Հայկական ծագում ունեցող ամերիկացի Լեւոն Թերմենջյանը ԱՄՆ-ում 10 կետով մեղավոր է ճանաչվել, այդ թվում՝ փողերի լվացում եւ փոստային խարդախություն, հաղորդում է AP-ը:
Լեւոն Թերմենջյանը, հայտնի նաեւ որպես Լեւ Ասլան Դերմեն, անցնում է Washakie Renewable Energy LLC ընկերության սեփականատեր Ջեյկոբ Քինգսթոնի եւ ֆինանսական տնօրեն Իսայ Քինգսթոնի մեղադրական գործով: Նրանք մեղադրվում են առեւտրային զեկույցների կեղծման օգնությամբ ավելի քան 500 մլն դոլարի հարկային սուբսիդիաներ ծախսելու մեջ:
Դերմենի փաստաբան Մարկ Գերագոսը հայտարարել է, որ իրեն հիասթափեցրել է վճիռը եւ հավելել է, որ կշարունակի պայքարն ու կապացուցի Դերմենի անմեղությունը: Բացի այդ, Գերագոսը պահանջել է դատավարությունն անարդար ճանաչել, քանի որ ատենակալները միմյանց կողքի շատ մոտ են նստել, ինչը հակասում է կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում իշխանությունների ցուցումներին:
Դատավարության ընթացքում Գերագոսն ավելի վաղ հայտարարել է, որ իր պաշտպանյալը պարզապես օգտագործվել է պոլիգամիստ Ջեյկոբ Քինգսթոնի կողմից, որն արդեն ընդունել է իր մեղքն ու փորձում է պատասխանատվությունը գցել Դերմենի վրա: