Գյումրիում նախօրեին ծեծի հետևանքով սպանված կինը ընտանեկան բռնության երրորդ զոհն է 2020թ. ընթացքում։ Այս մասին այսօր՝ մարտի 6–ին, Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ 

«Այնպես ինչպես սպանությունները Զինված ուժերում, ընտանիքում էլ բռնությունն անթույլատրելի է և խարխլում է այդ ինստիտուտի նկատմամբ վստահությունը։ Ընդամնեը երկու օր հետո մեզանից շատերը մարտի 8–ը կնշեն, փուչիկներ ու ծաղիկներ կառնեն, կանանց ծաղիկներ կնվիրեն։ Բայց շատ ավելի կարևոր է, որ հասկանանք որպես քաղաքացի, իրավապահ համակարգի դերը պետք է վերաիմաստավորվի, որպեսզի բռնությունն իրապես արմատախիլ արվի մեր հասարակությունից»,– ասաց նա։

Թեմային անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ դեպքը տեղի է ունեցել օրը ցերեկով Գյումրիի՝ բավական խիտ բնակեցված թաղամասում, «հասարակության անտարբերության ներքո»։ Նրա խոսքով՝ հարևանների հետ զրույցներից էլ ակնհայտ է դառնում, որ այդ տան անդամները պարբերաբար կապտուկներով են եղել։

 «Ոմանք կարծում են, որ չէ, դա չկա և մեր ազգային նկարագրին դա հարիր չէ։ Կա, և այնքան է սերտաճել, որ շատ մարդիկ անգամ սառնասրտորեն են վերաբերվում ... Ծանր է դեպքը, և եթե մենք շարունակենք անտարբեր ձևանալ, ապա այս դեպքերը գնալով կշատանան»,– ասաց նա։

Նազելի Բաղդասարյանի հավաստմամբ՝ դեպքը եզակի բնույթ չի կրում։ Եվ եթե հասարակական հնչեղության պատճառով այս դեպքը հայտնվեց պատկան մարմինների ու հասարակության ուշադրության կենտրոնում, ապա «քանի՜–քանի այսպիսի դեպքեր կան, որոնց մասին մարդիկ լռում են»։

Պատգամավորը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ նույնիսկ ԱԺ դահլիճում կան մարդիկ, ովքեր հակված են ընտանեկան բռնությունը դիտարկել որպես «դրսից սերմանված» երևույթ։ Եզրափակելով իր խոսքը՝ նա վստահեցրեց. «Մեզ հարկավոր են այնպիսի օրենքներ, որոնք կբացառեն ցանկացած տեսակի բռնությունը»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիում մարտի 5–ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ոստիկանները հայտնաբերել են 43-ամյա կնոջ դին եւ իր 13-ամյա դստերը՝ ծայրահեղ ծանր վիճակում. հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա երիտասարդ։ Հայտնաբերվել եւ հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ, որը, ըստ մամուլի տեղեկությունների, մահացած կնոջ ընկերն է եղել և, նախնական տեղեկություններով, ծեծի է ենթարկել մորն ու դստերը։