News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղը գազաֆիկացված չէ։ Երկու մեքենա կա, որ ամիսը 3–4 անգամ գալիս են, բնակիչները լիցքավորում են գազի բալոնները, բայց հիմա խնդրի առաջ ենք կանգնել։ Այս մասին այսօր՝ մարտի 26–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։

Նրա խոսքով՝ վերջին անգամ գազ լիցքավորող մեքենան գյուղ է մտել 2 օր առաջ. «Այդ մեքենայի վարորդն ասաց, որ խնդիր է առաջացել, մինչեւ հասել է մեր գյուղ։ Ասաց՝ Աշտարակում են կանգնեցրել եւ Արմավիր քաղաքում, ստուգել են ու հազիվ է համոզել, որ գա։ Նաեւ ասաց, որ մինչեւ ապրիլի կես էլ չի գա գյուղ»։

Բնակչի խոսքով՝ գազի լիցքավորման դիմաց վճարել են նախորդից մի փոքր ավելի. «200–300 դրամ թանկացել է, նախկինում նույն բալոնը լիցքավորելու համար վճարում էինք 1500 դրամ, իսկ 2 օր առաջ լիցքավորեցինք 1700 դրամով։ Վարորդը դա բացատրեց նրանով, որ Վրաստանի անցակետի հետ կապված խնդիր կա, չի կարողանում գազ ձեռք բերել»։

Բնակիչը հույս հայտնեց, որ համայնքապետարանը եւ մարզպետարանը համապատասխան քայլեր կձեռնարկեն, որպեսզի մարդիկ խնդրի առաջ չկանգնեն։

Երվանդաշատի համայնքապետ Հովնան Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ բացառվում է խնդիրներ եղած լինեն ճանապարհին, եթե, իհարկե, անձն իր մոտ ունեցել է անձնագիր եւ սահմանված ձեւաթուղթ։

«Պարետը գրաֆիկ է սահմանել, թե ՀՀ–ում ոնց կարող են տեղաշարժվել։ Ես նրանց անձամբ ճանաչում եմ ու նրանք ոչ մի խնդիր չունեն այստեղ գալու։ Ո՞նց կարող է անձնագիր ունենան եւ այդ թեթիկը՝ մեջը լրացրած լինի ես դուրս եմ գալիս այս կետից գնում եմ այս կետը, պատճառն էլ նշեն ինչի համար են գնում, ո՞նց կլինի մեր իրավապահ մարմինները չաջակցեն կամ խոչընդոտեն, ես չեմ հավատում»,– ասաց համայնքի ղեկավարը։

Վրաստանի սահմանի անցակետերի փակ լինելու վարորդի պատճառաբանության եւ գազը թանկ վաճառելու առնչությամբ Ավետիսյանն ասաց. «Իրենք այստեղի կայաններից են վերցնում եւ փոքր գազելի վրա դրած բերում, վաճառում են։ Չեմ կարծում ավելի գումար վերցրած լինի, ես վերահսկում եմ, կարող է՝ նոր է եղել, ես կճշտեմ»։

Համայնքի ղեկավարը կարճ ժամանակ անց զանգահարեց եւ տեղեկացրեց. «Դուք ճիշտ էիք ասում, 1700 դրամով բերել վաճառել են, բայց մեր ամեն տարվա սպասարկողը չի եղել, ուրիշ մարդ է եղել, ինքն էլ այստեղ չի գա։ Խոսեցի նաեւ մեր մշտական սպասարկողի հետ ասաց, որ անցածի նման նույն գնով է վաճառում ու ոչ մի խնդիր չկա գյուղ գալու հետ կապված»։

Տպել
Ամենաշատ