News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տնտեսագետները 2020 թվականին Ռուսաստանի ՀՆԱ դինամիկայի կանխատեսումները սկսել են վատթարացնել կորոնավիրուսի տարածման եւ նավթի գների անկման պատճառով: Ռուսական տնտեսությունը ռեցեսիայից չի խուսափի. ՀՆԱ անկումը կարող է կազմել 0,8-ից մինչեւ 3 տոկոս, հետեում է վերլուծաբանների կանխատեսումներից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած ոչ աշխատանքային շաբաթը՝ մարտի 30-ից ապրիլի 5-ը միայն կուժեղացնի տնտեսության անկումը, նախազգուշացնում են փորձագետները, փոխանցում է ՌԲԿ-ն:

Տարվա արդյունքներով Ռուսաստանի ՀՆԱ-ն կարող է կրճատվել 2,5-2,8 տոկոսով, կարծում է «ԲԿՍ Պրեմիերի» գլխավոր վերլուծաբան Անտոն Պոկատովիչը: Ամանորյա երկարատեւ արձակուրդների ընթացքում Ռուսաստանի տնտեսությունը օրական կորցնում է մոտ 180 մլրդ ռուբլի: Սրանից ելնելով՝ նոր արձակուրդների արժեքը (ոչ աշխատանքային դարձած 5 աշխատանքային օրերը) հնարավոր կլիներ գնահատել 900 մլրդ ռուբլի կամ ՀՆԱ 0,8 տոկոսը: «Բայց նախատեսված հանգստյան օրերը հազիվ թե հնարավոր լինի բնորոշել որպես ավանդական՝ այս անգամ արտադրության պարապուրդը, հատկապես վերամշակող արտադրության, չի հարթվի սպառողական պահանջի մեծացմամբ՝ ռեստորաններ, կինոթատրոններ հաճախելով, զվարճանքի տարբեր միջոցառումների մասնակցելով, խոշոր գնումներ կատարելով»,- նշում է տնտեսագետը: Սրա շտկմամբ՝ ապրիլի առաջին շաբաթին տնտեսության ամենօրյա կորուստները կարող են կազմել շուրջ 270–320 մլրդ ռուբլի կամ ամբողջ շաբաթվա ընթացքում մոտ 1,3-1,6 տրլն ռուբլի, հաշվարկել է նա, այսինքն՝ 2020 թվականին ՀՆԱ 1,3-1,5 տոկոսը:

Հանգստյան օրերը կտեւեն շաբաթից՝ մարտի 28-ից մինչեւ կիրակի՝ ապրիլի 5-ը: բոլոր աշխատակիցների աշխատավարձը պետք է պահպանվի, հայտարարել է նախագահը: Կենսապահովման բոլոր կառույցները, այդ թվում՝ բժշկական հաստատությունները, դեղատները, խանութները, բանկերը, տրանսպորտը եւ բոլոր մակարդակների իշխանական մարմինները իրենց աշխատանքը շարունակելու են: ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ շաբաթը ոչ աշխատանքային է լինելու արդյունաբերական ձեռնարկությունների համար, բացառություն են կազմելու կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի միջոցներ արտադրող ձեռնարկությունները:

Այսպիսի արձակուրդները հարկավոր չեն ընկերություններին եւ կազմակերպություններին, որոնք արդեն հեռավար աշխատանքի են անցել, իսկ հիմա ստիպված են լինելու աշխատանքը դադարեցնել կամ աշխատակիցներին վճարել ավել աշխատելու համար, նշում է «Էքսպերտ ՌԱ» վարկանիշային գործակալության գլխավոր տնտեսագետ Անտոն Տաբախը: «Այսպիսի վճարումները վերջին բանն են, որ հարկավոր են գործատուների մեծ մասին, հատկապես նրանց, որոնք տուժել են պահանջարկի կոլապսից»,- նշել է նա ՌԲԿ սյունակի համար գրած հոդվածում: Արձակուրդները բիզնեսի համար կարժենան մինչեւ 700 մլրդ ռուբլի, որը պետությունը չի պատրաստվում փոխհատուցել, նշել է Տաբախը:

Հաշվի առնելով այն, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկումը դեռեւս չի ճնշվել, եւ հնարավոր են նոր սահմանափակող միջոցառումներ, ING-ն ռուսական տնտեսության 0,5 տոկոսով աճի վերաբերյալ իր նախորդ կանխատեսումը ոչ իրատեսական է համարում: Հիմա ING-ն ակնկալում է տարվա արդյունքներով ՀՆԱ-ի 2-3 տոկոսով կրճատում:

Բրիտանական Oxford Economyics խորհրդատվական ընկերության ներկայիս կանխատեսումը Ռուսաստանի համար 2020 թվականին ՀՆԱ-ի մինուս 1.6 տոկոսն է կազմում, ՌԲԿ-ին հայտնել է Oxford Economics-ի ավագ տնտեսագետ Եվգենիա Սլեպցովան: Որպես մեկնարկային կետ են ծառայում Oxford-ի հունվարյան կանխատեսումները` մինչեւ  նավթի գների անկումն ու կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքները (1.8 տոկոս): Մինուս 1.8 տոկոսին հանգեցնում է նավթի անկումը (բարելի դիմաց 30 դոլարի մակարդակում), իսկ հիվանդության բռնկման ազդեցությունը (ներառյալ Ռուսաստանում հայտարարված կարանտինները)` էլ ավելի` մինուս 1.9-2 տոկոս: Միեւնույն ժամանակ, ըստ Սլեպցովայի, ՀՆԱ-ին 0.3-0.4 տոկոսային կետ կգումարեն Ռուսաստանի իշխանությունների կողմից հայտարարված տնտեսական աջակցության ֆիսկալային միջոցառումներով:

Միջազգային ֆինանսների ինստիտուտը (IIF, բանկերի գլոբալ ասոցիացիա) մարտի 23-ին` նախքան Պուտինի ուղերձը ռուսներին, իջեցրել էր Ռուսաստանի ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը մինչեւ մինուս 1.3 տոկոս: Համաճարակի սկսվելուց եւ նավթի գների անկումից առաջ IIF-ն 2020 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ի 1.8 տոկոս աճ էր կանխատեսել:

«Ռենեսանս կապիտալ»-ն արդեն մարտի 25-ին` Պուտինի ուղերձից եւ ոչ աշխատանքային շաբաթվա մասին հայտարարությունից հետո, վերանայեց իր կանխատեսումները Ռուսաստանի վերաբերյալ: «Միջանկյալ սցենարը 2020 թվականի համար Ռուսաստանի ՀՆԱ-ի աճի` տարեց տարի մինչեւ 0,8 տոկոս անկում եւ մինչեւ մինուս 2 տոկոս համաշխարհային տնտեսական աճ է նախատեսում` գլոբալ կարանտինային միջոցառումների երկարաձգման (առնվազն մեկ եռամսյակ) դեպքում»,- նշել է Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի մասով տնտեսագետ Սոֆիա Դոնեցը:

«Վերածնունդ կապիտալ»-ի հիմնական կանխատեսումը, որը հիմնված է 42.5 դոլար նավթի գնի վրա, տարվա կտրվածքով ՀՆԱ-ի 1.5 տոկոս աճ էր ենթադրում: Տնտեսության 0.8 տոկոսով անկում ընկերության վերլուծաբանների կողմից կանխատեսվել էր Brent տեսակի նավթի համար 20 դոլարի դեպքում:

Moody's գործակալությունը մարտի 25-ի իր տեսության մեջ կանխատեսում է, որ Ռուսաստանի տնտեսությունը կաճի ընդամենը 0.5 տոկոսով` փետրվարյան կանխատեսման համեմատ 1.5 տոկոս: Moody's-ը հիմնվում է Brent նավթի` 2020 թվականի համար բավականին կանխատեսելի գնի՝ 40 դոլարի վրա: Եթե նավթի գինը մնա մոտ 30 դոլարի սահմաններում, ապա Moody’s-ը նախազգուշացրել է Ռուսաստանի ՀՆԱ-ի հետագա նվազման ռիսկի մասին` կապված տնային տնտեսությունների գնողունակության անկման եւ ռուսական ապրանքների թույլ արտաքին պահանջարկի հետ:

Անցյալ շաբաթ Fitch գործակալությունը կրկնապատկել էր 2020 թվականին Ռուսաստանի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումը: Եթե անցած տարվա դեկտեմբերին Fitch-ի փորձագետները կարծում էին, որ 2020 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի 2 տոկոսով, ապա այժմ նրանք 1 տոկոսից ավել աճ չեն ակնկալում;

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ