Թուրքիան մտադիր է պահպանել Իդլիբում ռազմական ներկայությունը: Իդլիբում տեղակայված է Թուրքիայի 12 դիտակետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Իդլիբում մեր ռազմական ներկայությունն իր բոլոր տարրերով կմնա: Զորքերի դուրսբերման մասին խոսք չկա, մեր զորքերը կմնան իրենց տեղում»,- ասել է նա, հաղորդում է Anadolu-ն:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը մարտի 5-ին Մոսկվայում կայացած բանակցություններում պայմանավորվել են հրադադարի հաստատման եւ մի շարք այլ միջոցառումների մասին, որոնք ուղղված են իրավիճակի կարգավորմանը Իդլիբում: Նրանց կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են, որ այս տարածաշրջանում ռազմական գործողությունները դադարեցվելու են շփման գծի ողջ երկայնքով` մարտի 6-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո: Մարտի 15-ից Ռուսաստանի Դաշնությունը եւ Թուրքիան համատեղ պարեկություն կիրականացնեն Մ-4 մայրուղու վրա, որի երկայնքով անվտանգության միջանցք կստեղծվի: Մոսկվան եւ Անկարան վերահաստատել են իրենց` Սիրիայի ինքնիշխանության պահպանմանն ուղղված հանձնառությունը եւ պայմանավորվել են շարունակել վճռական պայքարը ահաբեկչության դեմ: