News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 249-ի, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Վարչապետի խոսքով՝ վարակակիրների շրջանում 65 տարեկանից բարձր 11 անձ կա, 70-ից բարձր՝ 5 անձ, իսկ 80-ից բարձր տարիքի պացիենտներ չկան։ 30 հոգի հիմա թոքաբորբ է տանում, եւ նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, եւ մեկի՝ 77-ամյա պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է։

Այսօրվանից, ըստ վարչապետի, երկրում գործում են նոր սահմանափակումներ:

Փաշինյանն ասել է նաեւ, որ ուղերձն ուզում է ավարտել լավ լուրով:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ներկա դրությամբ Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել։ 3 մեկուսացված քաղաքացիներ բժշկական հսկողության տակ են:

Այն մարդիկ, որոնք իրավունք ունեն գտնվելու աշխատավայրում, անպայման ունենալու են հնարավորություն այցելել աշխատավայր, այնուամենայնիվ, պետք է խնդրենք, որ այդ անձինք իրենց հետ ունենան անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մինչեւ մարտի 31–ը տեղաշարժի առումով գործող խիստ սահմանափակումներին։ «Պետք է լինի նաեւ մի ձեւաթուղթ, որում նշված կլինի, թե անձը ուր է գնալու, որ ժամին է գնալու, այդ այցելության վայրի հասցեն, անվանումը, նպատակը եւ վերադարձի ակնկալվող ժամը»,– ասաց Ավինյանը։

Հրապարակվել է Թերթիկի ձևը, որը քաղաքացիները պետք է լրացնեն տնից դուրս գալիս: Ըստ պարետի հաստատած սահմանափակումների՝  բնակության վայրի մոտակայքում օրվա ընթացքում թույլատրվում է միայն մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնել՝ սահմանված ձևաչափով լրացված թղթի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում: Առևտրի դուրս գալը և աշխատավայր մեկնելու դեպքում կթույլատրվի անձնական տրանսպորտային միջոցներով առավելագույնը երկու անձանց՝ ներառյալ վարորդը, տեղափոխումը։

Մենք արտակարգ դրություն ենք հայտարարել, բայց փողոցներում տեսնում ենք բազմաթիվ մարդկանց, կյանքը շարունակվում է, վարակակիրների թիվն՝ օրեցօր ավելանում, իսկ ավելանում է, որովհետեւ այս ձեւով ենք վերաբերվում ամեն ինչին, Ազգային Ժողովի նիստում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա առաջարկում է քվորում չապահովել, որպեսզի նիստեր չկայանան, եւ պատգամավորները ժամերով չմնան նույն դահլիճում:  Առաջարկն աջակցություն չի գտել պատգամավորների շրջանում եւ խորհրդարանը շարունակել է աշխատանքը:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 50 մլն դրամ է փոխանցել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, որտեղ բուժում են ստանում կորոնովիրուսով վարակված Հայաստանի քաղաքացիները: Գումարի մի մասով կխրախուսվի բուժանձնակազմը, մյուս մասը՝ նոր սարքավորումներով վերազինմանը։ Եվս 50 մլն դրամ հիմնադրամը կփոխանցի կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ ԱՄՆ-ում կորոնովիրուսի տարածման «շատ մեծ արագություն» է նկատում, որը կարող է դառնալ բռնկման նոր պոտենցիալ էպիկենտրոն:

Համաշխարհային բժշկական ասոցիացիայի նախագահ Ֆրենկ Ուլրիխ Մոնթգոմերին էլ կարծում է, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված արտակարգ իրավիճակը կտեւի առնվազն մինչեւ այս տարեվերջ, այս կարծիքը հայտնել է: Հիշեցնենք նաեւ, որ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 382 հազար դեպք, առողջացել է 102 հազար մարդ, գրանցվել է մահվան 16 հազար 500 դեպք:

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ընդունել է Ճապոնիայի իշխանությունների և Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի առաջարկը 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը 1 տարով հետաձգելու վերաբերյալ:  Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի առաջարկով՝ Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել էր նաև ֆուտբոլի այս տարվա Եվրոպայի առաջնությունը:

Երեւանի համայնքներից մեկի ղեկավարի, այնուհետեւ, Երեւանի քաղաքապետի պաշտոնները զբաղեցրած պաշտոնատար անձը յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝  233,5 դրամի, Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը, հայտարարել է ԱԱԾ-ն: NEWS.am-ի տեղեկություններով` նշված պաշտոնատար անձը Գագիկ Բեգլարյանն է: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե դատարան միջնորդություն է ներկայացրել՝ մարտի 26-ի նիստը հետաձգելու խնդրանքով: Պաշտպանն իր միջնորդությունը հիմնավորում է կորոնավիրուսի տարածման վտանգով: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետբյուջեից կես մլրդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ:

Եթե ժամանակին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նույն կերպ վարվեին, ինչպես այժմ վարվում են գործող իշխանությունները, նա պատիժ կկրեր, այսօր կայացած  ասուլիսին հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը:  Հայկ Ալումյանը նաեւ մեկնաբանել է Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի՝ գործողությունները:

Երկրորդ նախագահի մյուս փաստաբան Արամ Վարդեւանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին եւ ԲԴԽ նախագահին. խնդիրը վերաբերում է դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված՝ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը քննելու շուրջ ստեղծված իրավիճակին, ինչն, ըստ փաստաբանի, Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման հերթական դրսեւորումն է։

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հայտարարել է, թե կորոնավիրուսն աշխարհում շատ խնդիրներ է ստեղծում, բայց իր կարծիքով՝ Արցախի համար հիմնական խնդիրը ոչ թե կորոնավիրուսն է, այլ այն բացիլը՝ սորոսականների տեսքով, որով Նիկոլ Փաշինյանը վարակեց Արցախը։

«Հայաստանի քրոնիկներ» Տելեգրամ-ալիքի տվյալով, ըստ սոցիոլագիական վերջին հարցումների՝ Արցախի նախագահական մրցապայքարի առաջատարի փոփոխություն է տեղի ունեցել եւ առաջին տեղում՝ 31,8 տոկոսով հայտնվել է Վիտալի Բալասանյանը։ Մրցապայքարի նախկին առաջատար Արայիկ Հարությունյանը 27,1 տոկոսով երկրորդ տեղում է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.42 դրամով ու կազմել 495.43 դրամ:  Եվրոյի փոխարժեքն աճել է 8.72 դրամով ու հասել 537.49 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.93 դրամով ու կազմել 580.40 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.16 դրամով ու հասել է 6.29 դրամի։

Հայաստանի առավելապես հյուսիսային շրջաններում մարտի 25-ին սպասվում են  կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Երեւանում տեղ-տեղ հնարավոր են անձրեւներ եւ ամպրոպ: Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +5 +7, վաղը ցերեկը` 17-ից 19 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ