Բազմաթիվ են եղել հրապարակումները, որ պետական համակարգում ծրարով աշխատավարձ ստանալու դեպքեր են արձանագրվում: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նա դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Դուք եք դրան անդրադարձել ձեր ելույթներում: Օրինակ, մեկ տարի առաջ կառավարության ծրագիրը ներկայացնելիս ԱԺ ամբիոնից նշեցիք, որ պարգեւավճարներ ստացող պաշտոնյաները 1,5 տարի առաջ ծրարով փող են ստացել: Ակնհայտ է, որ սա համակարգային կոռուպցիայի նշան էԱրդյոք այս 2 տարվա ընթացքում իրավապահ մարմիններըզբաղվել են ձեր այդ հայտարարությամբ եւ որեւէ նման բացահայտում եղել է, թե ոչ: Մասնավորապես, արդյոք պարզել են, թե ովքեր են ստացել նման գումարներ, ինչքան են ստացել եւ ամենակարեւորը՝ ումից են ստացել: Չեք պատրաստվում դիմել ԱԱԾ-ին, որ հարցաքննեն նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, առնվազն տալով այդ պարզ հարցը՝ թե արդյոք փող ստացել են եւ ով է տվել»,-ասաց Թանդիլյանը:
Նա նկատեց, որ այսօրվա կառավարությունում էլ կան նախարարներ, որոնք նախկին իշխանությունների ժամանակ զբաղեցրել են բարձր պաշտոններ. «Արդյոք նրանք մաս են կազմել այդ համակարգային կոռուպցիային, արդյոք դուք այդ հարցը ձեր նախարարներին ուղղել եք, թե ոչ եւ ինչ պատասխան եք ստացել, եթե ուղղել եք»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո այնքան հայտարարություններ եմ արել, որ ակնհայտորեն իրավապահ մարմինները չեն հասցնում դրանցով զբաղվել: Ես էլ իմ դժգոհությունն եմ արտահայտել մի քանի անգամ, որ իրավապահ մարմինները ոչ ամբողջ ծավալով են իրականացնում այն հակակոռուպցիոն քաղաքականությունը, որ ես ակնկալում եմ:
Ինչ վերաբերում է այսօրվա կառավարության անդամներին, ես նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ, անկեղծ ասած, ցանկություն էլ չունեմ: Երբ իրավապահ մարմինները այնքան արդյունավետ կլինեն, որ իմ բոլոր հայտարարություններով կհասցնեն զբաղվել, կարձանագրենք, որ լուրջ հաջողությունների ենք հասել»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ ընդհանրապես, ծրարով փող տալու պրոցեսը տեղի է ունենում երկու մարդկանց միջեւ եւ դա բացահայտելը այնքան հեշտ չէ, եթե նույնիսկ ամենազարգացած երկրներում. «Համենայնդեպս, այն պահին, երբ ես նման հայտարարություն արել եմ, այդ երեւույթն արդեն իսկ դադարեցված է եղել: Եթե հանկարծ այդպիսի տեղեկություններ ունենաք, խնդրում եմ անպայման հայտնեք, որովհետեւ նման բան չկա եւ չպետք է լինի»:
Մանե Թանդիլյանը նշեց, որ ցավով է արձանագրում, որ վարչապետը հայտարարում է, որ իրավապահ համակարգում կան դավաճաններ ու դրանից հետո ոչ ոք դրա հետեւից չի գնում:
Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ իր բոլոր հայտարարություններին հետեւում են գործողություններ, բայց պարտադիր չէ, որ դրանք լինեն բաց, որ դեպքեր կան, որ բացահայտումները չհասնեն ձերբակալման, կալանավորման կամ դատավճիռների:
«Քանի որ շատ եք ուզում, որ իմ նախարարներին նման հարց տամ եւ քանի որ դուք էլ եք եղել իմ կառավարության նախարարներից, ուզում եմ հիմա ձեզ հարցնել՝ եղե՞լ է նման բան ձեզ հետ, թե ոչ»,-ասաց վարչապետը:











