Այսօրվանից առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքներ դադարեցվելու են եւ թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը եւ որ կարեւոր է՝ մարկանց միայն կենսական կարեւոր տեղաշարժը: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, եւ դա պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ: Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ: Պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելու պարտադիր պայման:
Ինչ վերաբերում է կենսական անհրաժեշտ գործունեությունների տեղաշարժերի ցանկերին, պարետատունը դրանք արդեն հրապարակել է:
Այսօրվանից մեկ շաբաթով փակ են բոլոր ռեստորանները եւ սրճարանները, աշխատելու են խանութները, դեղատները, բանկերը եւ մեր քաղաքացիները հնարավորություն են ունենալու այցելել դեղատուն, խանութ ու բանկեր: Բայց ուզում եմ բոլորիդ խնդրել, որ առավելագույնս օգտվեք օնլայն ծառայություններից՝ օնլայնգնումներ, օնլայն վճարումներ եւ օնլայն բանկինգ ծառայություններ:
Այս ամիս թոշակառուներն իրենց թոշակները ստանալու համար կարիք չեն ունենա գնալ փոստային բաժանմունքներ, նրանք թոշակները կստանան առձեռն՝ իրենց բնակարաններում, «Հայփոստի» շրջիկ խմբերի կողմից: Նաեւ սահմանվել է, որ բոլոր խանութները, դեղատները, բանկերը առավոտյան 10-12-ը կսպասարկեն միայն 65-ից բարձր տարիք ունեցող մեր քաղաքացիներին»,– ասաց նա:
Փաշինյանը կոչ արեց երկու հգուց ավել չհավաքվել անգամ բակերում, զրուցարաններում կամ թաղերում: Տանը մնալու ժամանակ պահպանել հակահամաճարակային հիգիենայի կանոնները եւ հետեւել Առողջապահության նախարարության հրահանգներին: