News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.11
EUR
539.87
RUB
6.97
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Հայաստանում մարտի 31-ին՝ ժամը 11-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել, Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակը: Նրանցից 23-ը եղել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է: Կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը 532 է: Նրանցից 30-ի վիճակը ծանր է:

Այսօր հրապարակվեց պարետ Տիգրան Ավինյանի որոշումը մինչեւ ապրիլի 5-ը  Չարենցավանում՝ բացառությամբ Ֆանտան բնակավայրի, սահմանափակումներ  կիրառելու մասին, կորոնավիրոսի վարակի տարածումը կանխարգելելու հպատակով։ Պետք է արգելվեր քաղաք ելումուտը, սակայն ավելի ուշ այդ որոշումը հերքվեց:

Կոտայքի մարզպետ Ռոմաոս Պետոսյանի ֆեյսբուքյան պարզաբանմամբ՝ պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր. Չարենցավանի մուտքերը չեն փակվի։ Ըստ նրա, Չարենցավանի մասով՝ կա մշակված եւ նախանշված հստակ համալիր ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության:

Եթե կառավարությունը սահմանափակումներ չմտցներ, մարտի 1-ից հետո 75-80 օրվա ընթացքում Հայաստանի բնակչության 89 տոկոսը վարակված կլիներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Ըստ նրա՝ սահմանափակումներն ավելի են խստացվելու: Նաեւ վերահսկողությունը պետք է ավելի արդյունավետ դարձնենք, այդ նպատակով ոստիկանությանը կմիացվեն այլ կառույցներից տարբեր ուժեր,- ասել է  Ավինյանը:

Այսօր Արցախը նոր նախագահ եւ նոր խորհրդարան է ընտրել: Նոր սահմանադրությամբ՝  հայկական երկրորդ հանրապետությունում առաջին անգամ են անցկացվել համընդհանուր ընտրություններ՝ թե նախագահի և թե Ազգային ժողովի: Խորհրդարանի ընտրություններում առաջադրվել է 2 կուսակցությունների դաշինք ու 10 կուսակցություն: Նախագահի  պաշտոնին հավակնում է 14  թեկնածու: 282 ընտրատեղամասերը փակվել են երեկոյան ժամը 20-ին: Արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը քվեարկելուց  հետո լրագրողների հետ զրույցում, ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այսօրվա իրավական կարգավիճակների վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ դա չի կարող հաճույք պատճառել ոչ միայն իրեն, ոչ միայն Արցախի քաղաքացիներին, այլեւ, իր համոզմամբ, նաեւ Հայաստանի քաղաքացիներին եւ ընդհանրապես հայ ժողովրդին:

Կորոնավիրուսի պատճառով ընտրությունները չհետաձգելու որոշումը եղել է գիտակցված եւ հիմնավորված, ասել է Արցախի գործող նախագահը, նաեւ հայտարարել, որ մնալու է Արցախում եւ իր հնարավորությունների չափով օգտակար է լինելու իր ժողովրդին ու հայրենիքին:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չի կարողացել ընդունել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումների փաթեթը: Մինչեւ քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է ԲՀԿ-ի գործընկերներին միանալ իրենց եւ չմասնակցել քվեարկությանը, իսկ «Իմ քայլի» պատգամավորները դահլիճում 65 հոգուց քիչ են, հետեւաբար օրենքը չի ընդունվի: Այդպես էլ եղել է: Հիշեցնենք, որ լրացումները վերաբերում են անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքի նոր սահմանափակումներին:

Մենք ստիպված ենք քաղաքացիների մի շարք կենսական իրավունքներ սահմանափակել, բայց մենք այդ ամենը հո չե՞նք անում քաղաքական նպատակներով, Facebook-ի իր էջից ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ  Փաշինյանը եւ ավելացրել. Սա մենք անում ենք իրավիճակը կառավարելի պահելու և, ի վերջո, կորոնավիրուսը հաղթահարելու համար:

Երեկոյան կառավարությունը Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրել, ինչի առիթով իր գործընկերներին ամոթանք է տվել  Էդմոն Մարուքյանը: Այդ պարագայում անհնար է ֆրակցիան հավաքել, եթե հիմա վազելով էլ գնանք Խորհրդարան, այլեւս չենք կարող ելույթ ունենալ, ֆեյսբուքյան լայվով ասել է նա։  Նշենք, որ նիստի օրակարգում այսօր արդեն մեկ անգամ տապալված Զանգերի եւ տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ նախագծի փաթեթն է։

Իսկ օրվա առաջին կեսին կառավարությունը խորհրդարանից հետ է կանչել «Բնակչության բժշկական սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ քննարկումների համար, Ազգային Ժողովում  հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Օրինագծով նախատեսվում է արգելել կորոնավիրուսից մահացածների դիահերձումը: Այն առաջին ընթերցմամբ հավանություն էր ստացել մարտի 30-ին:

Առողջապահության նախարարը երեկվա իմ հարցազրույցներից մեկի վերնագիրը, որն արդեն մանիպուլացված էր, ծաղրի առարկա է դարձրել ֆեյբուքում, Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է իշխող խմբակցությունից Լուսինե Բադալյանը: Բադալյանն առաջարկել է ֆեյսբուքյան չարաճճիությունների եւ վերնագրեր մանիպուլացնելու փոխարեն, ոլորտին եւ նախագծին վերաբերող հարզազրույցները լսել ամբողջությամբ։

Մարտի 14-ի ավտովթարից ու մի քանի վիրահատությունից հետո երեկ երեկոյան մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին: Նա 33 տարեկան էր։ Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին ասում էր, որ սիրահարված է Հայաստանին: Մի քանի տարի առաջ նա NEWS.am-ում իր հեղինակային՝ «Հայաստանը Արիանայի աչքերով» նախագիծն էր իրականացնում։ «Խոսքեր չեմ գտնում կնոջս՝ Արիանա Կաոիլիի կորստյան ծանր վիշտը արտահայտելու համար: Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ անձնավորություն էր, որը գեղեցիկ կյանք ապրեց...»,- գրել է Արոնյանը Թվիթերի իր պաշտոնական էջում: Լեւոնին ցավակցել են վարչապետը, հանրապետության 3-րդ ու 4-րդ նախագահները, Սերժ Սարգսյանն ի դեպ, նաեւ 2017-ին նրանց հարսանիքի կնքահայրն էր: Վշտակցության խոսքեր են գրել Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի ղեկավարները, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, բազմաթիվ առաջատար գրոսմայստերներ:

Արմեն Ջիգարխանյանի առողջության մասին տագնապալի լուրերը հաստատել է նրա մտերիմ ընկերը՝ պրոդյուսեր եւ դերասան Մարկ Ռուդինշտեյնը։ Նա հայտնել է, որ ականավոր արտիստն աստիճանաբար կորցնում է բանականությունը։ Ըստ նրա, նախկին Արմեն Բորիսովիչից գրեթե ոչինչ չի մնացել։ Պատճառը դիաբետն է, որի դեմ ռեժիսորը պայքարում է վերջին տարիներին, ինչպես նաեւ բամբասանքն ու սկանդալները, որոնք ծավալվել էին նրա անձի շուրջ։

Ամերիկացի հեռուստահաղորդավարուhի Հոդա Քոթբը հուզվել է ուղիղ եթերում, փոխանցում է CNN-ը: Նրա հետ զրույցում Նոր Օռլեանի ամերիկյան թիմի հարձակվող Դրյու Բրիսը հայտնել է, որ ինքն ու իր կինը 5 միլիոն դոլար կնվիրաբերեն Լուիզիանա նահանգին կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Մարզիկի առատաձեռնությունից հուզված հաղորդավարուհին սկսել է լաց լինել:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 3.67 դրամով ու հասել 504.47 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.89 դրամով ու կազմել է 553.45 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.17 դրամով ու հասել 622.36 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքn աճել է 0.16 դրամով ու կազմել 6.46 դրամ։

Հայաստանում ապրիլի 1-ի գիշերը առանձին հատվածներում, իսկ օրվա կեսին մարզերի մեծ մասում, նաեւ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատեւ տեղումներ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +13+15:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը