News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության զարգացման խթանումը պետք է լինի, նախ՝ երաշխավորված պահանջարկով, ոչ թե վարկերով «բռթելով» առաջարկը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ կարեն Ադոնցը, ով իր գրառումը վերնագրել է. «Ինչ չանել եւ ինչ անել»:

Նա, մասնավորապես, գրել է.

«Տեղյակ եք արդեն, որ միջազգային գրեթե բոլոր վերլուծական կենտրոններն այսօր, միահամուռ կերպով արձանագրում են, որ համաշխարհային խոր տնտեսական ճգնաժամն անխուսափելի է։ Կարծիքները տարբերվում են միայն ճգնաժամի խորության առումով՝ կամ կլինի 2008-2009թթ. ծանրության, կամ առավել խորքային։

Հիմա՝ մի քանի խոսք մեր տնտեսության կենսունակության պահպանման ու բեկումնային զարգացում ապահովելու մասին։

Ինչ խոսք, ստեղծված իրավիճակում գյուղատնտեսական արտադրության բազմակողմանի խթանումը ստանում է գերկարեւորություն։ Սակայն, այն ինչ առաջարկում է կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում, ոչ միայն անընդունելի է տնտեսական առումով, այլ կարող է բերել սոցիալ-քաղաքական ծանր հետեւանքների։

Ի՞նչ է առաջարկում կառավարությունը, եթե խոսենք պարզ լեզվով։ Կառավարությունն ասում է՝ «վերցրեք անտոկոս վարկեր, կառուցեք ջերմոցներ, խելացի գոմեր, ոռոգման ջրահամակարգեր, գնեք տեխնիկա եւ այլն եւ այլն՝ վարկային տոկոսները պետական միջոցներից ես կվճարեմ բանկերին, որ բանկերը իրենց պարտքերով կուտակած հսկայական ազատ միջոցները ձեր ու պետության հաշվին շահավետ տեղաբաշխեն։ Բայց ես չեմ երաշխավորում, որ վաղը կկարողանաք արդյունավետ իրացնել ձեր արտադրանքը, ժամանակին մարել ձեր անտոկոս վարկերը՝ մտնում ենք խոր ճգնաժամի մեջ, ռուսական ռուբլին արժեզրկվել է, համընդհանուր պահանջարկն անկում է ապրելու, մթերող ընկերությունների հեռանկարը անորոշ է։ Բայց, եթե ժամանակին չվճարեք վարկերը, ապա ձեր հողերով, կառուցած ջերմոցներով, խելացի գոմերով, ոռոգման ջրահամակարգերով, գնված տեխնիկայով եւ այլն եւ այլն՝ ստիպված կլինեք «գերի հանձնվել» բանկերին»։

Գյուղատնտեսության զարգացման խթանումը պետք է լինի, նախ՝ երաշխավորված պահանջարկով, ոչ թե վարկերով «բռթելով» առաջարկը։ Պետությունը պետք է կողմնորոշիչներ տա՝ թե ոլորտների եւ թե ծավալների ու գների առումով ու տա՝ արտադրանքի իրացման հստակ երաշխիքներ, հնարավորինս բացառելով, այս անորոշ իրավիճակում, վարկերի ռիսկայնությունը։ Եթե երաշխավորված լինեն շահավետ գներն ու պահանջարկը, մարդիկ վարկերը տոկոսով էլ կվերցնեն՝ չկասկածեք։

Բայց ինձ ուրիշ հարց է մտահոգում։ Մենք հիմա որոշել ենք տնտեսությա՞նը օգնել, թե՞ բանկերին։ Մենք գործնականում չենք էլ փորձում արդյունավետ կառավարել մեր տնտեսությունը, փաստացի տալով կառավարման ղեկը «առավել խելացի» կառավարիչներին՝ բանկերին։ Բանկերը հաստատ ավելի խելացի կառավարիչներ են՝ դրա համար էլ մինչեւ մազերի ծայրերը «թաղվում ու թաղվելու» ենք վարկերի մեջ։ Ես բանկերին չեմ մեղադրում՝ մենք իրոք լավ բանկեր ու բանկային համակարգ ունենք՝ վարկավորելն էլ իրենց գործառույթն է։ Ինձ անհասկանալի ու անընդունելի է տնտեսական քաղաքականությունը, որը տարվում է։

Գոնե մտածե՞լ ենք՝ ուր է սա տանելու։ Մենք գումարելու ենք առեւտրա-արտադրական օլիգարխիկ գործող տնտեսական համակարգին, բանկային օլիգարխիկ համակարգ՝ խեղդելով տնտեսությունը առատ վարկերով՝ վարկերով փչված տնտեսական աճեր արձանագրելով։ Սպասվող ճգնաժամը, նման քաղաքականության պայմաններում, էնպիսի արտագաղթ կարող է առաջացնել, որ «փախչողների» հետեւից չենք էլ հասնի։

Ժողովուրդ ջան՝ մի խաղացեք տնտեսության հետ, մենք շատ ծանր ու անկանխատեսելի իրավիճակում ենք հայտնվելու։

Չեմ ծավալվի առանձին օպերատիվ կառավարման հարցերի շուրջ, բայց կնշեմ հինգ կարեւոր ուղղություն, որոնք արտացոլում են իմ մոտեցումները։

Նախ՝ ներքին վճարունակ պահանջարկի եւ արտահանմամբ ձեւավորվող պահանջարկի առումով, հավասարակշռող ու բեկումնային զարգացում ապահովող ոլորտը, դա արդյունաբերությունն է։

Պետության քաղաքականությունը, ստեղծված իրավիճակում, պետք է լինի հստակ, ճկուն ու փոխկապակցված։

Եթե հակիրճ, ապա հետեւյալ քայլերը արդյունաբերության ոլորտում կարող են համարվել հակաճգնաժամային ՝

1) Արտադրական նշանակության բոլոր հումքատեսակների եւ մեքենասարքավորումների ներմուծումը պետք է ազատել մաքսային սահմանին ԱԱՀ-ի հարկի գանձումից։

2) Ժամանակավոր ներմուծման ռեժիմով օգտագործվելիք հումքի ծավալի մասին համապատասխան հայտ ներկայացնելու պարագայում, ձեռնարկատերերը պետք է ազատվեն այդ գումարի դիմաց մաքսային սահմանին մաքսատուրք վճարելուց։

3) Հայաստանում արտադրված ապրանքատեսակների (բացառությամբ՝ հանքահումքային արտադրանք), արտահանված ծավալի գումարի չափով, արտահանող ընկերությունները պետք է ստանան պետական աջակցություն՝ արտոնյալ զարգացման վարկ։ Վերամշակված արտադրանք արտադրողների արտոնյալ զարգացման վարկը պետք է կապակցված լինի գյուղացիական տնտեսությունների հետ կնքված մթերման պայմնագրերին։ Ոսկերչական արտադրանքի համար՝ հաշվարկը ավելացված արժեքով։

4) Ռուսական շուկա (կամ այլ շուկաներ) արտահանող ընկերությունները, ռուբլու (կամ այլ արժույթի) 5% -ից ավել արժեզրկման դեպքում՝ արտահանման ծավալի գումարի նկատմամբ արժեզրկման միջին տոկոսով հաշվարկված, գոյացած հարկային պարտավորությունների շրջանակում, պետք է ստանան հարկային արտոնություն։

5) Կառավարությունը նախաձեռնում է (առաջիկա 3-4 ամիսների ընթացքում)՝ «Համահայկական առեւտրա-արդյունաբերական կորպորատիվ համակարգի» ձեւավորման արագացված գործընթաց՝ առանձին օրենքով։

Մեկնարկային ներդրումային փաթեթը՝ 250մլն$։

Մասնաբաժինները՝

1) Պետություն – 20% (ոչ ավելի), (50մլն$),

2) ՀՀ-ում գործող կոմերցիոն բանկեր, տրանսպորտային ընկերություններ - 20% (ոչ ավելի), (50մլն$),

3) 1մլն բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 150$ նոմինալ արժեքով, տեղաբաշխվում է սփյուռքի 3 հիմնական շուկաներում՝ Եվրոպական ուղղություն, Ամերիկյան ուղղություն եւ Ռուսաստան- (150մլն$)։

Անմիջապես բացվում են բաժնետերերի բանկային հաշիվները,՝գրանցվում են բաժնեմասերը, ապահովվում է կառավարման թափանցիկությունն ու մշակվում՝ կառավարմանը եւ որոշումների կայացմանը բաժնետերերի լիարժեք հեռակա մասնակցելու մեխանիզմները։

Մեկնարկային ծրագիրը ներառում է՝

Ա) 50 արտադրական ձեռնարկությունների գործարկում, արագ կազմակերպվող ու արագ իրացվող ապրանքների գծով՝ հետեւյալ արտադրական ոլորտներում.

- Հագուստ, կոշկեղեն, կաշվե իրեր, բիժուտերիա եւ այլն՝ (10 ձեռնարկություն),

- Վերամշակված արտադրանք, խմիչքներ՝ (10 ձեռնարկություն),

- Ինտերիեր, նկարներ, դիզայնի արտադրանք, տան տեքստիլ եւ այլն՝ (10 ձեռնարկություն),

- Տան համար ապրանքեր, գործիքներ, շինարարական նշանակության ապրանքներ եւ այլն՝ (10 ձեռնարկություն),

- Հիգենայի եւ առողջապահական արտադրանք՝ (10 ձեռնարկություն)։

Բ) 50 առեւտրային ընկերություններ, վարձակալված՝ պահեստային եւ լոգիստիկ (այդ թվում հեռավար վաճառքի) հզորություններով՝ հետեւյալ շուկաներում.

Ռուսաստան՝ 20 առեւտրային միավոր,

Եվրոպա՝ 20 առեւտրային միավոր,

ԱՄՆ՝ 10 առեւտրային միավոր։

Բազմակողմանի խթանման քաղաքականության ու քայլերի արդյունքում՝ գործի դնելով բոլոր հնարավոր ուղղիները, պարտադիր է հասնել նրան, որ 1մլն սփյուռքահայեր նախ դառնան բաժնետեր, ապա սեփական արտադրության այս լայն ապրանքացանկի շրջանակում, իրենց շուկաներում միջինը կատարեն ամսեկան՝ 150$-ի գնում։

Սա կապահովի՝

Կորպորատիվ տարեկան իրացում՝ 1,8 մլրդ դոլար,

Մաքուր կորպորատիվ տարեկան շահույթ՝ 180մլն$,

Հայաստանից, կորպորատիվ համակարգով արտահանման տարեկան ծավալը կկազմի մոտ՝ 1,2 մլրդ դոլար։

Հ.Գ.

Այս քայլերը կարեւոր են ոչ միայն գալիք ճգնաժամը հաղթահարելու առումով, այս քայլերի արդյունավետ իրագործումը նոր որակ ու նոր բնույթ կհաղորդի մեր հետագա զարգացմանը։ Այ սա կլինի՝ «աննախադեպ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
Ամենաշատ