
Մոսկվան ակնկալում է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի միջեւ բանակցությունները կօգնեն լուծել իրավիճակը Իդլիբի շուրջ պարտավորությունների կատարման մասով, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք չենք կարող նպաստել միգրացիայի խնդրի լուծմանը ահաբեկչության դեմ պայքարի դադարեցման հաշվին... Խնդրի լուծումը կայանում է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների պայմանավորվածությունների լիարժեք կատարման մեջ, որոնք ձեռք են բերվել 2018-ի սեպտեմբերին Իդլիբում դեէսկալացիոն գոտու շուրջ: Նրանք, դժբախտաբար, դրանք դեռ կյանքի չեն կոչվում: Հուսով եմ, որ նախագահներ Պուտինի եւ Էրդողանի` այս շաբաթ նախատեսված հանդիպումը թույլ կտա մեզ փոխել իրավիճակը եւ շարժվել այն ամենի իրագործման ճանապարհով, ինչին մենք ձգտել ենք»,- ասել է Լավրովը Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: