News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքից համացանցում շրջանառվում է տեսանյութ, որը որոշ օգտատերերի, այդ թվում Իրազեկ քաղաքացիական միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսիյանի կողմից ներկայացվում է՝ իբրև մեր քաղաքական թիմի և նախագահի թեկնածուներից մեկի կողմնակիցների միջև բախում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Նախ՝ դիտելով այդ տեսանյութը՝ պարզ երևում է, որ դրանում քաղաքական ոչ մի ենթատեքստ չկա, և ընդամենը մի քանի գինովցած երիտասարդի քաշքշուկ է:

Երկրորդ՝ Մուշ համայնքի մեր կուսակցական ընկերներից հավաստի տեղեկություն ստացա, որ դեպքը տեղի է ունեցել երեկ և դրանում ներգրավված երիտասարդները քաղաքական ոչ մի կողմնորոշում չունեն, առավել ևս՝ դեպքը ոչ մի քաղաքական ուժի կամ նախագահի թեկնածուի գրասենյակում կամ նախընտրական շտաբում տեղի չի ունեցել:

Երրորդ՝ միջադեպով զբաղվում է ոստիկանությունը, և, մեր տեղեկություններով, արդեն համապատասխան ընթացակարգ են սկսել այդ առթիվ:

Չորրորդ՝ մենք դատապարտում ենք բռնության ցանկացած դեպք՝ անկախ պատճառներից ու կատարողներից:

Հինգերորդ՝ մենք դատապարտում ենք քաղաքական ենթատեքստ ունեցող ցանկացած սադրանք:

Վեցերորդ՝ դապապարտելի է նաև այն մարդկանց գործելաոճը, ովքեր, օգտագործելով իրենց հանրային կամ քաղաքական դիրքն, առանց ճշտելու փաստերն ու տեղեկությունները, միակողմանի աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ փորձում են, այսպես կոչված, մեղադրանքներ ներկայացնել քաղաքական որևէ ուժի կամ գործչի հասցեին: Մի՛ խաբեք ժողովրդին ձեր շահարկումներով ու մանիպուլացիաներով»:

Մասիս Մայիլյանի գրասենյակից Գեղամ Բաղդասրյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց. «Նույն տեսանյութը ես էլ եմ տեսել, ինքս էլ փորձել եմ պարզել, հասկանալ ինչ է կատարվել։ Կապվել եմ Մարդու իրավունքների պաշտպանի հետ եւ խնդրել եմ, որ նա զբաղվի, այդքանը կարող եմ ասել»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Կարապետյանը տեղադրել տեսագրություններ եւ գրառում կատարել.

«Քաշաթաղում այս պահին կատարվում է հանցագործություն։ Նման գրառում է։ Արցախի հանրապետության ներքին գործերի նախարար գեներալ Լևոն Մնացականյանին հայտարարություն հանցագործության մասին։ Պարոն գեներալ հենց այս պահին Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում կատարվում է հանցագործություն՝ տես. տեսահոլովակները: ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները, գյուղապետ Պետրոս Ավետիսյանի ղեկավարությամբ հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա: Ծեծ ու ջարդ է հենց այս պահին»,– գրել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ