News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նեոբոլշեւիկների ռեժիմը՝ հավատարիմ մնալով կարմիր տեռորի, Յագոդայի, Եժովի ու Բերիայի ավանդույթներին, հասարակական եւ պետական համակարգում լծվել է դավաճաններ հայտնաբերելու մոլուցքին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Այսինքն՝ ինչպես բոլշեւիկներն էին Քաջազնունուն, Չարենցին, Բակունցին, Սիլիկյանին, Բեկ-Փիրումյանին դավաճան հայտարարում, այնպես էլ նույն ոճով Փաշինյանի ռեժիմը, որը քննադատում է իրենց եւ պայքարում իրենց ապաշնորհ կառավարման դեմ, պոտենցիալ դավաճաններ կամ դավադիր ուժեր է դիտարկում:

Պարոնայք, դավաճանում են հայրենիքին, բայց ոչ երբեք՝ իշխանություններին: Իշխանությունները գալիս ու գնում են, իսկ հայրենիքը հավիտենական է:

Անմեղսունակություն է իշխանությունն ու հայրենիքը նույնականացնելը: Իսկ դավաճանություն վերջին 2 տարիներին քիչ չի եղել: Արցախի ազատագրության ղեկավարներին անհիմն կալանավորելը, մեղադրանք առաջադրելը, Ամենայն Հայոց Վեհափառի եւ Մայր Աթոռի վրա հարձակվելը, ԱԺ-ն տրանսգենդերության քարոզի հարթակ դարձնելը, Ալիեւին կիրթ եւ նորմալ համարելը... եւ այսպես շարունակ», գրել է Շարմազանովը։

«Ծառայեք հայրենիքին, այլ ոչ թե ռեժիմի սպասարկու դարձեք: Հովհաննես Քաջազնունու, Մովսես Սիլիկյանի, Դանիել Բեկ-Փիրումյանի անունների նման Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վիտալի Բալասանյանի անուններն էլ են ոսկե տառերով գրվելու հայոց ազատամարտի նորագույն պատմության մեջ:

Դուք ձեր դարդը լացեք, որ մեծ շանս ունեք հայտնվելու Եժովի ու Բերիայի աջ ու ձախ կողմերում, որոնց անունները ոչ միայն սերունդները, այլեւ նույնիսկ իրենց հետնորդներն են ամաչում արտաբերել», գրել է ՀՀԿ մամուլի խոսնակը եւ հետգրություն թողել.

«Հ.Գ. Փաշինյանին էլ ասեք էդ օտարերկրյա գործակալների անունները ե՞րբ է տալու, մի տարի է սպասում ենք»:

Տպել
Ամենաշատ