News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Անցած հանգստյան օրերը իրադարձությունների թավագլոր զարգացման առումով պակաս բուռն չէին, քան վերջին շրջանում բոլոր նախորդները, բայց այս կիրակի Հայաստանն արթնացավ միանգամայն նոր իրավիճակում։ Չարձագանքելով որոշ բժիշկների ու հանրային գործիչների՝ «Մարտի 1-ի» տարելիցի կապակցությամբ երթը չեղարկելու կոչին, պաշտոնական լրահոսը շաբաթ երեկոյան հանգամանալից բացատրում էր քաղաքացիներին, թե Երեւանի որ փողոցներն են փակ լինելու՝ երթի առիթով, որտեղից է սկսվելու այն եւ որտեղ ավարտվելու։ Լուսադեմից առաջ պարզվեց, սակայն, որ կորոնավիրուսը թափանցել է նաեւ Հայաստան։ 

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, վաղ առավոտյան ֆեյսբուքջում գրեց վարչապետը։ Վարակվածը 29 տարեկան քաղաքացի է, որը կնոջ հետ օդանավով ժամանել է Թեհրանից։ Կինը, պարզվեց, վարակված չէ, երիտասարդի հետ ռիսկային շփում ունեցած բոլոր մարդիկ կմեկուսացվեն, կհայտաբերվեն նաեւ տաքսիստները, որոնք տուն են բերել, հետո էլ նրան հիվանդանոց տարել, նշեց Փաշինյանը, նաեւ տեկացրեց, որ լույսը բացվելուն պես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում կքննարկվի «Մարտի 1-ի» երթը չեղարկելու հարցը, եւ հանգստություն պահպանելու կոչ արեց։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը։ Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը, նշված էր կուսակցության տարածած հայտարարությունում։

Դրանից հետո վարչապետ Փաշինյանը, նոր գրառմամբ, ազդարարեց, թե կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը լավ է, նույնիսկ ջերմություն չունի։ Պարզվել է, որ պացիենտը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել։ Օդանավակայանից տուն գնացել է նույն օդանավով ժամանած ծանոթի մեքենայով, տնից հիվանդանոց՝ շտապօգնության մեքենայով, գրել է Փաշինյանը, ավելացնելով, որ առողջապահության նախարարը ասուլիս կհրավիրի եւ կպատասխանի բոլոր հարցերին։

Վարակված քաղաքացին ինքն է դիմել բժշկի եւ նրա վիճակը լավ է, հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, իսկ հիմա չունի, ասուլիսում նշել է առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանը։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը՝ երեքին։ Իրանից ժամանած 32 քաղաքացի մեկուսացվել է և գտնվում է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում, ասել է նա եւ կոչ արել դադարեցնել բարեւելիս համբուրվելը և ձեռքով բարեւելը:

Երևան-Միլան չվերթները պետք է դադարեցվեն, ֆեյսբուքում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը։ «Այնպես ինչպես Իրանից են եկել և 14 օր կարանտին չի կազմակերպվել, հիմա էլ Միլանից են գալիս նույն կերպ, և եթե կորոնավիրուս հայտնաբերվի այդ մարդկանից որևէ մեկի մոտ, այն ժամանակ նոր իրենց հետ շփվողներին էլ կմեկուսացնեն։ Դրա փոխարեն Երևան-Միլան չվերթները պետք է դադարեցվեն», կոչ է արել Էդմոն Մարուքյանը:

Միլան-Երևան չվերթները չեղարկելու կարիք այսօրվա դրությամբ չկա, ասել է առողջապահության նախարարը։ Դեպքերն Իտալիայում շատ լոկալ են, նշել է Արսեն Թորոսյանը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյբուքյան էջում  գրառում  է արել կորոնավիուսի վերաբերյալ, քիչ անց հեռացրել: Դպրոց-մանկապարտեզ փակել-չփակելու բանավեճին արձագանքելով, նա գրել էր. «Կներեք ծնողներ ջան, ի՞նչն է խանգարում ձեր երեխային դպրոց կամ մանկապարտեզ չտանելը, եթե շատ եք վախենում վիրուսից»: Ավելի բուռն քննարկումներից հետո նա ջնջել է իր գրածը։ Մասնավորապես Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը գրել է, որ նախ կրթօջախ հաճախելու հարցը ծնողի որոշելիքը չէ, բացի այդ, մարդիկ վիրուսից չեն վախենում, այլ, նրա ձեւակերպմամբ, գործող իշխանության անպատասխանատու, անհեռատես, անգրագետ գործունեությունից։

«Մեր հայրենակիցը, որի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, այս պահին շարունակում է ջերմություն չունենալ, ըստ էության ոչ մի բողոք չունի, ճիշտ է գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում, բայց բուժման գործողություն չի արվում, որովհետև դրա անհրաժեշտություն չկա։ 31 քաղաքացի է այս պահին մեկուսացված, որեւէ մեկը ջերմություն չունի», հերթական ֆեյսբուքյան լայֆում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաեւ հրապարակել է դասերը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումը։ «Սա արվում է ոչ միայն այն պատճառով, որ մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք ուղիղ համաճարակային խնդիր ունենք, այլ նաև, որ մեզ մի որոշ ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչ է կատարվում», ասել է նա։

Ավելի ուշ Փաշինյանը գրել է, թե ընտանիքով որոշել են երեկոն անցկացնել Ծաղկաձորում: «Նաեւ կգիշերենք հյուրանոցներից որեւէ մեկում»,- նշել է նա։

Արդեն Ծաղկաձորում վարչապետը լուսանկար է հրապարակել տեղի ռեստորաններից մեկից եւ գրել. «Սրահը համարյա լեցուն է։ Այդ թվում օտարերկրացի զբոսաշրջիկներով»:

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցից, որտեղ գտնվում են կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիները: «Նրանք  5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝  ներառյալ սնունդը: Բացառված է նրանց շփումն արտաքին աշխարհի հետ», գրել է նա։

«Գոլդեն Փելես» տանող ճանապարհը հսկում են ոստիկանները։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ տարածքում ելումուտը միայն ոստիկանների թույլտվությամբ է իրականացվում։ Լրագրողները հանդիպել են հյուրանոցից դուրս եկող մի քաղաքացու, որը ներկայացել է անվտանգության աշխատակից եւ հայտնել, թե դեղեր է բերել հյուրանոց։

Հայաստանում չկա ապրանքների արհեստական դեֆիցիտ, կա դեֆիցիտ, լրագրողներին ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը, պատասխանելով բժշկական դիմակների սղության մասին հարցին: Կա որոշակի խմբաքանակ, որ պահեստավորված է հիվանդանոցների համար, առողջապահության նախարարության համար, ասել է նա:

Հաշվի առնելով տարածաշրջանում համաճարակային իրավիճակը, որոշվել է երկարացնել եւ խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության հարցում, կառավարությունում կորոնավիրուսի կանխարգելման թեմայով նիստի ժամանակ նշել է երկրի վարչապետը: Նա կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին հնարավորինս սահմանափակել ուղեւորություններն Իտալիայի եւ Թուքիայի ուղղությամբ: Կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք, ասել է  Փաշինյանը:

Եթե առաջ ալյուր, շաքարավազ, մակարոնեղեն մարդիկ գնում էին կես կիլոգրամ, ապա հիմա մի քանիսը, հաճախորդներից մեկն էլ 30 հազար դրամի միս տարավ, ասաց կպահեմ սառցարանում, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Երեւանի խանութներից մեկի վաճառողուհին՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքին հաջորդած խուճապին։

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3053-ի: Վերջին մեկ օրում աշխարհում գրանցվել է մահվան 44 դեպք, որից 42-ը Չինաստանում: Վարակման հաստատված 89 077 դեպք կա, մեծ մասը՝ Չինաստանում: Կորոնավիրուս է հայտնաբերվել աշխարհի 68 երկրում։ Իրանում մինչեւ օրս գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 54 դեպք եւ վարակման 978 դեպք: Վարակվածներով երկրորդ տեղում գտնվող Հարավային Կորեայի  իշխանությունները հայտարարել են համաճարակաբանական սպառնալիքի բարձրագույն մակարդակ:

Անհապաղ չեղարկեք հանրաքվեն, ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Կորոնավիրուսը Հայաստանում է։ Պետք է չեղարկել ցանկացած երթ, հավաք»,- նշել է նա։

Վարչապետը մամուլի նոր քարտուղար ունի. այդ պաշտոնում Փաշինյանը նշանակել է Մանե Գեւորգյանին։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Կարապետյանին ազատելուց հետո այդ պաշտոնը թափուր էր հունվարի սկզբից։

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները շարունակում են ցույցերը։ Անձնակազմը բողոքում է առանց իրենց հետ քննարկման կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորելու որոշման դեմ։

Այդ բուժհաստատությունների միավորման նպատակահարմարության վերաբերյալ ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մեկ ամիս առաջ հարցադրումներով դիմել է եւ նոր է պատասխանը ստացել, լրագրողներին հայտնել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ մի խումբ քաղաքացիներ պահանջում են արդար դատավարություն անցկացնել նախորդ տարի  հունիսին Մոսկվայի մարզում  Նիկիտա Բելյանկինի սպանության գործով: Փաստաբաններից  Կարեն Ներսիսյանը պատմել է, որ նախկին զինվորական Բելյանկինը ներխուժել է սրճարան, որտեղ հայերից մեկի տարեդարձն էր նշվում, դժգոհելով այլազգիների առատությունից կոնֆլիկտ է հրահրել, նրան խնդրել են հեռանալ, բայց նա 3 անգամ կրակել է ոմն Հովիկ Հայրապետյանի վրա` պարանոցին, կրծքին եւ ոտքին, հետո երբ ատրճանակը ուղղել է մյուսների վրա Հովիկը դանակով 3 անգամ հարվածել է Բելյանկինին, որոնցից մեկը մահացու է եղել: Միջադեպին ներկաներից 5 հոգու առաջադրվել է սպանության, 4 հոգու` խուլիգանության մեղադրանք:

Լույս մարտի 1-ի գիշերը  ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղը։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է համայնքապետ Սերոբ Մախսուդյանը։ Նա ասել է, որ գնդակոծել են գիշերը, տևել է մոտ 2 ժամ»։ Տուժածներ չկան։

Ռուսաստանը միակ երկիրն է, որի զինծառայողները օրինական հիմքերով են գտնվում Սիրիայում, հիշեցրել է Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչը  Վլադիմիր Պուտինին՝ Անկարային «դեմ առ դեմ» թողնել սիրիական իշխանությունների հետ։ Նրա խոսքով՝ Պուտինի եւ Էրդողանի մարտի 5-ի հանդիպումը Մոսկվայում հեշտ չի լինի։

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագը դարձյալ փայլուն է խաղացել Իտալիայի առաջնության հերթական  տուրում։ «Ռոման» հյուրընկալվել է  «Կալյարիին» եւ առավելության հասել 4։3 հաշվով։ Հենրիխ Մխիթարյանը այդ խաղում մեկ գոլային փոխանցում է արել ու մեկ գոլ խփել,  եւ հավակնում է ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.20 դրամով եւ կազմել  478.80 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.84 դրամով ու հասել 530.41 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 6.68 դրամով  ու կազմել  611.00 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով ու հասել  7.19 դրամի։

Մարտի 3-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա 4 օրում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երեւանում եւս տեղումներ չեն սպասվում. առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +1+3, վաղը ցերեկը՝ +12+14։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ