News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Տաշքենդի քրեական գործերով քաղաքային դատարանը Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստր Գուլնարային, որն արդեն նախորդ դատավճռով պատիժ է կրում, դատապարտել է 13 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման: Այս մասին այսօր հայտնել է երկրի Գերագույն դատարանի մամուլի ծառայությնունը:

«Դատարանը... Գ. Քարիմովային մեղավոր է ճանաչել հանցավոր միության կազմակերպման, շորթման, յուրացման եւ վատնման, հանցավոր գործունեությամբ ստացված եկամուտների օրինականացման ճանապարհով հափշտակության եւ այլ հանցագործությունների մեջ: Դատարանի վճռով Գ. Քարիմովան ազատազրկվում է 13 տարի 4 ամիս ժամկետով»,- նշված է հաղորդագրության մեջ: Գերագույն դատարանից հստակեցրել են, որ մի քանի դատաճիռներով պատիժների հանրագումարին համապատասխան այս պատժաժամկետը հաշվարկվելու է 2015 թվականի օգոստոսի 21-ից:

Դատարանը հրապարակել է նաեւ այս գործով մյուս ամբաստանյալների դատավճիռները: Նրանցից չորսը դատապարտվել են 17-ից մինչեւ 20 տարվա ազատազրկման: Եվս մեկը՝ 5 տարի 3 ամիս 21 օր ժամկետով պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, երկուսը պատասխանատվությունից ազատվել են վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:

Գուլնարա Քարիմովան 2017-ի դեկտեմբերին 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել շորթման, հարկեր չվճարելու եւ այլ հանցագործությունների մեղադրանքներով, նա 2019-ի սկզբից պատիժ է կրում Տաշքենդի մարզի ընդհանուր ռեժիմի գաղութներից մեկում: 2019 թվականի դեկտեմբերին Ուզբեկստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Քարիմովայի դեմ նոր քրեական գործ է հարուցվել: Քննության վարկածով՝ նա եւ նրա ստեղծած հանցավոր միության անդամները կատարել են շորթման, բյուջեի միջոցների հափշտակման եւ հանցավոր եկամուտների օրինականացման հետ կապված հանցագործություններ: Քննության վարկածով՝ այս գործով պատճառված վնասն ընդհանուր առմամբ անցել է 165 մլն եւ 85 մլրդ սումը (մոտ 10 մլն դոլար): Գործը բացվել է նոր հայտնաբերված հանգամանքների եւ միջազգային կառույցներից ու քաղաքացիներից ստացված՝ «նոր, նախկին քննության մեջ չընդգրկված հանցագործությունների» վերաբերյալ տեղեկությունների հիմքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ