News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան սենատորները եւ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները համաձայնության են եկել տնտեսական խթանման մասշտաբների օրենսդրական նախագծի հարցում, որն ուղղված է կորոնավիրուսի համաճարակի հետեւանքները մեղմացնելուն։ Այս մասին չորեքշաբթի վաղ առավոտյան հայտնել են բանակցությունների մասնակիցները, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

Սենատը արդեն այսօր քվեարկություն կանցկացնի 2 տրլն դոլարի փաթեթի հարցով, որից անմիջապես հետո քվեարկություն տեղի կունենա նաեւ Ներկայացուցիչների պալատում։ «Խոսքը մեր երկիր ներդրումների մակարդակի մասին է, որը համեմատելի է պատերազմական ժամանակների հետ»,- հայտարարել է հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքկոնելը՝ հայտարարելով մի քանի օր բանակցություններից հետո հանրապետականների եւ դեմեկրատների, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի եւ Թրամփի բարձրաստիճան խորհրդականների միջեւ համաձայնության ձեռքբերման մասին։ «Մենք այդ նախագիծն այսօր ավելի ուշ կընդունենք»,- ասել է նա։

Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ խոսքը «ամերիկյան պատմության մեջ օգնության ամենամեծ փաթեթի» մասին է՝ նախաձեռնությունը անվանելով հիվանդանոցների եւ բժշկական կարիքների համար «Մարշալի պլան»։

Մաքկոնելի խոսքերով՝ փաթեթը ենթադրում է օպերատիվ վճարումներ, որոնք պետք է օգնեն ամերիկացիներին մուծել հաշիվները, եթե նրանց աշխատանքից ազատեն համաճարակի ժամանակ, ընդլայնում է գործազրկության վճարները եւ թույլ է տալիս արտակարգ վարկեր տրամադրել փոքր բիզնեսին։

Այն նաեւ ուղղված է «արդյունաբերության գլխավոր ազգային ոլորտների կայունացմանը» եւ ֆինանսական օգնություն է տրամադրում հիվանդանոցներին եւ այլ բուժհաստատություններին, որոնք փորձում են սարքավորումներ ստանալ հիվանդ պացիենտների համար։

Ակնկալվում է, որ այլ դրույթները կներառեն 350 մլրդ դոլարի ընդհանուր գումարով վարկերի տրամադրում փոքր բիզնեսին եւ 250 մլրդ դոլարի գործազրկության նպաստների մեծացում։

Շումերն ասել է, որ փաթեթը նաեւ նախատեսում է 100 մլրդ դոլար տրամադրել հիվանդանոցներին եւ առողջապահության համակարգերին, ինչպես նաեւ լրացուցիչ գումարներ առողջապահության այլ կարիքների համար։

Եւս 150 մլրդ դոլար կուղղվի որպես համաճարակի դեմ պայքարի օգնություն նահանգներին եւ քաղաքապետարաններին։

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ԱՄՆ-ում վարակվել է ավելի քան 50 000 մարդ, մահացել է ավելի քան 660 մարդ։ Հազարավոր ընկերություններ փակվել են, միլիոնավոր մարդիկ առանց աշխատանքի են մնացել, իսկ մոտ 100 մլն մարդ տնից դուրս չգալու ցուցում է ստացել։

Փաթեթը «մեծ նշանակություն կունենա ամերիկյան աշխատավորներին, ամերիկյան բիզնեսին եւ ամբողջ Ամերիկայի մարդկանց օգնության համար»,- ասել է Մնուչինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ