News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հռետորաբանությունը փոխել է՝ Պեկինին մեղադրելով կորոնվիրուսի բռնկումը թաքցնելու մեջ: «Իհարկե, աշխարհը մեծ գին է վճարում այն բանի համար, ինչ նրանք արել են»,- ասել է նա: Իսկ հաջորդ օրը Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ նրան է միացել պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը Չինաստանի կառավարությանը մեղադրել է առողջության մասին կենսականորեն կարեւոր տվյալների խեղաթյուրման մեջ, եւ հայտարարել, որ դա «վտանգ է ստեղծում ամբողջ աշխարհի մարդկանց համար»:

Սա հնչերանգի կտրուկ փոփոխություն է նախագահի համար, որը ձգտում էր բարեկամական հարբերություններ պահպանել իր չինացի գործընկեր Սի Ցզինպինի հետ, եւ ով սկզբում Չինաստանի կառավարությանը գովաբանում էր համաճարակի դեմ պայքարում «անչափ պրոֆեսիոնալ աշխատանքի» համար: Բայց քանի որ Թրամփը եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները Ցզինպինի կառավարությանն ուղղած իրենց քննադատությունը խստացնում են, ազգային անվտանգության եւ առողջապահության հարցերով փորձագետները մտավախություն ունեն, որ 2 համաշխարհային տերությունները մտնում են նոր սառը պատերազմի մեջ, որը կարող է լրջորեն խափանել վիրուսի ոչնչացման եւ գլոբալ տնտեսության փրկության համատեղ ջանքերը, նշում է NYT-ն: 

Թրամփի վարչակազմում առողջապահության որոշ ներկայացուցիչներ անգամ զգուշացնում են, որ Չինաստանի կառավարության օտարումը կարող է դառնալ վիրուսի վերաբերյալ ճշգրիտ տեղեկությունների փոխանակմանը նրա դիմադրության պատճառ: Չինաստանը հայտնում էր վիրուսի գենոմի հաջորդականության մասին, իսկ չինացի գիտնականները վիրուսի վերաբերյալ մեծ թվով հոդվածներ են գրել, նույնիսկ եթե սկզբում պաշտոնյաներն այն թաքցնում էին: Չինաստանը նաեւ ԱՄՆ-ում մատակարարումների բժշկական շղթային միջամտելու իրավունք ունի, եւ նրա տնտեսական քաղաքականությունը վճռորոշ նշանակություն ունի ընդհանրապես գլոբալ տնտեսության համար:

Կոռնելի համալսարանի առեւտրային քաղաքականության պրոֆեսոր եւ չինացի փորձագետ Էսվար Փրասադը նոր թշնամանքը «ճնշող» է համարում: «ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունները մինչեւ նոր նվազագույն նիշ վատթարացել են հատկապես անհաջող ժամանակաշրջանում, երբ 2 երկրները պետք է իրենց ջանքերը միավորեն՝ հանրային առողջապահության, տնտեսական ակտիվության եւ ֆինանսական շուկաների համար համավարակի կործանարար հետեւանքները սահմանափակելու նպատակով»,- ասել է նա:

Նախկին դիվանագետ եւ Օբամայի վարչակազմում պաշտպանության նախարարի Ասիայի ու Խաղաղ օվկիանոսի հարցերով փոխօգնական Քելլի Մագսամենը հավելել է, որ «մրցակցային դիրքորոշումը» խափանում է վիրուսը զսպելու ջանքերը: «Միայն հանուն Չինաստանը ոչնչացնելու համար Չինաստանին հարվածներ հասցնելու փոխարեն, մենք պետք է միասին աշխատենք, որ այս ամենը վերահսկենք»,- ասել է նա:

«Փաստերից ակնհայտ է, որ հիմա ընթանում է տեղեկատվական թեժ պատերազմ եւ տնտեսական թեժ պատերազմ»,- ասել է  Թրամփի Սպիտակ տան նախկին ստրատեգ եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության առաջատար պահպանողական քննադատ Սթիվեն Կ.Բենոնը:

Նա հավելել է, որ Չինաստանի կառավարությունն «աշխարհին ապացուցել է, որ էական սպառնալիք է ներկայացնում չինացի ժողովրդին եւ ամբողջ աշխարհին, այլ ոչ թե միայն Միացյալ Նահանգներին»:

Բենոնը փաստացի աջակցում է Թրամփի վարչակազմի մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք վաղուց պնդում են Պեկինի նկատմամբ ավելի առճակատային դիրքորոշման մասին: Այս պաշտոնատար անձինք զգուշացնում են, որ արագ աճող Չինաստանը ձգտում է ռազմական, տնտեսական եւ տեխնոլոգիական գերիշխանության Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների նկատմամբ:

Նրանց թվում է կոշտ գծի կողմնակից Պոմպեոն, որն օգտագործում է «Ուհանի վիրուս» տերմինը, չնայած այս արտահայտության լայնորեն տարածված քննադատությանը, որն առաջացնում է չինացի առաջնորդների դժգոհությունը:

Մեկ այլ ազդեցիկ ճուռակ է Մեթյու Փոթինգերը, որը Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալն է եւ Սպիտակ տանը Չինաստանի նկատմամբ ռազմավարական քաղաքականության գլխավոր ճարտարապետը: Պարոն Փոթինգերը Wall Street Journal-ի նախկին թղթակից է եւ լուսաբանել է Չինաստանը, այդ թվում՝ 2003 թվականի ճգնաժամը, որն առաջացել էր ատիպիկ թոքաբորբի հետեւանքով, եւ հետեւել է այս համաճարակի մասին տեղեկությունների կանխման կառավարության ջանքերին:

Բայց պարոն Թրամփի տնտեսական խորհրդականներից ոմանք, այդ թվում` ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը եւ Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Լարի Քուդլոուն, կարծում են, որ ռազմավարական հարցերով Չինաստանին հակադրվելը սպառնում է տնտեսական համագործակցությանը, որն անհրաժեշտ է փոխկապակցված գլոբալ տնտեսության մեջ, որում Չինաստանի ձեռքում շատ քարտեր կան:

Չինաստանն ազդեցության զգալի լծակներ ունի նաեւ բժշկական սարքավորումների համաշխարհային մատակարարումների ոլորտում: ԱՄՆ պաշտոնյաները քննադատել են Չինաստանին` բժշկական դիմակների համաշխարհային մատակարարման զգալի մասը գնելու համար եւ կոչ են արել Միացյալ Նահանգներին վերադարձնել մատակարարման շղթաները, որոնք դեղամիջոցներ, բժշկական սարքեր եւ պաշտպանիչ հագուստներ են արտադրում:

«Նախագահ Թրամփը շատ ծանր իրավիճակում է գտնվում, քանի որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ համագործակցությունը նրան դեռ շատ հարցերում է պետք: Մենք դեռ կապված ենք»,- ասել է Բենոնը: Թրամփը, թվում է, ընդունեց դա ուրբաթ օրը: «Ես հարգում եմ Չինաստանը եւ հարգում եմ նախագահ Սիին»,- ասել էր Թրամփը` Չինաստանի առաջնորդին «իր ընկերն» անվանելով: Այս հռետորաբանությունն ավելի բնորոշ էր Թրամփին մի քանի շաբաթ առաջ, երբ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերը դեռ շատ չէին, իսկ Չինաստանի մեծ մասը արգելափակված էր: Սակայն լեզուն փոխվել է, քանի որ Միացյալ Նահանգները անկարող եղավ կանգնեցնել վիրուսի տարածումը, եւ Չինաստանը, կարծես, վերահսկման տակ է առել բռնկումը:

Կոնգրեսի որոշ պաշտոնյաներ եւ հանրապետականներ ասում են, որ ճգնաժամն ընդգծել է Ամերիկայի` Պեկինից տնտեսական կախվածության կրճատման հրատապ անհրաժեշտությունը: Սպիտակ տան առեւտրի հարցերով խորհրդատու Պիտեր Նավարոն օգնեց հրամանագրի նախագիծ մշակել, որը դաշնային կառավարությունից կպահանջեր ավելի շատ ամերիկյան արտադրության դեղամիջոցներ գնել:

Թրամփի պաշտոնյաները գնահատում են նաեւ կորոնավիրուսի ազդեցությունը եւ դրա հետ կապված լարվածության աճն առեւտրային բանակցությունների վրա: Չին եւ ամերիկացի պաշտոնյաները հրապարակայնորեն չեն հայտարարել` կկարողանա արդյոք Չինաստանն իրականացնել հունվարին միջանկյալ առեւտրային համաձայնագրով ստանձնած պարտավորությունը` առաջիկա երկու տարվա ընթացքում 200 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքներ գնելու մասին, սակայն լայն տարածված տնտեսական խափանումները դա քիչ հավանական են դարձնում:

Պաշտոնյաները նաեւ ասում են, որ Միացյալ Նահանգները կարող էր օգնել զսպել վիրուսի տարածումը, եթե Չինաստանն ի սկզբանե չհրաժարվեր միջազգային փորձագետների ընդունել, այդ թվում` Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններից:

Հարաբերություններում նոր լարվածություն առաջացավ անցյալ շաբաթ, երբ Չինաստանը արտաքսեց ամերիկացի գրեթե բոլոր քաղաքացիներին, որոնք աշխատում էին The New York Times-ում, The Washington Post-ում եւ The Wall Street Journal-ում:

Որոշ պահպանողականներ, ինչպես նաեւ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները, դժգոհ են Սպիտակ տան` «չինական» կամ «ուհանյան» վիրուսի մասին խոսակցություններից` պնդելով, որ այդպիսի լեզուն պետք է ավելի կոնկրետ նախատեսված լինի չին ղեկավարների համար:

Ասիական ծագման ամերիկացիները եւս ասում են, որ «չինական վիրուս» պիտակը ռասայական խտրականության միջադեպերի եւ ֆիզիկական հարձակումների է հանգեցրել:

Օբամայի վարչակազմի Ազգային անվտանգության խորհրդի` Ասիայի հարցերով ավագ տնօրեն Ռայան Հասը, ով ներկայումս աշխատում է Բրուքինգսի ինստիտուտում, նշել է, որ նախորդ համաշխարհային ճգնաժամերի ժամանակ ԱՄՆ-ն եւ Չինաստանը գտել էին իրենց տարաձայնությունները հաղթահարելու ձեւերը: «Նորմալ գործող վարչակազմում ես կառաջարկեի սահմանել այն պրակտիկ ուղիները, որոնց միջոցով ԱՄՆ-ն եւ Չինաստանը կարող են միացնել իրենց ռեսուրսներն ու փորձը` կորոնավիրուսի գլոբալ տարածումը վերահսկել օգնելու համար,- ասել է նա:- Դժբախտաբար, այս մոտեցումը չափազանց մեծ կամուրջ է ներկայիս վարչակազմի համար»: «Եթե պարզ ասեմ, Չինաստանի հասցեին շատ քննադատություններ կան, բայց հաշիվները պարզելու համար շատ ժամանակ կլինի,- հավելել է նա:- Բայց հիմա դեռ ժամանակը չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ