News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կեսօրի դրությամբ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 115 հաստատված դեպք: Բոլորի վիճակը բավարար է, կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:  Նա ասել է, որ Չինաստանում օջախները կարողացել են մարել, երեկ Չինաստանում նույնիսկ մեկ նոր դեպք չի արձանագրվել, սակայն բռնկումներն ինտենսիվ շարունակվում են Եվրոպայում, որտեղ վարակվածները 10 հազարի են  հասնում,  մահերի թիվը մոտենում է 3 հազարին:

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով  Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն,  Արման Սարգսյանը՝  ոստիկանապետ։ Հիշեցնենք, որ երեկ «Շանթի» եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ոստիկանապետի պաշտոնակատարը կնշանակվի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը՝ ԱԱԾ տնօրեն։

Արցախի նախագահ Բակո Սահակյանն հրամանագրով՝ գեներալ-մայոր Կամո Վարդանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:

Այո, մենք ունենալու ենք պետական բյուջեի թերակատարում, բայց թե որքան,  հիմա պատրաստ չեմ պատասխանել եւ ոչ ոք պատրաստ չէ, լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը ժամանել է Վերին Լարսի անցակետ և տեղում համակարգում է Հայաստանի քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու գլխավոր հյուպատոսության աշխատանքը, հայտարարել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Վերին Լարսում կուտակվել է  Հայաստանի 140 քաղաքացի: Ըստ նրա՝ բանակցություններ են տարվում վրաց գործընկերների հետ խնդրի հնարավոր լուծման տարբերակներ գտնելու ուղղությամբ:

Թուրքիայում ոստիկանությունը խոշոր գործողություն է սկսել կեղծված սպիրտի հետեւանքով արդեն 20 զոհերի հետ կապված մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ։ Իրավապահներն այցելել են ալկոհոլային թունավորմամբ հիվանդանոց տեղափոխվածներին եւ հարցաքննության ժամանակ պարզել, որ նրանք բոլորը խմել են 96 տոկոսանոց սպիրտ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար։  Ոմանք նույնիսկ մարմինն են դրանով մշակել՝ խմելուց առաջ։ Ի դեպ՝ կորոնավիրուսից Թուրքիայում մահացել է 3 մարդ:

Խոստանում ենք, որ կանաչապատելու ենք, չենք անում, խոստանում ենք, որ ոռոգման ցանց ենք փոխելու՝ չենք անում, խոստանում ենք տուրիզմն ենք զարգացնելու, չենք անում, այս գումարը կուտակվում է, հետո խոստանում ենք 500 վերելակ ենք փոխելու... Երեւանի 2019-ի բյուջեի կատարողականի հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասել է  Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն՝ անդրադառնալով քաղաքապետարանի թերի աշխատանքներին։ Խաժակյանը հեգնել է, թե նույն տրամաբանությամբ կարող են մայրաքաղաքի տրանսպորտային ցանցն էլ փոխել

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ցավ է հայտնել, որ Դավիթ Խաժակյանը թեքահարթակների զգայուն հարցն օգտագործում է հերթական մանիպուլիացիաների համար։

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց՝ բյուջեն 30 տոկոսով  թերակատարման հետ կապված վարչության պետերից կամ փոխքաղաքապետերից որեւէ մեկը գրավոր նկատողություն ստացե՞լ է, թե՞ ոչ: Ըստ  Հայկ Մարությանի՝ հարցն ավելի շատ աշխատակազմի ղեկավարին է վերաբերում, իսկ եթե ինքը դժգոհություն է ունենում թե՛ գրավոր, թե՛ բանավոր՝ նկատողություններ լինում են։ Վարդանյանն էլ նշել է, որ քաղաքապետի պատասխանից ակնհայտ է, որ որեւէ մեկը գրավոր նկատողություն չի ստացել.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով հարուցված վարույթի արդյունքում Հանձանաժողովը եզրակացություն է կայացրել։ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո պահպանել է «ԿԱՐԳԻՆ ՍՏՈւԴԻԱ», «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» և «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ «ԿԱՐԳԻՆ»  ընկերություններում իր բաժնեմասը, սակայն դրանք փաստացի գործունեություն չեն ծավալել, և եկամուտ, շահույթ չեն ապահովել։ Բաժնեմասը հավատարմագրային կառավարման չհանձնելը հանդիսանում է  անհամատեղելիության պահանջի խախտում։

Ոստիկանները հայտնաբերել են այս գիշեր սպանություն կատարելու համար կասկածյալին ու բերման ենթարկել։ Երեւանում անցած գիշեր կրակոցներ են հնչել, 35-ամյա կասկածյալը կրակել էր 47-ամյա աներոջ վրա եւ սպանել նրան։ Դեպքի վայրում հայտնաբերվել են  «Կալաշնիկով» ինքնաձիգ, ատրճանակ, որսորդական հրացան, ինքնաձիգի փամփուշտի 10-ից ավելի կրակված պարկուճ եւ այլն։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.69 դրամով ու հասել  492.22 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 7.54 դրամով  ու կազմել  532.39 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 22.44 դրամով  ու կազմել 567.23 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.15 դրամով  ու կազմել 6.15 դրամ։

Մարտի 20-ին Հայաստանի մի շարք մարզերում սպասվում են տեղումներ,  լեռներում՝ ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար բարձրանալ, ինչը կշարունակվի առաջիկա օրերին: Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +3+5, վաղը ցերեկը՝ +10+12։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ