News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների համար:

Ողջունելով ուսանողներին՝ նախագահ Սարգսյանն ասել է․ «Այս դասախոսությունն ինձ ետ է տանում դեպի այն տարիներ, երբ ես երիտասարդ դասախոս էի համալսարանում եւ վայելում էի իմ յուրաքանչյուր դաս, հանդիպում ուսանողների հետ։ Միաժամանակ, 1970-ականների վերջից սկսած, 80-ականներին Հայաստանի հեռուստատեսությամբ ֆիզիկայի հեռուստադաս էի վարում»։

Դասախոսությունն Արմեն Սարգսյանը սկսել է օրվա հրատապ՝ նոր կորոնավիրուսի վարակի թեմայից, մասնավորապես նշելով. «Վստահ եմ, որ հաղթահարելու ենք վիրուսը, մեզնից է կախված, թե որքան հաջող։ Կարծում եմ՝ այս առումով երեք հիմնական բաղադրիչ ունենք։ Նախ եւ առաջ, պետք է ծրագրենք մեր կյանքը։ Այս իրավիճակում, երբ ժամանակի մեծ մասը պետք է տանը անցկացնել, եւ հանրային կյանքի մեծ մասը դառնալու է վիրտուալ, ոչ միայն կառավարությունը, պետությունը, կառույցները, այլ ձեզնից յուրաքանչյուրը պետք է որոշի ծրագրել կյանքը, որպեսզի այն լեցուն ու հետաքրքիր լինի»։

Նախագահն ասել է, որ վիրուսների եւ բակտերիաների թիվը երկրագնդի վրա շատ մեծ է, ուզենք, թե չուզենք՝ պետք է սովորենք ապրել նրանց հետ։ «Որոշներին ճնշենք, որ մեզ չխանգարեն, որովհետեւ բակտերիաները շատ մեծ դրական դեր ունեն յուրաքանչյուրիս կյանքում, եւ նաեւ սովորենք, թե ինչպես հաղթահարել վիրուսները։ Հաղթանակի գինը կախված է մեզնից, թե որքան կազմակերպված ենք ու կարգապահ։ Կարեւոր է նաեւ պատասխանատվությունը։ Պայքարի ձեւը կարգապահությունն է, սոցիալական հեռավորություն պահելը։ Ես նորից կոչ եմ անում պահպանել այն սկզբունքները, որոնք ընկած են կառավարության որոշման մեջ։ Եթե կարող եք՝ ավելին արեք, բայց ոչ պակաս»։

Վերադառնալով արեւելագիտությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն մեծ գիտություն է, ներառում է հսկայական աշխարհագրություն, սակայն որպես օրվա դասախոսության թեմա ընտրվել է Միջին Արեւելքը: «Ինչու՞։ Այդ հարցը ձեզ եմ տալու որպես տնային աշխատանք,-ասել է նախագահը։- Ինչո՞ւ եք կարծում, որ Միջին Արեւելքը կարեւոր է ընդհանրապես, կարեւոր է մեծ տերությունների ու նաեւ մեր նման երկրի համար։ Առաջարկում եմ գրել տնային աշխատանք եւ այն ուղարկել [email protected] հասցեով։ Դիմում եմ ոչ միայն ձեզ, այլեւ ողջ արեւելագիտության, միջազգային հարաբերությունների ֆակուլտետներին, նաեւ մյուս համալսարաններին, հայ երիտասարդներին, ովքեր այլ երկրներում են, սոցիալական հեռավորության վրա եւ ժամանակ ունեն մտածելու Միջին Արեւելքի դերի մասին։ Լավագույն աշխատանքները կստանան նախագահական մրցանակ»։

Շարունակելով վերլուծությունը՝ նախագահն ասել է, որ աշխարհը, որում ապրում ենք, այլեւս դասական չէ, քվանտային է, եւ այս քվանտային աշխարհում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում։ «Մենք ոտք ենք դրել նոր դար, որը հսկայական փոփոխությունների դար է։ Երկբեւեռ աշխարհը փոխվեց, դարձավ միաբեւեռ, եւ հիմա կրկին փոխվում է։ Այս ամբողջ փոփոխությունների ընթացքում ինձ համար հարցերից մեկը հետեւյալն է՝ ո՞րն է փոքր պետությունների դերը, - նշել է նախագահը։- Քանի որ մենք փոքր պետություն ենք, հարց է առաջանում՝ կարո՞ղ ենք մենք ակտիվ քաղաքականություն վարել եւ մեր ներկայությունը ոչ միայն պարտադրել, այլեւ վստահ լինել մեր քայլերում։ Տարիների ընթացքում կարո՞ղ է փոքրը լինել ոչ միայն գեղեցիկ, այլեւ՝ հզոր եւ ուժեղ։

Եկեք ուսումնասիրենք Միջին Արեւելքի հետ կապված մի քանի փոքր պետություններ։ Ես ինքս վերջին մեկ տարվա ընթացքում, որպես նախագահ, այցելել եմ այդ երկրներ։ Մասնավորապես, վերջերս Իսրայելում էի։ Ինձ համար էական էր այնտեղ գտնվել Հոլոքոստի հիշատակի 75-ամյակի միջոցառումներին։ Բացի այդ, կարեւոր էր այդ օրերին եւ պաշտոնական արարողությունների ժամանակ, նաեւ Կնեսետում եւ երկրի նախագահի հետ իմ հանդիպումների ժամանակ ձայն բարձրացնել, որ ժամանակը եկել է, որ Իսրայելի Պետությունը ճանաչի հայկական Եղեռնը։ Սա շատ էական է, քանի որ Իսրայելը փոքր պետություն է, բայց գլոբալ ազգ, որը մեծ ազդեցություն ունի աշխարհի տարբեր երկրներում։

Պահանջատիրությունը տվյալ դեպքում զուտ պատմական ճշմարտության համար չէ։ Երբ խոսում ենք այն մասին, որ Եղեռնը ճանաչեն աշխարհում, խոսքը միայն այն մասին չէ, որ մենք հսկայական ողբերգություն ենք ապրել։ Եղեռնի ճանաչումն ինչ-որ իմաստով եւ՛ մեր ազգի, եւ՛ պետության համար անվտանգության էլեմենտ է, ինչպես Իսրայելի համար անվտանգության էլեմենտ է Հոլոքոստի ճանաչումն աշխարհի տարբեր երկրների կողմից։

Հաջորդ երկիրը, որի մասին կուզեի խոսել, Կատարն է՝ փոքր երկիր, որը, եթե չեմ սխալվում, ունենալով աշխարհի գազային ամենամեծ պաշարներից, ձեւավորել է որոշակի նոր իրավիճակ, որտեղ որպես փոքր երկիր, ունենալով մեծ ֆինանսական եւ բնական ռեսուրսներ, կարողանում է ձեւավորվել որպես անկախ գործոն, որը բավականին ազդեցիկ է ոչ միայն Միջին Արեւելքում, այլեւ ողջ տարածաշրջանում։ Լավ ծանոթանալով Կատարի այսօրվա իրավիճակի հետ, հանգում ես նույն գաղափարին, որ եթե տվյալ պետությունն ունի արժեք (իսկ տվյալ դեպքում այդ արժեքը բնական ռեսուրսներն են), եւ այդ արժեքը ճիշտ է օգտագործվում, երկիրն առաջ է շարժվում դեպի ապագա։

Հաջորդ նմանատիպ երկիրը Հորդանանն է։ Լինելով Իսրայելի հարեւանը, երկիր, որը, ի տարբերություն նույն Կատարի, չունի բնական ռեսուրսներ, ունի ջրային խնդիրներ, մեծ խնդիրներ հսկայական թվով փախստականների հետ, ովքեր Պաղեստինից են, կարողացել է ճիշտ դիրքավորվել եւ ջերմ հարաբերություններ ունենալ շատերի հետ, ստեղծել փոքր պետություն, որն ունի արժեք եւ կարողանում է դերակատար լինել։ Հորդանանն այսօր ունի ժամանակակից բանակ, բավականին մեծ ազդեցություն, իր չափերի համեմատ բավականին մեծ տնտեսություն, փոքր երկիր լինելով՝ միջազգային մեծ գործոն է։ Հորդանանը երկիր է, որտեղ Համաշխարհային տնտեսական համաժողովն ամեն տարի մեծ ֆորում է անցկացնում։ Սա փոքր, բայց ազդեցիկ լինելու այլ օրինակ է։

Հաջորդն Արաբական Միացյալ Էմիրություններն են։ Այստեղ ես վերջին մեկ տարում մի քանի անգամ այցելել եմ, ջերմ հարաբերություններ են եղել ղեկավարության հետ, որոնք էլ ավելի են ամրապնդվել։ Դուք լավ գիտեք, որ Կատարն ու ԱՄԷ-ն չունեն բարիդրացիական հարաբերություններ, եւ այդ հակասությունները շատերի համար խնդիր են՝ ում հետ բարեկամանալ։ Սակայն մեր նման պետության համար լուծումը շատ պարզ է։ Մենք երկուսի հետ էլ պետք է բարեկամություն անենք, հարաբերություն ունենանք, եւ ոչ միայն քաղաքական։ Նրանք կարող են մեր գործընկերը լինել տարբեր ոլորտներում։ ԱՄԷ-ն, մեծ բնական ռեսուրսներ ունենալով, հսկայական ներդրումներ է արել նոր տեխնոլոգիաների ոլորտում։ Աբու Դաբին այսօր մեծ եռանդով զբաղվում է նոր տեխնոլոգիաների զարգացմամբ՝ արհեստական բանականությունից մինչեւ տիեզերական հետազոտություններ, կենսաբանության ոլորտ եւ այլն։

Այսօր եւ՛ Իսրայելը, եւ՛ Կատարը, եւ՛ ԱՄԷ-ն, եւ՛ Հորդանանը կարող են լինել մեր գործընկերները, քանի որ զարգացած գիտահետազոտական միջավայր ունեն։

Բերված օրինակները բավարար են ցույց տալու, որ պարտադիր չէ լինել մեծ պետություն։ Կարող ես լինել փոքր եւ ազդեցիկ։ Իսրայելի նման՝ Հայաստանը երկիր է, որը չունի մեծ բնական ռեսուրսներ, բայց ունի մարդկային ռեսուրս։ Մենք հազվագյուտ պետություններից ենք, որ փոքր ենք, բայց գլոբալ։ Եթե մենք որպես պետություն եւ ազգ ունենք հստակ ռազմավարություն, թե ուր ենք գնում, լինենք կազմակերպված եւ ունենանք հստակ կարգապահություն՝ պետական եւ ազգային, լինենք պատասխանատու՝ նաեւ որպես անհատներ, կարծում եմ, որ կհասնենք հաջողության»։

Պատասխանելով ունկնդիր ուսանողների առցանց հարցերին, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ ամեն երկիր պետք է տեսնի, թե որտեղ են իր առավելությունները․ «Մեր առավելությունը մարդիկ են, մարդիկ պետք է լինեն ստեղծագործ, տաղանդավոր, եռանդով լեցուն, նաեւ հստակ իմանան, թե ուր են գնում, լինեն կազմակերպված, կարգապահ, պատասխանատու։ Եթե այս հիմնական գործոնները դնենք շարժման մեջ, մեր փոքրիկ պետությունը կարող է լինել ազդեցիկ եւ հզոր։ Սա ոչ միայն պետության, կառավարության, նախարարությունների պատասխանատվությունն է, այլեւ ձեր, քանի որ ձեզնից յուրաքանչյուրը մեր ապագա ղեկավարն է։ Այսօրվանից պետք է սկսեք՝ հավատալով, որ ձեր ներդրումով երկիրը կարող է ուժեղ դառնալ։

Իմ բոլոր այցելությունները սովորական այցեր չեն, այդ բոլոր երկրներում ես եղել եմ բազմիցս՝ որպես ազատ մարդ։ Հիմա ես գնում եմ, օգտագործելով եւ ծառայեցնելով իմ անձնական կապերը մեր պետության համար, հասնելու նույն նպատակին. որպեսզի փոքր պետությունը դառնա հզոր»։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ