«Մենք կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումների մասնակցելուց եւ կազմակերպելուց: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առավել եւս մեր այն հայրենակիցներին, որոնք ունեն որեւէ ախտանշան, որ իրենց մոտ կարող է վարակվածության դեպք արձանագրվել»,-ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով աշխատում է, այսօր էլ նիստ տեղի կունենա. «Մենք իրավիճակի զարգացմանը հետեւում ենք ամենժամյա ռեժիմով: Երբ այս ժամին կայացրած մեր որոշումը վերանայելու անհրաժեշտություն լինի, մենք դա կանենք:

Այս պահին նոր ախտորոշման դեպքեր չունենք: Օպերատիվ ձեւով աշխատում ենք հետեւել իրադարձությունների զարգացմանը: Ոչ մի պարագայում անկանոն շարժումներ անելու անհրաժեշտություն չկա:  Մեր բոլոր որոշումները պետք է լինեն մտածված»,-ընդգծեց վարչապետը:

Նա նշեց, որ իրենց օպերատիվ ամենամեծ խնդիրը Էջմիածնում տեղի ունեցած հայտնի նշանադրության մասնակիցների եւ նրանց շփման ամբողջական շրջանակը պարզելն է՝ հասկանալու համար, որ ամբողջությամբ այդ մարդկանց քարտեզը պատկերացնում են:

«Բոլոր այն քաղաքացիներին, որոնք մասնակցել են այդ միջոցառմանը կամ ախտանշաններ ունեցող քաղաքացիների հետ շփում են ունեցել, ես նրանց ուղղակի կոչ եմ անում նախ ինքնամեկուսացվել, ապա տեղեկացնել պետական մարմիններին: Դա կարելի է անել ոստիկանության միջոցով, շտապօգնության միջոցով, որպեսզի մենք կարողանանք լիարժեք այս իրավիճակը հսկողության տակ առնել»,-ասաց վարչապետն ու հավելեց. «Կորոնավիրուսի ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան: Շատ կարեւոր է, որ մենք այս իրավիճակից դուրս գանք ուժեղացած, ոչ թե թուլացած»: