
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմել է մի ծավալուն քաղաքական եւ մասնագիտական փաստաթուղթ՝ երկրում հաստատված արտակարգ իրադրության վիճակից բխող քայլերի մասին: Այս մասին ՀՅԴ Facebook-ի էջի ուղիղ եթերում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա հիշեցրեց, որ ՀՅԴ ԳՄ-ն դեռեւս մարտի 14-ին իր մասնագիտական հանձնախմբերի կողմից ներկայացրել է մասնագիտական գնահատական, գործողությունների ծրագիր. Դրանից հետո ՀՅԴ-ն հայտարարությամբ իր պատրաստակամությունն է հայտնել իր ողջ ուժը եւ կարողականությունը ներդնել ստեղծված իրավիճակում երկրի առջեւ կանգնած մարտահրավերները հաղթահարելու համար: Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՀՅԴ բյուրոն:
Անդրադառնալով տարածվող լուրերին, որտեղ կասկածի տակ է դրվում ՀՅԴ ընդդիմադիր կեցվածքը, Սաղաթելյանն ասաց. «Նախ ուզում եմ այդ քաղաքական տհաս գործիչներին ու անհատների ասել, որ պետությունն ու իշխանությունը տարբեր բաներ են: Ցանկացած իշխանություն անցողիկ է, մնայունը մեր պետությունն ու ժողովուրդն են: Ցանկացած կուսակցության նպատակը իր պետության եւ ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունն է: Հետեւաբար այս օրերին, երբ մեր երկիրը գտնվում է ծանր կացության մեջ, մեզ համար առաջնային է մեր հնարավորությունները մեկտեղելը՝ առկա մարտահրավերները լուծելու համար»:
Իշխան Սաղաթելյանը նկատեց, որ սա բնավ չի նշանակում, որ իրենք բավարարված են իշխանությունների այն քայլերի ու գործողություններից, որոնք ձեռնարկվել են այս օրերին. «Դրան կանդրադառնանք ավելի ուշ: Այսօր քաղաքական դիվիդենտներ հավաքելու ժամանակը չէ: Սա վերաբերում է նաեւ իշխանությանը, իշխանության այն ներկայացուցիչներին, պատգամավորներին, որոնք առիթից օգտվելով կրկին «այո»-ի, ՍԴ-ի կամ այլ հարցերի են անդրադառնում»: