News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այսօր ժամը 19-ի սահմանում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, նրա կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Այս մասին ֆեյսբուքում գրել է Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ըստ նրա՝ թեթեւ վիրավորում է ստացել երկու հայ զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս եւ Ոսկեւան գյուղերը, վիրավորվել է ոսկեվանցի մեկ երեխա: Աղբյուրի համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի անպատկառ գործողությունները սաստելու նպատակով Հայկական զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Հայաստանում մարտի 30-ին՝ ժամը 11-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 58 նոր դեպք է գրանցվել, Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակը: Նրանցից 25-ը եղել են կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր են: Մյուս 2-ի շփման շրջանակը պարզվում է: Ընդհանուր առմամբ՝ մարտի 30-ին հաստատվել է կորոնավիրուսի 482 դեպք: Այս պահին բուժվում է 449 անձ: Ապաքինվել է 30-ը, 3 պացիենտ մահացել է:

Կառավարությունն այսօրվա իր արտահերթ նիստում հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Բաթոյանը  հայտնել է, որ նվազագույն ամսական աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի այս տարվա մարտի 13–ից մինչեւ մարտի 30-ն աշխատանքից ազատված քաղաքացիներին։

Կառավարության առաջարկած 8 միջոցառումների շահառուներ կդառնան ավելի քան 100 հազար քաղաքացիներ, լրագրողների հետ հանդիպմանն ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա պարզաբանել է, որ ներդրվում են աջակցման 3 գործիքներ՝ համաֆինանսավորում, վերաֆինանսավորում եւ տոկոսադրույքի սուբսիդավորում:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բանակը զորանոցային վիճակի բերելու հանրային մտահոգությունների կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հատուկ հայտարարությամբ  վստահեցրել է, որ 24-ժամյա ռեժիմով գործադրում է բոլոր ջանքերը՝ զինված ուժերը կորոնովիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար եւ Զինված ուժերն ի զորու են հաղթահարելու այս մարտահրավերը: Նշվում է, որ Բանակն այժմ անշեղորեն իրականացնում է պետության սահմանների անձեռնմխելիության ապահովման իր առաքելությունը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը զարմանում է, թե ինչու կորոնավիրուսից մահացածներին պահելու, հուղարկավորելու հարցով պարետի որոշում չի ընդունվել, այլ բերվել է Ազգային Ժողովի քննարկման «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում» փոփոխություններ կատարելու նախագծի տեսքով։

Կորոնավիրուսից մահացած անձի մարմինը հանձնվում է հարազատներին զմռսված, փակ դագաղներով, ի պատասխան մեկ այլ պատգամավորի հարցի, ասել է  առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։

Լույս մարտի 29-ի գիշերը կորոնավիրուսից մահացել է Ֆրանսիայի Օ-դե-Սենի նահանգապետ, նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանը։ Դեւեջյանը եղել է հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարգացման եւ Ֆրանսիայում ու միջազգային հարթակներում Հայ դատի ջերմ պաշտպանը: 75-ամյա գործչի մահվան կապակցությամբ ցավակցություններ են հղել, Ֆրանսիայի գործող ու նախկին նախագահներ Մակրոնը, Սարկոզին եւ Օլանդը, Հայաստանի 4-րդ, 3-րդ եւ 2-րդ նախագահները։

Նոր կորոնավիրուսը չի փոխանցվում օդով, այլ միայն կաթիլային ճանապարհով՝ պնդում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները: Վարակումը տեղի է ունենում մարդու օրգանիզմ փոքր կաթիլների թափանցման ճանապարհով, որոնք արտադրվում են հիվանդ մարդու փռշտոցի կամ հազի հետեւանքով: Ուստի խորհուրդ է տրվում հեռավորություն պահպանել: Ըստ փորձագետների՝ կաթիլները, որոնք պարունակում է կորոնավիրուսը, շատ ծանր են եւ երկար չեն մնում օդում եւ մակերեսների վրա:

Իրանում 480-ից ավելի մարդ է մահացել եւ 2850-ի առողջությանը ծանր վնաս է հասցվել մեթիլսպիրտից թունավորվելու հետեւանքով, որը նրանք խմել են կորոնավիրուսային վարակից զերծ մնալու համար: Իրանի առողջապահության նախարարության խորհրդական բժիշկ Հոսեյն Հասանյանն ասել է, որ մյուս երկրները հիմա մեկ խնդիր ունեն՝ նոր կորոնավիրուսի համավարակը, իսկ իրենք ստիպված են պայքարել միանգամից երկու ճակատով: Ալկոհոլով վիրուսից պաշտպանվելու կեղծ լուրեը խթանել են այդ երկրում սպիրտի ընդհատակյա արտադրությունը:

Այսօր Արցախում լռության օրը. վաղը հայկական երկրորդ հանրապետությունում կընտրեն 4-րդ նախագահին եւ հաջորդ գումարման Ազգային ժողով: Չնայած  Հայաստանից եւ Արցախից հնչող բազմաթիվ կոչերին՝ հետաձգել ընտրությունները` հաշվի առնելով Արցախում կորոնավիրուսի տարածման վտանգը, այնուամենայնիվ, իշխանություները մինչև այս պահն ընտրություները հետաձգելու որոշում չեն կայացրել: Երեկ Արցախում կայացել են հեռուստադեբատներ, որոնց մասնակցել են նախագահի 14 թեկնածուներից 12-ը:

Ըստ հարցումների Արցախի նախագահի ընտրարշավի առաջատարներն են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը  եւ գեներալ Վիտալի Բալասանյանը, որին հեռուստաբանավեճից հետո կողմնակիցները դիմավորել են «հաղթանակ»  վանկարկումներով:

Արցախում պետք է շարունակել պահպանել փոխադարձ հարգանքը, ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում եւ թշնամանք անկախ ընտրությունների արդյունքից: Թշնամու երազանքն է՝ Արցախում տեսնել պառակտում եւ անկայունություն։ Այս մասին ինստագրամյան իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը եւ վստահություն հայտնել, որ եթե ինքներս այդ նվերը չանենք հակառակորդին, նա մեզ հաղթելու որեւէ շանս չունի։ «Իշխանությունները փոփոխվող են, պետության շահն է անփոփոխ։ Մենք պատասխանատու ենք նաեւ գալիք սերունդների առաջ», գրել է Վանեցյանը։

Գյումրեցի 13-ամյա աղջիկն արդեն լավ է, բժիշկների օգնությամբ քայլում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» Բուժկենտրոնի մամուլի խոսնակը: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ աղջնակն ու նրա մայրը ծեծի էին ենթարկվել իրենց տանը, ինչից մայրը մահացել էր, հանցանքի ենթադրյալ հեղինակը՝ ձերբակալվել։

Առաջին եռամսյակում Հայաստանում տուրիզմի որոտի կորուստները կազմել են 134 մլն դոլար՝ հաշվի առնելով այն, որ երկիր չի այցելել գրեթե 175 հազար զբոսաշրջիկ, որոնք միջինը ծախսում են 770 դոլար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

Մարտի 29-ին մահացել է մեր ժամանակների նշանավոր կոմպոզիտորներից  Քշիշտոֆ Պենդերեցկին։ Նրա տատիկներից մեկը հայուհի էր, երաժշտության ժամանակակից դասականը հաճախ է եղել իր նախնիների հայրենիքում, մասնակցել «Երեւանյան հեռանկարներ» փառատոնին:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 2.37 դրամով ու հասել 500.80 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 6.12 դրամով ու կազմել  554.34 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 11.31 դրամով ու հասել 620.19 դրամի,  իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.10 դրամով  ու կազմել 6.30 դրամ։

Մարտի 31-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի: Երեւանում նույնպես չոր եղանակ կլինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +15+17:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ