News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102–ի։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ դեպքերի 75 տոկոսն առնչվում է էջմիածնի և արտադրամասի դեպքերին։

«Շանթի» Հեռանկար ծրագրին Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչպես է Շենգավիթում գործող արտադրամասում հայնտվել կորոնավիրուսը. իտալացի հրահանգիչը ժամանել է, ընդ որում  առողջապահության նախարարության հսկողության տակ է եղել,  բայց ջերմիջեցնող դեղերով թաքցրել է իր իրական վիճակը, 1-2 օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել է Հայաստանից` թողնելով այդպիսի հետեւանք»,-ասել է նա:

Հեռանկարին Վարչապետը տեղեկացրել է, թե ում է նշանակելու ոստիկանապետ ու ԱԱԾ տնօրեն: Այդ պաշտոններում կնշանակվեն այս պահին այդ կառույցների ղկավարի պարտականությունները կատարողները: Փաշինյանը նշանակումները կանի վաղը։ ԱԱԾ տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատարը Էդուարդ Մարտիրոսյանն է, ոստիկանապետինը՝ Արման Սարգսյանը։

Էջմիածնից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր ժամը 20-ից դադարեցվելու է՝ հաշվի առնելով, որ դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված պացիենտի շփման շրջանակից դուրս չեն եկել: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում գրել է պարետ Տիգրան Ավինյանը։

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսն այսօր հայտարարել է համազգային աղոթքի օր: Ժամը 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքը  հեռարձակվել է ուղիղ եթերով:  Մարտի 16-ին կորոնավիրուսի հաղթահարման եւ եկեղեցիներում հոգեւոր ծառայության վերաբերյալ Վեհափառ հայրապետը հայրապետական հորդոր էր տարածել:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նվիրատվությունները կուղղի առողջապահության ոլորտին, որին, ըստ հիմնադրամի պատասխանատուների, անհրաժեշտ է համայն հայության աջակցությունը։ Հիմնադրամը հավաքագրված ամբողջ գումարը կուղղի առողջապահության համակարգին, ինչպես նաև այն ընտանիքներին, որոնք ստեղծված իրավիճակին դիմակայելու կարիք ունեն։

Արտասահմանում Հայաստանի բոլոր հյուպատոսություններում թեժ գծեր են գործում, որոնք հասանելի են նաեւ բջջային հավելվածներով, ճեպազրույցի ընթացքում հայտնել է արտգործնախարարության հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը: Ի պատասխան Վերին Լարսում խցանված Հայաստանի քաղաքացիների վիճակի մասին հարցին՝ Ավետիսյանը նշեց, որ հյուպատոսական ծառայությունն առաջարկում է օգտվել Ռոստովի, Մինվոդիի, Պյատիգորսկի, Մոսկվայի օդանավակայաններով հայրենիք վերադառնալու հնարավորությունից:

Իտալիայում գտնվող Հայաստանի քաղաքացիների մի մասը չի ցանկացել վերադառնալ հատուկ չվերթով, որը կազմակերպվել էր անցած կիրակի, ասել է արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: Հայտարարված 150-ից 63 քաղաքացի է վերադարձել: Աննա Նաղդալյանը հիշեցրել է, որ Հայաստանն ընդունում է իր բոլոր քաղաքացիներին, այդ թվում երկքաղաքացիություն ունեցողներին: Նա կոչ է արել Եգիպտոսում գտնվող մեր համաքաղաքացիներին, որոնք ցանկանում են հայրենիք վերադառնալ, օգտվել մարտի 19-ին նշանակված Շարմ էլ Շեյխ-Երեւան չվերթից:

Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ, Facebook-ի իր էջում գրել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում: Բայց մենք վստա՞հ ենք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում: Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ: Եւ աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, չնայած իրականում, մենք ամենաանվտանգն ենք՝ փաստացի», գրել է Փաշինյանը, բացառելով դեպքեր թաքցնելու հնարավորությունը:

Եվրատեսիլ-2020 երգի միջազգային մրցույթը կչեղարկվի կորոնավիրուսի համավարակի ֆոնին, Twitter-ում գրել է Իսրայելի հեռուստառադիոհեռարձակման կորպորոցիան։ Տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել։ Մրցույթի կազմակերպիչները հետեւում են զարգացումներին եւ խոստանում որոշում ունենալու դեպքում հրապարակել։ Այս տարի Հայաստանը պետք է ներկայացներ Հունաստանից երգչուհի Աթենա Մանուկյանը «Chains on you» երգով։

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր հետեւորդներին կոչ է արել ինքնամեկուսանալ եւ առանց հատուկ անհրաժեշտության տնից դուրս չգալ՝ կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար։ Մենք սա միասին կհաղթահարենք»,- Instagram-ում գրել է Քարդաշյանը։

Երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել վարչապետին։  Ըստ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության՝ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ Օրբելյանի հասցեին իրականությանը չհամապատասխանող եւ չստուգված տեղեկությունների հիմա վրա զրպարտություն հանդիսացող հայտարարություն է տարածել, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Օրբելյանը, մեջբերում եմ՝ «էն ժամանակներում երբ մարտի մեկի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան, ինչը չի արձանագրվել սահմանված կարգով» մեջբերման ավարտը։ Օրբելանը հերքում եւ բարոյական վնասի դրամական փոխհատուցում է պահանջում:

Միացյալ Նահանգները կարծում է, որ Ռուսաստանն է Սիրիայում սպանել տասնյակ թուրք զինվորներին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ նշելով, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային։ Պոմպեոն չի հստակեցրել, թե որտեղ եւ որ միջադեպի ժամանակ են սպանվել թուրք զինվորները։

Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստր Գուլնարան, որն արդեն նախորդ դատավճռով պատիժ է կրում, դատապարտվել է եւս 13 տարի 4 ամսով ազատազրկման: Դատարանը Քարիմովային մեղավոր է ճանաչել հանցավոր խմբավորման կազմակերպման, շորթման, յուրացման եւ վատնման, հանցավոր գործունեությամբ ստացված եկամուտների օրինականացման ճանապարհով հափշտակության եւ այլ հանցագործությունների մեջ: Հանցախմբի մյուս անդամները ստացել են 17-ից մինչեւ 20 տարվա ազատազրկման ժամկետներ: 2017-ի դեկտեմբերին Գուլնարա Քարիմովան արդեն իսկ դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման:

Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցում է «Հայփոստի» հետ, որպեսզի ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու  նպատակով, հաղորդում են կառավարությունից: Կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը կիրականացվի ժամանակին՝ օրենքով սահմանված կարգով։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.23 դրամով ու կազմել 490.53 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.37 դրամով ու կազմել  539.93 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 7.73 դրամով ու կազմել 589.67 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.26 դրամով ու  կազմել է 6.30 դրամ։

Մարտի 19-ի գիշերը Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռներում` ձյան տեսքով, որոնք կշարունակվեն մինչեւ ցերեկ: Օրվա երկրորդ կեսից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա: Գիշերը Երեւանում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ` թաց ձյան տեսքով, իսկ արդեն ցերեկը կանխատեսվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1 +3, վաղը ցերեկը` +12 +14:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ