News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը հանդես է եկել արցախցիներին ուղղված ուղերձով:

Ստորեւ ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ:

«Սիրելի՛ արցախցիներ,

Իմ քույրե՛ր եւ եղբայրնե՛ր,

Արցախում համապետական հերթական ընտրությունների անցկացման ժամկետը համընկել է ամբողջ աշխարհը պատուհասած` լրջագույն մարտահրավերներով եւ վտանգներով լի մի ժամանակաշրջանի հետ, երբ մարդկանց առողջությունը պահպանելն ու կյանքեր փրկելը բացարձակ առաջնահերթություն է բոլոր պետությունների եւ ազգերի համար:

Օրեցօր աշխարհում փոխվում կամ ձեւափոխվում են պատկերացումները անվտանգության, պաշտպանվածության, արդյունավետ կառավարման, անգամ մարդկային պարզ վարքագծի կանոնների, միմյանց մասին հոգ տանելու եւ հասարակական հարաբերությունների մասին:

Ոմանք այն համարում են մի նոր պատերազմ, ոմանք` մարդկության նորագույն պատմության ամենածանր ճգնաժամը, ուրիշներն այն դիտում են որպես իրենց ազգային անվտանգությանը լրջագույն սպառնալիք, փակվում են պետական սահմաններ, հայտարարվում համաճարակային վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» աստիճան եւ այլն:

Այո, մարդկային կյանքեր փրկելն ու պետությունները ճգնաժամային ստեղծված իրավիճակում արդյունավետ կառավարելն այս փուլում բոլորի համար ամենակարեւորն է, հետո կգա համավարակի տնտեսական վնասները չեզոքացնելու եւ քաղաքացիների արժանապատիվ կեցությունն ապահովելու դժվարին` հետճգնաժամային ժամանակաշրջանը:

Արցախի իշխանությունները, հուսով եմ, սթափ եւ ճիշտ կգնահատեն իրավիճակը, անվրեպ կհաշվարկեն վտանգները եւ կկայացնեն որոշումներ, որոնք չեն վտանգի սեփական քաղաքացիների կյանքը: Իմ մարտական ընկերները, այդ թվում` իշխանության մեջ գտնվող, վստահ եմ, լավագույնս գիտեն մարդկային կյանքի արժեքը:

Խնդրում եմ, ինքներդ էլ զգոն եղեք, հոգ տարեք ձեր եւ ձեր ընտանիքների, ձեր շրջապատում խնամքի կարիք ունեցող անձանց հանդեպ, պահպանեք ձեր առողջությունն ու կյանքը: Սա եւս կյանքի եւ մահու պայքար է, ինչպես պատերազմի ժամանակ, որը մենք տարիներ առաջ միասին արժանապատվորեն անցանք եւ հաղթեցինք:

Արցախցու համար արժանապատիվ ապրելն առաջին հերթին եղել եւ մնում է իր հողի վրա սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելը, որի համար չափազանց թանկ է վճարել: Շուրջ երեք տասնամյակ առաջ արդար պայքարի ու մաքառման արդյունքում, մեր հազարավոր եղբայրների եւ քույրերի կյանքի գնով նվաճեցինք ազատ ու արժանապատիվ ապրելու այդ իրավունքը:

Տարիներ ի վեր Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ մեր բանակցությունների հիմքում եղել են նաեւ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան` ձեր կատարած համապետական եւ ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Լեռնային Ղարաբաղի խնդրով հետաքրքրված օտարերկրյա գործիչներին եւ կազմակերպություններին մշտապես հորդորել եմ այցելել Արցախ եւ տեսնել, թե ինչպես է արցախցին այդ ընտրությունների միջոցով կառուցում համամարդկային արժեքների վրա հիմնված ժողովրդավարական հասարակություն եւ ազգային պետություն:

Իմ պատվարժան հայրենակիցնե՛ր,

Ինչպիսին էլ այս օրերին լինի Արցախի բարձրագույն ղեկավարության որոշումը ընտրությունների անցկացման վերաբերյալ, առկա իրավիճակով պայմանավորված՝ երբ էլ դրանք անցկացվեն, պետք է հերթական անգամ դառնան ձեր ազատ կամարտահայտության վկայությունը, ինչը կշարունակի հզոր կռվան լինել Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում:

Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, եւ Հանրապետության նախագահի ու Ազգային ժողովի ընտրությունները պետք է այս պնդումը անհերքելի իրողություն դարձնեն:

Վերահաստատե՛ք ձեր կամքը` կառուցելու հզոր, բարեկեցիկ, ազգային պետություն` հիմնված համամարդկային եւ քրիստոնեական բարձր արժեքների վրա:

Սիրելի՛ արցախցիներ,

Երբեւէ թույլ չտաք քաղաքական պայքարը խաթարի հանրային համերաշխությունը, կոտրի ձեր միասնականության ոգին եւ թուլացնի զգոնությունը. պատերազմի վտանգն այսօր նույնքան իրական է, որքան շուրջ երեք տասնամյակ առաջ:

Ամեն օր աշխարհում տեղի ունեցող զարգացումները, ուժի անթաքույց ցուցադրմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտորեն խախտմամբ վարվող պատերազմները, բոլոր առումներով սպառնալիք դարձած նոր տեսակի համավարակը անվտանգության մասին լրջորեն մտորելու ահազանգ են:

Ընտրե՛ ք պետության անվտանգությունը լավագույնս ապահովողին, նրան, ով ունակ է ամենածանր փորձությունից հաղթանակած դուրս գալու, եւ դա ապացուցել է սեփական օրինակով ու հերոսությամբ, ով կարող է հմուտ կառավարել երկիրը, վստահ եւ պատվախնդրորեն ներկայացնել ձեզ ու արտահայտել ձեր կամքը, ձեր ստեղծարար միտքը եւ ներուժը ծառայեցնել երկրի հզորացմանն ու ձեր բարեկեցությանը:

Ձեւավորե՛ ք քաղաքական լայն ներկայացվածությամբ ու բազմակարծություն ունեցող խորհրդարան եւ

անկասելի դարձրեք ազատ, անկախ, ժողովրդավարական Արցախի ընթացքը:

Ես հավատում եմ, որ մեր հավաքական ուժը՝ Հայաստան, Արցախ եւ Սփյուռք եռամիասնությամբ, ի զորու է իրականություն դարձնելու համազգային մեր գաղափարներն ու նպատակները, եւ որ Արցախի նորընտիր իշխանություններն այս գաղափարի կրողն ու ջատագովն են լինելու:

Աստված զորավիգ եւ պահապան լինի Արցախին եւ մեր ողջ ժողովրդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ