
Եթե ավտոբուսները ձեռք բերեն 150 000 դոլարով, ապա մայրաքաղաքի տրանսպորտով, հաշվի առնելով նաեւ այժմյան պայմանները, գործնականում անհնար կլինի ապահովել 100 դրամով երթեւեկություն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
Նա հավելեց, որ երթեւեկության արժեքը կարող է բարձրանալ մինչեւ 300 դրամի, քանի որ ստիպված կլինեն մի քանի ավտոբուս փոխել նույն երթուղու վրա։
«Մենք ինքներս կարող էինք կազմակերպել ավտոբուսների հավաքում, որոնք առնվազն 3 անգամ ավելի էժան կլինեին, քան դրանց ներկրման դեպքում։ Բացի այդ, դա թույլ կտար յուրաքանչյուր 5 տարին մեկ թարմացնել տրանսպորտային պարկը։ Իմ առաջարկները դեռեւս արձագանք չեն գտել իշխանությունների մոտ՝ այն դեպքում, երբ Ադրբեջանում եւ Վրաստանում այդ ոլորտը թափ է հավաքում»,- նշեց Հովհաննիսյանը։