
ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը «Բաց հասարակություններ հիմնադրամի» կողմից Հայաստանում տարվող գործունեությունը որակել է որպես պետության ու իշխանության զավթում: Այս մասին նա խոսել է Մոլդովայում` «Օլիգարխ Ջորջ Սորոսի ցանցի դեմ պայքարի արդյունավետ մեթոդները. հայկական փորձը» թեմայով ասուլիսի շրջանակներում:
Մալյանը, մատնանշելով «Բաց հասարակություններ հիմնադրամի» «Սորոսի գրասենյակի» գործունեության վտանգները, ասել է, որ Մոլդովան դեռ ունի հնարավորություն այնքան խորը չընկնելու այն փոսը, որում հեղափոխությունից հետո հայտնվել է Հայաստանը:
ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավարն ընդգծել է, որ «Սորոսի գրասենյակի» կողմից Հայաստանում վերջին 2 տարում տարվող քարոզչությունն ուղղված է Հայ առաքելական եկեղեցու և հայկական բանակի դերն արժեզրկելուն, ոստիկաններին սպանած ահաբեկիչների ու մարդասպանների հերոսացմանը, ԼԳԲՏ համայնքի նկատմամբ հանդուրժողականության սերմանմանը:
Նարեկ Մալյանի խոսքով` Ջորջ Սորոսին Հայաստանում հաջողվել է զավթել գործադիր և օրենսդիր իշխանությունը, այնտեղ ներդնել իր մարդկանց: «Ջորջ Սորոսը Հայաստանի խորհրդարանում իր սեփական խմբակցությունն ունի: Այսօր նրա վարձկանները ցանկանում են նաև դատական իշխանության վրա տոտալ վերահսկողություն սահմանել: Դա կոչվում է պետության զավթում: Ապրիլի 5-ին Հայաստանում հանրաքվե է նշանակված, այն հակասահմանադրական է, բայց կայանալու է, և դրա միջոցով իշխանությունը հեռացնելու է ՍԴ-ի այն դատավորներին, որոնք իրեն չեն ենթարկվում ու կանգնեցնում են «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացումը, քանի որ ՍԴ-ի ներկա կազմը չի գնա իր իսկ պետության ու երեխաների դեմ»,- ասել է ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավարը: