News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 03
USD
482.49
EUR
539.28
RUB
7.02
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Այս գիշեր ցավալի դեպք է տեղի ունեցել: Աբովյանի բժշկական կենտրոնից Երևան տեղափոխված 47 տարեկան քաղաքացին ճանապարհին մահացել է:

Factor.am-ի տեղեկությունը  լրատվամիջոցի հետ զրույցում հաստատեց բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանը: Նա ասաց, որ քաղաքացին թոքաբորբ է ունեցել, իրենք ընդունել են գիշերը և մի քանի ժամ անց տեղափոխել են Երևան: «Ծանր թոքաբորբ է ունեցել, որը հաստատվել է ռենտգենով: Հետազոտություններով պարզվել է, որ ունի նաև պոլիօրգանային անբավարարություն։ Ծանր վիճակից կարգավորվել է ու տեղափոխվել Երևան: Գիտակցության խնդիր է ունեցել»,- մանրամասնեց ԲԿ տնօրենը։ Նրա փոխանցմամբ՝ հիվանդին շտապօգնությունը տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, բայց չեն ընդունել, քանի որ քաղաքացու մոտ կորոնավիրուս հաստատված չի եղել: Հիշեցնենք, որ Կառավարության վերջին նիստի ժամանակ հայտարարվեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է և բուժում է միայն կորոնավիրուսով վարակվածներին: «Տարել են այնտեղ, քանի որ այդ հիվանդանոցում ընդունում են միայն կորոնավիրուսով հաստատված դեպքերը, տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ և վատ վիճակով պայմանավորված՝ մահացել է»,- ասաց նա: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն էլ Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ շտապօգնությունը նախապես կապ չի հաստատել հիվանդանոցի հետ՝ մինչ քաղաքացուն տեղափոխելը. «Առանց զանգելու, ճշտելու՝ շտապօգնությունը բերել է մեզ մոտ, բայց քանի որ հաստատված կորոնավիրուս չի եղել, չեն ընդունել, որովհետև հրահանգված է ընդունել միայն նրանց»: Factor.am-ը Աբովյանի ԲԿ-ի տնօրեն Վարդան Մանուկյանից հետաքրքրվեց՝ ինչու՞ են թոքաբորբով հիվանդին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», երբ այն ընդունում է բացառապես կորոնավիրուսով վարակվածներին: «Ընդհանուր վիճակով և ծանրությամբ պայմանավորված՝ ավելի մոտիկ կլինիկա են տարել, բայց, փաստորեն, կլինիկան պատրաստ է եղել միայն հաստատված դեպքերն ընդունելու»,- պարզաբանեց նա: Վարդան Մանուկյանն ասաց, որ քաղաքացու մոտ կորոնավիրուս հաստատված չի եղել: Նա այս գիշեր է դիմել Աբովյանի ԲԿ, մի քանի ժամ անց որոշել են տեղափոխել Երևան, իսկ մինչ այս՝ մի քանի օր տանը բուժվել է թոքաբորբի դեմ՝ ընտանեկան բժշկի կողմից տրված ցուցումների համաձայն: Այնուհետ քաղաքացուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ժամը 04:00-ի հատվածում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Սակայն ԲԿ-ի ընդունարանում արձանագրվել է քաղաքացու կլինիկական մահը: «Քաղաքացուն բերել են, և նա միանգամից ընդունարանում մահացել է, մենք չենք հասցրել բուժօգնություն ցույց տալ: Չեմ կարող ասել, թե ինչ խնդիրներ է ունեցել, քանի որ ուղարկել ենք դատաբժշկական դիահերձման»,- ասաց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ