News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արցախի Պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, կիրակի երեկոյան հակառակորդի կրակոցից վիրավորվել է 20-ամյա զինծառայող Արայիկ Ռոբերտի Շախպազյանը: Նա տեղափոխվել է Երեւան։ Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը  NEWS.am-ին հայտնել է, որ զինծառայողի վիճակը  կայուն ծանր է։

Արարատի մարզի Պարույր Սեւակ հայանքի տարածքում կիրակի օրը  ականի պայթյունից երիտասարդ կին է վիրավորվել,  NEWS.am-ին հայտնել է համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը: Կինը բանջար հավաքելու էր գնացել սկեսուրի հետ: Կնոջը տեղափոխել են «Աստղիկ» հիվանդանոց, ամենայն հավանականությամբ, ոտքը կանդամահատեն»,- ասել է գյուղապետը` նշելով, որ 33-ամյա կինը 3 անչափահաս երեխաներ ունի:

Հայաստանում ապրիլի 6-ին՝ ժամը 11-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու  ընդամենը 11 նոր դեպք է գրանցվել, ինչն ինքնին լավ լուր է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ թեստավորվել է 263 քաղաքացի: Վարչապետի խոսքով՝ նախորդ օրերի համեմատ դինամիկայի եռակի նվազում ունենք: Փաշինյանն ասել է, որ ցավոք ունենք նաեւ վատ լուր. 68 տարեկան մեր հայրենակիցն է մահացել, երկկողմանի թոքաբորբ, որը ենթադրաբար կորոնավիրուսի հետեւանք է:  Ապրիլի 6-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 833 դեպք եւ 8 մահ:

Կորոնավիրուսով վարակված պացինետների մեծ մասը նույնիսկ ջերմություն չունի, բայց ունենք թոքաբորբ ունեցող 146 պացիենտ,  Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ նրա՝ ծանր վիճակում է 35 մարդ, նրանք դեռ ռեանիմացիոն չեն, բայց թթվածնի կարիք ունեն, որը նրանք ստանում են հիվանդանոցներում: Ծայրահեղ ծանր 8 հոգի ունենք, ասել է նա:

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 5 դեպք, այս մասին էլ հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Ըստ նրա՝  բոլոր դեպքերը փոխկապակցված են նախկինում հայտնաբերված դեպքերի հետ:

Կորոնավիրուս է հայտնաբերվել նաեւ ոստիկանության ծառայողների շրջանում: Ճեպազրույցում այս մասին հայտնել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: Փոխոստիկանապետը հիշեցրել է, որ ոստիկանական հոսպիտալը այն հաստատությունների թվում է, որոնք անցել են կորոնավիրուսով հիվանդների բուժման: Հիմա հոսպիտալում 83 պացիենտ կա:

«Red Wings» ավիաընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով Ռուսաստանից վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի 222 քաղաքացիներ են ժամանել:  ֆեյսբուքում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը գրել է, որ նրանք մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինային ռեժիմի մեջ:

Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու ոչինչ չունի, այս մասին հայտարարել է երրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը: Գրասենյակը գրություն է ստացել, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը, իր ընտրությամբ՝ ապրիլի 13-ին կամ 16-ին, ժամը 14-ին, լսումների նպատակով հրավիրված է Ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողով: 168.am-ի  հարցին, թե Սերժ Սարգսյանն ընդունե՞լ է հրավերը, գրասենյակի պատասխանատուն նշել է, որ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու ոչինչ չունի, այն էլ` ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմի վերաբերյալ: Հրավերն ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ նախկին նախագահը դեռ որոշում չի կայացրել:

Ես հպարտանում եմ «Իմ քայլը» խմբակցությունով: Քաղաքացիների հարցերին պատասխանելիս այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե ԱԺ իշխող մեծամասնության պատգամավորների մեծ մասը անիմաստ խոսող եւ ոչինչ չանող դեմքեր են, որոնցից մարդիկ հասցրել են հիասթափվել. «Գուցե նրանց մի մասին տուն ուղարկեք եւ նոր անձինք ներգրավեք ձեր թիմում»,- հարց է տվել քաղաքացին: Վարչապետն ասել է, թե պառլամենտ հենց նշանակում է խոսելու տեղ, թե այն կարեւոր ինստիտուտ է, շեշտել, որ իշխող խմբակցության լավագույն գնահատականը տվել է հարեւան Ադրբեջանը, որտեղ արտահերթ ընտրություններ են անցկացվել:

lՍահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով այսօր նշանակված առաջին դատական նիստը չի կայացել: Նրանց պաշտպանները՝ համավարակով պայմանավորված՝ միջնորդել են՝ նիստը հետաձգել: Չի կայացել նաեւ Պետական վերահսկողական ծառայության՝ կասեցված լիազորություններով, պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.42 դրամով եւ կազմել 501.55 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.48 դրամով ու կազմել  542.38 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.49 դրամով  ու կազմել 616.76 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով եւ հասել 6.58 դրամի։

Վաղը մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռներում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ին ու 8-ին աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում 12-15 աստիճանով։ Երեւանում անձրեւ կտեղա: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +8+10:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ