News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Արտակարգ դրության խստացված ռեժիմի պայմաններում ռեստորանների եւ սրճարանների փակվելը անհանգստություն է առաջացրել ոլորտի աշխատողների մոտ։ Նրանց համար անորոշ է՝ ինչպես է մեկշաբաթյա հարկադիր պարապուրդի ժամանակ իրենց վարձատրելու եկամուտ չունեցող սրճարանի սեփականատերը։

2 երեխաների հայր Հայկազը վերջին մեկ ամսվա աշխատավարձից հասցրել է տնտեսել միայն այնքան, որ կբավականացնի մի քանի օր առանց աշխատանք ապրելու համար։ Թե դրանից հետո ինչպես է ընտանիքը պահելու, չգիտի։

Սրճարանի սեփականատեր Արսեն Մանուկյանը վստահեցնում է, որ կփորձեն գոնե աշխատավարձի որոշ մասը վճարել այս ընթացքում։ Նա նշում է, որ վերջին մեկ ամսում, երբ մինչեւ 95 տոկոս հաճախորդների թվի կորուստ են ունեցել, ստիպված է եղել կրճատել աշխատողների աշխատաժամանակը, որպեսզի նրանց կարողանա վճարել։ Մեկշաբաթյա բացարձակ պարապուրդն էլ, կարծում է՝ վատ թարացնելու է վիճակը, քանի որ եկամտի բացակայության պայմաններում էլ ստիպված է կատարել մի շարք պարտադիր վճարներ։ Ճգնաժամը հաղթահարելու համար Արսեն Մանուկյանը կարծում է՝ պետությունը պետք է աջակցի իր նման տնտեսավարողներին եւ քաղաքացիներին, որոնք հատկապես խնդիրներ ունեն բանկերի հետ։

«Երկու ամսվա համար պետությունը կարող էր ինքն էլ որոշում կայացնել, ասեր՝ սառեցնում եք, կամ ինչ որ լուծում գտնեք։ Որ ոչ մեկ իր անհատական հարցի համար չգնար ընկներ բանկի դռները, պետական մակարդակով լուծվեր»,- նշում է նա։

Տանը մնալն ավելի մեծ ճոխություն է տաքսու վարորդների համար, որոնց եկամուտն առանց այն էլ մի քանի անգամ պակասել է։ Էմիլ Սահակյանը, որը 4 հոգանոց ընտանիք է պահում, արդեն մի քանի օր է՝ հաճախորդ չունի։

«3-ից 5 հազար դրամ ա պետք, որ կարողանա նորմալ մի օր ապրի ընտանիքը, բայց մենք էլ էդ գումարը չենք կարում աշխատենք։ Արդեն մի ամիս կլինի՝ հաճախորդ չկա, հիմա էլ՝ սրճարաններն են փակ։ Ազգային ժողովի նախագահն ասեց՝ մի գնեք բոլոր հացերը, մեկը գնեք, բայց մեկի համար էլ գումար ա պետք։ Եթե գումար չունեցար, հաց չեն տա քեզ»,- ասում է նա։

Օրավարձով ընտանիք պահող տաքսու վարորդները չեն ցանկանում թեկուզ արտակարգ դրության պայմաններում տանը մնալ։ Նրանք օրվա մեծ մասը դրսում են անցկացնում՝ թեկուզ մեկ պատվեր անելու հույսով։

Տպել
Ամենաշատ