News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի տեղեկություններով՝ վերջին ամիսներին ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության (խմբ– նախկինում ԴԱՀԿ) մի քանի տասնյակ աշխատակիցներ լքել են համակարգը ցածր աշխատավարձերի և պարգևավճարների նվազեցման պատճառով։ Բանն այն է, որ ծառայության հաստիքացուցակը հունվարից համալրվել է պայմանագրային ծառայողներով և այժմ պարգևատրումները տարածվում է նաև նրանց վրա։

Նշենք, որ ԴԱՀԿ ծառայողների թիվը նախորդ տարեվերջին գերազանցում էր 400–ը և պարգևավճարները բաշխվում էր նրանց միջև, իսկ պայմանագրայիններին ընդունելուց հետո ԴԱՀԿ–ում հաստիքների թիվը դարձել է շուրջ 620։ Արդյունքում հունվարից ի վեր շարքային ծառայողների մեծ մասի պարգևատրման գումարը չի գերազանցում աշխատավարձի 30%-ը։

NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից տեղեկացրեցին, որ 2020թ. հունվար և փետրվար ամիսներին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է 31 աշխատակից, մինչդեռ ամբողջ 2019–ի ընթացքում՝  ազատվածների թիվը 53 էր։

Ծառայությունը այս տարվա  մարտին թափուր պաշտոնները լրացնելու համար մրցույթ էր հայտարարել, որը, սակայն, չեղարկվել է՝ հաշվի առնելով հանրապետությունում տարածում գտած համավարակը։

Ծառայությունից միաժամանակ հետաքրքրվել էինք` որքան են կազմում պարգևավճարները և այդ գումարներից որքա՞նն է գոյացել ծառայության արտաբյուջետային միջոցների հաշվին։

Ի պատասխան մեր հարցման, ծառայությունից տեղեկացրել են, որ 2020 թվականի համար նախատեսված պարգևավճարների գումարը (նախատեսված է 400.3 մլն ՀՀ դրամ, որից 307.1 մլն ՀՀ դրամը՝ արտաբյուջետային միջոցների հաշվին) 2019 թվականի համեմատ պակասել է մոտ 7 տոկոսով, իսկ այս տարվա մարտ ամսից ծառայությունը արտաբյուջետային ֆոնդ չունի։

Նշենք, որ ծառայության աշխատակիցները 2019 թ. ընթացքում որպես պարգևավճար ստացել են 431.8 մլն ՀՀ դրամ, որից 336 մլն–ն՝ արտաբյուջետային միջոցների հաշվին։ Մինչդեռ 2018թ. ընթացքում վճարված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է  105.9 մլն ՀՀ դրամ, այսինքն վերջին երկու տարում պարգևավճարների չափը աճել է ավելի քան չորս անգամ։ Այս ցուցանիշները հերթական անգամ փաստում են, որ պետական համակարգում անհրաժեշտ է վերանայել աշխատավարձերի մեծությունը՝ միաժամանակ հրաժարվելով սուբյեկտիվ գործոններով պայմանավորված պարգևավճարներից։

Տպել
Ամենաշատ