News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դատապարտելի է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաեւ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում իրադրության վերաբերյալ պարբերական կեղծ տեղեկատվության տարածումը, որի նպատակն է քողարկել կամ արդարացնել իր կողմից հրադադարի ռեժիմի եւ միջազգային հումանիտար իրավունքի խախտումները: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հիշեցնենք, որ մարտի 30-ին ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման հետեւանքով վիրավորում էին ստացել Տավուշի շրջանի Ոսկեվան բնակավայրի անչափահաս բնակիչը եւ երկու զինծառայողներ: Հարկ է ընդգծել, որ այս ռազմական միջադեպի ընթացքում ադրբեջանական զինված ստորաբաժանումները քաղաքացիական ենթակառուցվածքում թիրախավորել էին քաղաքացիական անձի՝ երեխայի, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է:

Ակնհայտորեն Ադրբեջանը փորձում է օգտագործել կորոնավիրուսի համավարակի տարածման հետեւանքով հակամարտության գոտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մշտադիտարկումների ժամանակավոր կասեցումը հրադադարի խախտումներ իրականացնելու եւ կեղծ տեղեկություններ տարածելու նպատակով:

Եվս մեկ անգամ ընդգծում ենք մեր հանձնառությունը` հարգելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչերը եւ այս ժամանակաշրջանում խստորեն պահպանելու հրադադարը եւ ձեռնպահ մնալու որեւէ սադրիչ գործողություններից:

Նշենք, որ նման իրադրություններում առավել ընդգծվում է ռիսկերի նվազեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների իրականացման եւ այդ նպատակով արդյունավետ միջազգային մեխանիզմների ստեղծման կարեւորությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ