Այս պահին Հայաստանում ախտահանիչների դիֆիցիտ չկա, խնդիրն այն է եղել, որ արտադրողները չէին պատկերացրել այդ ծավալի պահանջարկ կլինի։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը։
«Մենք ամեն օր դիտարկումներ են անում՝ անկախ այս դեպքից։ Ալկոգելի մասով երեկ հանդիպում եմ ունեցել ներքին արտադրողների հետ, օրական 6-7 տոննա ալկոգել է արտադրվում Հայաստանում։ Մենք խոսելու ենք նաեւ դեղատների հետ, իրենք ստանում են ու արագ վերջանում է։ Չեմ կարող ասել՝ սպառումը ամբողջ Հայաստանում ինչքան է, բայց բնակչության թվով դա բավականացնում է։ Կա նաեւ պահեստավորված որոշակի խմբաքանակ, եթե ուսումնական հաստատություններում պետք լինի պահեստավորված խմբաքանակ ունենք, որ կտրամադրենք»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը։
Դիմակների մասով Գեւորգյանն ասաց, որ տարբեր աղբյուրներից եւ տարբեր գներով է ձեռքբերվել, այդ պատճառով կան գնային փոփոխություններ. «Մեզ տնտեսվարողները հայտնում են, որ գների նվազեցման միտում կա, որովհետեւ Չինաստանն էլ է վաճառքի առաջարկ արել, սակայն գինը մի փոքր բարձր է։ Հիմա շուկայում, մեծածախի մասին է խոսքը, գները 150-ից 200 դրամ են։ Նաեւ փոքր լոկալ արտադրություն են սկսել անել տնտեսվարողները, գինը մոտ 200 դրամ է։ Եթե գնման անհրաժեշտություն լինի, ապա մենք Առողջապահության նախարարության հետ կապի մեջ ենք, տնտեսվարողները եւս կարող են պահանջարկը ապահովել»։
Գեղամ Գեւորգյանը շեշտեց, որ ախտահանիչների դիֆիցիտ չկա. «Ուղղակի խնդիրն այն է եղել, որ արտադրողները չէին կարող պատկերացնել այդ ծավալի պահանջարկ կլինի։ Ալկոգելի որեւէ գին չի բարձրացել։ Դիմակների գների բարձրացումն էլ պայմանավորված է նրանով, որ ներկրվում էր Ռուսաստանից եւ Չինաստանից, խնդիր առաջացավ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում»։
Լրագրողի դիտարկմանը, թե դեղատները սահմանափակ քանակությամբ են վաճառում դիմակները, Գեւորգյանն ասաց. «Եթե անսահմանափակ ծավալով չվաճառենք, ապա օրական ֆիզիկական ծավալը կարող ենք չհասցնել»։
Գեւորգյանը նշեց նաեւ, որ հանդիպել է խոշոր առեւտրային ցանցերի ղեկավարների հետ, խանութներում խուճապ չկա․ «2 օր է, որ քաղաքացիները մեծ ծավալի գնում են արել, դա պահեստից բերել եւ լրացվել է։ Որեւէ ապրանքի մասով դեֆիցիտ չկա»։











