատել Աֆղանստանում իրենց զորքերի թիվը՝ 13 000-ից հասցնելով դրանք 8 600-ի ստորագրման պահից սկած 135 օրվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ