
«Մենք գտնվում ենք հայտնի ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի ստեղծած ցանցի տոտալ ագրեսիայի ներքո, հասարակության գիտակցության վրա այդ տոտալ ագրեսիան Ջորջ Սորոսի հիմնադրած «Բաց հասարակությունների հիմնադրամի» և տեղեկատվական ենթակառուցվածքների կողմից է իրականացվում»,-հայաստանյան Վետօ հասարակական-քաղաքական շարժման ներկայացուցիչների հետ Մոլդովայում կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է մոլդովացի քաղաքական գործիչ, լրագրող, Մոլդովայի «Ազգային համալսարանի» ներկայացուցիչ Յուրի Ռոշկան:
Ռոշկան ընդգծել է, որ հասարակության գիտակցությունը ձևախեղող պրոցեսներ են տեղի ունենում, սակայն դրանց վտանգը միշտ չէ, որ ընկալելի է հենց հասարակության կողմից: Մոլդովացի գործիչն այս առումով կարևորել է քաղաքացիական հասարակության դերը` նշված գործընթացներին սթափ գնահատական տալու տեսանկյունից:
Յ.Ռոշկայի գնահատմամբ՝ մեր օրերում Ջորջ Սորոսի և նրա ստեղծած ցանցի մասին խոսում են ամենուր` բոլոր մայրցամաքներում ու քննարկում են, թե ինչպես հաջովեց մեկ մարդուն այսքան հմտորեն տարածել իր սարդոստայնը` աշխարհով մեկ:
Այնինչ Սորոսի «հաջողության» գաղտնիքը, ըստ մոլդովացի գործչի, չակերտավոր բարի նպատակների մասին բարձրաձայնող այն գործիչներն են, որոնք, քողարկվելով ժողովրդավարական վեհ գաղափարներով, իրականում տարածում են այն քարոզչությունը, որը ձեռնտու է հենց Սորոսին` ընդլայնելու համար իր ազդեցությունը:
«Գլոբալ այս սարդոստայնի ամենակարևոր զենքը իրենք իրենց իրավապաշտպան համարողներն են, փորձագետներն ու ծախու լրագրողները, որոնք ամեն երեկո հայտնվում են մեր հեռուստացույցների էկրաններին: Նրանք մեզ ներկայանում են որպես անաչառ, չեզոք, ժողովրդավար, արևմտամետ ինտելետկուալներ, որոնք բարին են ցանկանում իրենց ժողովրդին: Սա է ամենահաջողված հնարքը, սակայն դա հիմնված է ստի վրա: Այդ խորամանկ սուտը քողարկվում է լավ ու բարի նատակներով և բավականին հաջող քարոզվում մեր հասարակություններին»,-ասել է նա: